«Արաբո» ջոկատի հրամանատար. «Մենք պետք է տոտալ մոբիլիզացիա հայտարարենք, եկեղեցիները պետք է զանգերը խփեն»

Մենք պետք է տոտալ մոբիլիզացիա հայտարարենք, եկեղեցիները պետք է զանգերը խփեն, հավաքվենք հայերով, վերջ տանք այս ամեն ինչին, ամոթ է, մեզ չեն հարգում քաղաքական դաշտում, մեզ դրել են անողնաշար ժողորդի տեղ Այս մասին  ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը՝ անդրադառնալով Հայաստանի եւ Արցախի շուրջ ստեղծված անվտանգային ծանր եւ լարված վիճակին:

«Շատ ծանր իրավիճակ է ստեղծվել., ելքը ես էլ չգիտեմ, այնպես էն խճճել իրավիճակը, քանի որ մոտ էլ չեմ կանգնած իրավիճակին, չեմ կարողանում պատկերացնել՝ ինչ են արել, ինչպես են խճճել ամեն ինչ: Մենք պետք է ունենանք ուժեղ Հայաստան, ոչ մի այլ ելք գոյություն չունի, մենք պետք է տոտալ մոբիլիզացիա հայտարարենք, եկեղեցիները պետք է զանգերը խփեն, հավաքվենք հայերով, վերջ տանք այս ամեն ինչին, ամոթ է, մեզ չեն հարգում քաղաքական դաշտում, մեզ դրել են անողնաշար ժողորդի տեղ»,-ասաց նա:

Եղիազարյանի խոսքով՝ Արցախում կարող են պայքարել եւ հաջողել միայն այն դեպքում, եթե Հայաստանը կանգնի Արցախի կողքին:

«Եթե այնտեղ ու այստեղ մարդիկ ոտքի կանգնեն, աշխարհը կցնցվի, կհասկանան որ մարդիկ պայքարում են իրենց կյանքի իրավունքի համար, նոր այդ ժամանակ մարդիկ կնստեն սեղանի շուրջ մեզ հետ: Մենք Սարդարապատում հաղթեցինք, որովհետեւ մարդիկ գիտակցում էին, որ վտնագված է իրենց ու իրենց երեխաների կյանքը, հիմա մենք նույն իրավիճակում ենք հայտնվել: Հիմա մենք բոլորս ամեն ինչ պետք է թողնենք մի կողմ եւ հավաքվենք իրար գլխի»,-ասաց նա:

Նրա կարծիքով՝ ժողովուրդն ուզում է խաղաղություն, սակայն արժանապատիվ խաղաղության մեջ է ցանկանում ապրել:

Եղիազարյանի խոսքով՝ 90-ականներին էլ էր հասարակության մեջ նման տրամադրություններ տիրում, սական այն ժամանակ պայքարը կազմակերպողներ կային, այնինչ հիմա կազմակերպող չկա. «Մենք ոչ թե ուզում ենք Ադրբեջանին հաղթել, այլ մենք չենք ուզում պարտվել ու չենք պարտվել ու ես ներքին զգացողություն ունեմ, որ այս վիճակից դուրս ենք գալու»: