Ֆրանսիական Դիմադրության շարժման հայազգի առաջնորդ Միսաք Մանուշյանի աճյունը կվերահուղարկավորեն Փարիզի պանթեոնում, հաղորդում է Day Fr Euro-ն: Նախագիծը մշակվել է մի քանի ամսվա ընթացքում։ Այժմ այն դարձել է պաշտոնական: Հունիսի 18-ին Ելիսեյան պալատը պետք է հայտարարի հերոս Միսաք Մանուշյանի՝ պանթեոն մտնելու մասին, նշում են լրատվամիջոցները: 1906 թվականին ծնված հայ բանաստեղծը գնդակահարվել է Մոն Վալերիանում 1944 թվականի փետրվարի 21-ին: Եվ հենց 2024 թվականի փետրվարի 21-ին՝ մահվան դատավճռից 80 տարի անց, նա կստանա ազգի բարձրագույն պարգեւը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Միսաք Մանուշյանը ներկայացված էր քարոզչության հայտնի «կարմիր պաստառի» վրա, որը զանգվածաբար փակցվել էր գերմանացիների կողմից՝ որպես «հանցավորության բանակի» առաջնորդ:
«Բավական է ասել, որ փետրվարին նրա պանթեոնացումը որեւէ հարց չի առաջացնի, երբ նա միանա Վիկտոր Հյուգոյին, Ժան Ժորեսին կամ Ժան Մուլենին: Եթե ինչ-որ մեկն արժանի է մտնել այնտեղ, ապա դա նա է»,-պարզաբանում է Ժան-Պիեռ Սաքունը, ով ծանոթ է Մանուշյանի աճյունի վերահուղարկավորման մասին հայտին։ 2021 թվականին Սաքունը ստեղծել է լայն սպեկտրի հովանավորչական կոմիտե, որում ընդգրկված են Մանուշյանի թոռնուհին՝ Կատյա Գիրագոսյանը, պատմաբան Դենի Պեսչանսկին, Դիմադրության մասնագետ, սենատոր Պիեռ Օզուլյասը եւ Վալանսի քաղաքապետ Նիկոլյա Դարագոնը։
Ուրբաթ կեսօրին Ելիսեյան պալատում նրանցից չորսին ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Մանուշյանը Հայոց ցեղասպանությունը վերապրած, կոմունիստ, Դիմադրության մարտիկ, Ֆրանսիային սիրահարված օտարերկրացի է եւ սիրահար այն ունիվերսալ արժեքներին, որոնք Ֆրանսիան կրում է հեղափոխության ժամանակներից ի վեր՝ իբրեւ մարդու իրավունքների հայրենիք»,-ասում է պատմաբան Դենի Պեսչանսկին։