Հայաստանի ներսում եւ Հայաստանի շուրջ ստեղծված ներկա իրավիճակից դուրս գալու ուղին հայ ազգային, պետական եւ քաղաքակրթական արժեքներին ու չափորոշիչներին համապատասխան ազգային պետության կայացումն է։
Պետություն, որը
— քաղաքակրթական որոշում կկայացնի հայ ժողովրդի համազգային պաշտպանությունը կազմակերպելու վերաբերյալ, առաջին հերթին, կասեցնելու համար շուրջ 130 տարի ձգվող Հայերի Ցեղասպանությունը, ապահովելու հայ ժողովրդի ապրելու իրավունքը, հայրենիքում ապրելու, հայրենիքը պաշտպանելու իրավունքը,
— տեր կկանգնի 1918-1920 թթ․ հայ ժողովրդին տրված բոլոր իրավունքներին, այդ թվում, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի, սահմանազատման վերաբերյալ։
— Հայաստանում կհաստատի օրենք, իրավունք, օրինականություն, արդարություն։
Հայ ժողովուրդը միշտ ձգտել է դրան։ Հայ մարդը միշտ պայքարել է այդ նպատակներին հասնելու համար։ Դրանք իրականացնելու հույսը հայ մարդը պահպանել է այս բոլոր տարիներին, այդ թվում, եւ վերջին վեց տարիների ընթացքում։ Նույնիսկ այս սոսկալի պայմաններում, հակառակ խաղաղության կեղծ օրակարգ իրականացնող ներկայի ապազգային իշխանության քայքայիչ գործունեության։ Հակառակ ագրեսիայի, պատերազմի, շարունակվող Ցեղասպանության ու բռնագաղթի։ Հակառակ բոլոր կողմերից, ներսից ու դրսից, իրականացվող ամեն տեսակ ներպետական ու միջպետական չափանիշների հասնող անօրինականության ու ապօրինության։ Հակառակ այլանդակ ու ամոթալի չափերի հասնող տեղեկատվական պատերազմի, ահաբեկչության ու տեռորի։
Հիշեցնենք, որ 2024 թ․ մարտի 31-ի մեր ուղերձում նշել ենք, «Խստորեն դատապարտում ենք «Նիկոլ Փաշինյանի եւ նրա կակիստոկրատների գործունեությունը, ով յուրացրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը… Նա ոչ մի կերպ չի ներկայացնում համայն հայությանը եւ հայոց պետականությունը։ Իսկ բոլոր այն փաստաթղթերը, որոնք նա ստորագրել եւ ստորագրելու է եւ կամ համաձայնեցրել է մարդկայնության դեմ բազմաթիվ հանցագործություններ կատարած կողմերի հետ, ի վնաս հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության, ի սկզբանե չի կարող ունենալ իրավական հիմք եւ անվերապահորեն կչեղարկվի հայ ժողովրդի կողմից»։
Այս պահին, պետք է նաեւ հատուկ նշել, որ Հայաստան պետության (Արեւմտյան Հայաստանի Հանրապետություն) պաշտոնյաներին, պատգամավորներին, գործընկերներին հաջողվել է ձեւավորել հայ ազգային, պետական եւ քաղաքակրթական արժեքներին ու չափորոշիչներին համապատասխան ազգային պետություն — Հայաստան պետություն (Արեւմտյան Հայաստանի Հանրապետություն), որը 2018 թ․ հունվարից ձեռնարկել է պաշտպանության ուժերի կազմակերպման գործընթաց, 2018 թ․ մայիսից՝ հայ ժողովրդին տրված իրավունքների պաշտպանության, կյանքի կոչման եւ իրականացման գործընթաց։
Այս փաստը, այլեւս կայացած իրողություն է։
Այսինքն, անհավանական ու անկարելի չէ, որ Հայաստանի Հանրապետությունում նույնպես ձեւավորվի հայ ազգային, պետական եւ քաղաքակրթական արժեքներին ու չափորոշիչներին համապատասխան ազգային պետություն։
Մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում բոլոր այն ուժերին, ովքեր պայքար են սկսել ոչ իրավաչափ ու ապազգային այս խմբին իշխանությունից հեռացնելու եւ Հայաստանում ազգային պետություն կայացնելու նպատակով։
Հայ ժողովրդի թշնամիները ցանկանում են փակել Արցախի խնդիրը, իրականում բացել են պանդորայի արկղը․ մեկնարկել է Հայկական Հարցը վերջնական ու արդարացի կարգավորելու գործընթաց։
Մեր աչքերի առաջ սկզբնավորվում է հայ ազգային, պետական եւ քաղաքակրթական արժեքներն ու իրավունքները վճռականորեն պաշտպանելու գործընթաց․ հանուն արդարության, հանուն ազատ ու արժանապատիվ ապրելու, որի համար պայքարում հաղթանակը հայ ժողովրդինն է լինելու, անկասկած։
Մարտիկ Գասպարյան
Հայաստան պետության (Արեւմտյան Հայաստանի Հանրապետության) Նախագահ
Տիգրան Փաշաբեզյան
Հայաստան պետություն (Արեւմտյան Հայաստանի Հանրապետության) Վարչապետ
Արմեն Տեր-Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ
09 մայիսի, 2024 թ․