Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Արթուր Խաչիկյան. Թուրքերն ուզում են իրենց զորքերը Սյունիք մտցնել. «Զանգեզուրի միջանցքի» մասին

«Զանգեզուրի միջանցքը» կոմունիկացիաների հարց չէ, եթե նրանք ուզենան, շատ լավ կարող են Իրանի տարածքով այդ բեռնատարները տանել, սա տրանսպորտի հարց չէ, նրանք ուզում են այդ տարածքը վերցնել եւ Հայաստանին զրկել ուղիղ կապից Իրանի հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոտկոր Արթուր Խաչիկյանը:

«Դրանից հետո Հայաստանը ոչնչանալու է, ռուսները դուրս են գալու, Դրանով կատարվելու է Թուրքիայի, Ադրբեջանի եւ Արեւմուտքի երազանքը»,-ասաց նա:

 

Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությանը, թե «Զանգեզուրի միջանցքին» ավելի շատ խոչընդոտում է Իրանը, ոչ թե Հայաստանը, Արթուր Խաչիկյանն ասաց. «Եթե Հայաստանի ղեկավարությունը չի ընդունում, որ դա էքստերիտորիալ լինի, դա ճիշտ է, այդպես պետք է արվի: Ռուսաստանը նույնպես ասում է, որ դա լինելու է Հայաստանի տարածք, չի լինելու ՀՀ-ից դուրս:

Երեւի այստեղ փուլեր կան, սկզբից երեւի լինելու է ինչ-որ տրանսպորտային կապ, համարվելու է ՀՀ տարածք: Դրանից հետո լինելու է երկաթուղի, հետո կարող է ադրբեջանցիները հետ գան, իսկ դրանից հետո կարող են պատրվակ ստեղծել եւ անցնել էքստերիտորիալ կարգավիճակի եւ այնտեղ թուրքական զորքեր մտնեն, եւ նրանք էլ երբեք դուրս չեն գա:

Թուրքերը արդեն երկար ժամանակ Սիրիայում նստած են եւ ոչ ոք իրենց բան չի ասում: Նույնկերպ կարող են Սյունիք մտնել, ու գուցե, սա է Իրանի մտավախությունը:

Այսինքն սա Սյունիքի ոչնչացման հարցն է, որպեսզի Հայաստանը կապ չունենա Իրանի հետ: Դրանից մի քանի տարի հետո Հայաստանը կանհետանա, այլեւս Հայաստան չի լինի, կստեղծվի մեծ Թուրքիա՝ Ստամբուլից մինչեւ Բաքու, եւ Բաքուն ու Անկարան Արեւմուտքին կարող են բացատրել, որ եթե դուք ուզում եք, որ մենք պայքարենք Իրանի դեմ, մեզ օգնեք, որ մենք ուժեղանանք, այստեղ լինեն ձեր բազաները, հայերը չլինեն, Ռուսաստանը դուրս գա էստեղից, Ռուսաստանն ու Իրանը կապ չունենան իրար հետ: Դա 100 տոկոս համապատասխանում է Արեւմուտքի շահերին»: