Պաշտոնական տեսակետ: Արցախի նախագահի խորհրդական. «Արցախը լուծարելու մասին հրամանագիրն այլևս գոյություն չունի, հունվարի 1 -ից այն չի լուծարվելու»

Արցախը լուծարելու մասին հրամանագիրն այլևս գոյություն չունի, «Ազատության» հետ զրույցում պնդեց Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը, ընդգծելով, որ դրա համար հիմք է հանդիսանում նախագահի հոկտեմբերի 19-ի հրամանագիրը, համաձայն որի Արցախի նախագահը, պետնախարարը, կառավարության անդամները, խորհրդարանը, անվտանգության խորհրդի քարտուղարը, իրավապահ մարմինները, Ստեփանափակերտի քաղաքապետը ու վարչական շրջանների ղեկավարները շարունակում են պաշտոնավարել՝ հասարակական հիմունքներով, այսինքն՝ առանց վարձատրության։

Շահրամանյանի այդ հրամանագրում նաև նշվում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից հետո Արցախի Հանրապետության անունից տրվող փաստաթղթերը վավերական են:

Արդյո՞ք սա նշանակում է, որ Արցախը լուծարելու մասին սեպտեմբերի 28-ի իր հրամանագիրը չեղարկելու վերաբերյալ նոր հրամանագիր Սամվել Շահրամանյանն այլևս չի ստորագրի։ Չսպասե՞լ նոր հրամանագիր։

Ո՛չ, սպասելու կարիք չկա։ Քանի որ Արցախը լուծարելու որոշումը եղել է ոչ իրավաչափ և դրանից հետո ընդունվել է հոկտեմբերի 19-ի հրամանագիրը, և նաև ընդունվել են մի շարք իրավական նորմատիվ ակտեր, դա ենթադրում է, որ Արցախի Հանրապետությունը 2024-ից հետո լինելու է։

Իրավական խնդիրներ չեն լինելո՞ւ, դուք այս հարցը քննարկե՞լ եք իրավաբանների հետ։

Իհարկե այդ ամենը քննարկվել է։ Մենք կարող ենք համարել, որ այլևս սեպտեմբերի 28-ի հրամանագիրը գոյություն չունի։