ԱՄՆ-ի հանդեպ Ալիևի արհամարհանքը հանդուրժելու պատրաստակամությունը որոշիչ է դարձել Բայդենի դարաշրջանում. Մայքլ Ռուբին

Ամերիկացի քաղաքական վերլուծաբան Մայքլ Ռուբինն իր «Բլինքենը՝ դիվանագիտությամբ չզբաղվելու օրինակ» հոդվածում կտրուկ քննադատել է ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի վարչակազմի դիվանագիտական ​​ունակությունները՝ իբրև օրինակ բերելով Վաշինգտոնի և Բաքվի հարաբերությունները։

«2020 թվականի դեկտեմբերին՝ նախագահ Իլհամ Ալիևի՝ Լեռնային Ղարաբաղի գրավման առաջին փուլի ավարտից ընդամենը մեկ ամիս անց, ճգնաժամի հարցերով ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետ Էնդրյու Շոֆերն այցելել էր Երևան և Բաքու։ Ալիևն ուղիղ եթերում նվաստացրել է Շոֆերին՝ պարծենալով, թե Ադրբեջանի ռազմական հզորությունը հասել է մի բանի, ինչին չի հաջողվել հասնելու ամերիկյան դիվանագիտությանը, ապա նրան հարցրել է՝ «Ինչո՞ւ ես այստեղ»:

Վերլուծաբանը նշել է, որ թեև այս դրվագը պետք է ազդեր պաշտոնը նոր ստանձնած ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Ադրբեջանի հանդեպ նրա մոտեցման վրա, սակայն, ավաղ, ԱՄՆ-ի հանդեպ Ալիևի արհամարհանքը հանդուրժելու պատրաստակամությունը որոշիչ է դարձել Բայդենի դարաշրջանում։

«Նվաստացումների ցանկը կարելի է երկար շարունակել։ Երբ 2023 թվականի հունիսին ադրբեջանցի դիպուկահարները թիրախավորեցին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Երասխ նախագիծը՝ սպանելով հնդիկ բանվորին, Բլինքենը և USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերը ծպտուն չհանեցին», -ընդգծել է փորձագետը։

Մայքլ Ռուբինն անդրադարձել է նաեւ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի` Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում արված հայտարարությանը, ըստ որի՝ «ԱՄՆ-ն չի հանդուրժի Ադրբեջանի կողմից որեւէ ռազմական հարձակում»։

«Մի քանի օր անց Ադրբեջանն իր անօդաչու սարքերն ու տանկերն ուղարկեց տարածաշրջան՝ ջնջելու տարածաշրջանի 1700-ամյա քրիստոնեական պատմությունը»,- հիշեցնում է Մայքլ Ռուբինը` չմոռանալով նշել Վաշինգտոնի չափազանց թույլ արձագանքը:

«Փաուերը, որի իշխանության գալը բխում էր անցյալ ցեղասպանության դեմ պայքարում Ամերիկայի անգործության ցինիզմի և անբարոյականության քննադատությունից, պատասխանեց՝ Հայաստան այցով ՝ Ցեղասպանության հուշահամալիրում ծաղկեպսակ դնելու: Սակայն դա անկեղծորեն անելու փոխարեն նա իր հետ նկարահանող խումբ էր տարել՝ իր այցը փաստելու համար»,- գրում է վերլուծաբանը։

Ըստ ամերիկացի փորձագետի՝ քննադատությունների աճին զուգընթաց Բլինքենը և Փաուերը հանդիպել էին եվրոպացի գործընկերների հետ՝ Լեռնային Ղարաբաղից փախստականների համար օգնության փաթեթ մշակելու համար: «Ավաղ, Բլինքենը և Փաուերը գումարի մեծ մասը հատկացրել են կլիմայի փոփոխությանը և ԼԳԲՏ խնդիրներին, որոնք հազիվ թե փախստականների ցանկում առաջին հորիզոնականում լինեին: Ալիևն էլ արձագանքեց այնպես, ինչպես ընդունակ են արձագանքելու միայն բռնապետերը. իր զորքերը մտցրեց Հայաստանի տարածքի խորքերը»,- ընդգծել է հոդվածի հեղինակը։

Ըստ Ռուբինի՝ «հենց Պետդեպարտամենտն ընկնում է փոսի մեջ, Բլինքենը փորելով հանում է նրան այնտեղից»։

«Նույն շաբաթվա մեջ, երբ արդարադատության նախարարությունը Ադրբեջանի անունից մեղադրանք ներկայացրեց ներկայացուցիչ Հենրի Կուելարին՝ նրա գրասենյակի ենթադրյալ կոռուպցիայի համար, Բլինքենը Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբիին գործուղեց ադրբեջանական ուժերի կողմից էթնիկապես զտված հնագույն հայկական Շուշի քաղաք: Զենքերի լռությունից հետո արված արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ Ադրբեջանը շարունակում է եկեղեցիներ քանդել»,- գրում է քաղաքագետը։

Ամերիկացի փորձագետը նշել է որ այն նույն ժամանակ, երբ Ֆրանսիան Բաքվից հետ է կանչել իր դեսպանին նման վայրագությունների պատճառով, ԱՄՆ դեսպանն այսօր հանդես է գալիս ցեղասպանության և եկեղեցիների ավերման օգտին։

«Ինչպես Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարեթ Թետչերը նախազգուշացրեց նախագահ Ջորջ Բուշին Իրաքի՝ Քուվեյթ ներխուժումից առաջ. «Մի թույլ տուր որ քեզ տարհամոզեն, Ջորջ», ֆրանսիացիները Բայդենին և Բլինքենին ցույց են տալիս «կարծր բնավորություն» արտահայտության իմաստը: Ցավոք սրտի, ագրեսիայի և անհիմն  հակաամերիկաբանության դեմ հանդիման՝ Բայդենի թիմն ամբողջովին անողնաշար է դառնում»,- գրել է Մայքլ Ռուբինը։