Հնարավոր է, որ Վաշինգտոնը որոշ երաշխիքներ պահանջեց Ադրբեջանից արցախցիների անվտանգության համար, եւ սա ադրբեջանցիների պատասխանն էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանը նախօրեին դիմեց սադրանքի, ապա ամբողջությամբ փակեց Լաչինի միջանցքը, այդ թվում Կարմիր խաչի եւ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ փոխադրումների համար:
«Նրանք ամեն ինչ անում են ուժով, Թուրքիան իրենց մեջքին կանգնած է: Սա թուրքական դիվանագիտության ոճն է: Նրանք 5-6 տարի առաջ իրենց այսպես չէին պահում: Նրանք ուզում են խեղդել Արցախը եւ սկսել հայոց ցեղասպանության հաջորդ էջը, որից մենք փաստորեն համաձայնում ենք»,-ասաց նա:
Խաչիկյանի խոսքով, Ադրբեջանը փորձում է ուժով լուծել այս հարցը. «Հնարավոր է՝ Արեւմուտքը փորձեց ինչ-որ բան հայերին տալ, ինչ-որ բանում պաշտպանել, չնայած դա էլ ենթադրություն է, բայց Ադրբեջանը երեւի չի ուզում զիջել, դրա համար ուժով են ուզում լուծել»:
Անդրադառնալով ռուսական մամուլի հրապարակմանը, ըստ որի, ԱՄՆ-ն վերջնագրի տեսքով ստիպում է ԼՂ-ի ներկայացուցիչներին հանդիպել Ադրբեջանի հետ երրորդ երկրում՝ ամերիկացի կուրատորի մասնակցությամբ, իսկ հրաժարվելու դեպքում Ստեփանակերտին սպառնում են ադրբեջանական «հակաահաբեկչական գործողությամբ», Խաչիկյանն ասաց. «Հաշվի առնելով, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պատերազմում են միմյանց դեմ, ռուսական աղբյուրները ԱՄՆ-ի մասին համարել օբյեկտիվ, երեւի զգույշ պետք է վերաբերվել: Եթե կան չեզոք աղբյուրներ, որ նույն բանն են ասում, ուրեմն ինչ-որ բան կա: Բայց հնարավոր է, որ սա ՌԴ-ի տեսակետն է, իսկ ՌԴ-ն ԱՄՆ-ի բարեկամը չէ: Բայց ակնհայտ է, որ ԱՄՆ-ն ցանկանում է, որ Արցախի հարցը լուծվի ու փակվի: ԱՄՆ-ն չասաց, որ որեւէ երաշխիք է տալու Արցախին, իսկ Բորելն էլ երեք օր առաջ ասաց՝ մենք որեւէ ձեւով չենք կարող պաշտպանել արցախցիներին, որը բացարձակ սուտ է: Նրանք շատ լավ էլ կարող են, եթե ուզենան, կարող են սկսել սանկցիաներից, բայց չեն ուզում անել»:
Ինչ վերաբերում է Ստեփանակերտ-Բաքու երկխոսությանը, քաղաքագետը կարծիք հայտնեց, որ դա լինելու է հանձնման պլան, թե ով է հանձնվելու, ով է ձերբակալվելու, ում բաց կթողնեն, ում կխոշտանգեն, ում թույլ կտան, որ դուրս գա Արցախին. «Ադրբեջանը չի բանակցելու Արցախի հետ որպես ինչ-որ միավոր, միջազգային սուբյեկտ: Նրանք ասելու են, թե ինչպես են պահանջում, որ նրանք հանձնվեն»: