«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ապօրինի փակման հարցի վերաբերյալ. «Առաջն Աստված» + VIDEO

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը Հայաստանի Հանրապետության տարեկիցն է ու տարեգիրը:

Այս տարի կլրանա Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 33 տարին:

Այս տարի «Հայաստանի Հանրապետությունը» կարող էր բոլորել հիմնադրման 33 ամյակը:

Ավաղ…

«Հայաստնի Հանրապետություն» պաշտոնաթերթի լուծարման, անէացման որոշման մասին ամենավերջինն իմացանք մենք՝ «ՀՀ»-ի խմբագիրն ու խմբագրակազմը…

Անարդա՞ր է.

Այո՛:

Անշո՛ւշտ:

 

Ես հիմա չեմ ցանկանում վերջին խմբագրականով սեւացնել թերթի էջերը, քանզի մեր թերթի էջերից միշտ լույս է ճառագել մեր Հայրենիքի, մեր Պետության, մեր Պետականության, մեր Ազգի, աշխարհասփյուռ հայության համար… հայության կողմից:

Մեր թերթի էջերից հայ մեղեդին երգել է, պոեզիան հնչել է, միտքը թեւածել, ու զինվորը կռվել է:

Մենք չենք փորձել հաճոյանալ որեւէ անհատի, անձի, դիրքի… մենք հաճոյացել ենք գաղափարին, դավանանքին, հույսին, հավատին ու սիրուն:

33 տարի ապրած իր կյանքում մեր թերթը մաքառել է, մեր թերթը երազել է, մեր թերթը կայացել է, մեր թերթը կայացրել է Հայաստանի Հանրապետությունը, կռվել ու հաշտվել է, գրոհել ու նվաճել է, ի վերջո Հաղթել ու Հաղթանակել է:

Եւ մենք այսօր հրաժեշտ չենք տալիս Հայաստնի Հանրապետությանը, զի դա կլիներ վերջը մեր բոլորիս ազգային իղձի ու նվաճումի՝ մեր պետականության: Չի կարող հրաժեշտ տալ «Հայաստանի Հանրապետություն» անունը կրող ոչինչ:

Վաղվանից դուք կրպակներում չեք գտնի «Հայաստանի Հանրապետություն» գլխագրով օրաթերթը, սակայն մեզ փնտրեք նույնանուն գաղափարի մեջ, տողատակերում, ձեր աչքերի փայլի մեջ, ձեր ականջներում հնչող հորովելի մեջ, մտքերում ու Այբուբենի մեջ: ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ: Ազգային իղձերում: Ձգտումներում: Նպատակասլացության մեջ: Անաղարտության ու անեղծության մեջ:

Եվ, վերջապես մեզ կգտնեք փակագծերում, որտեղ գրվում են կյանքի ընթացքի ամենակարեւոր տողերը:

Առաջիկայում մեր խմբագրակազմնը իր գրագետ, իրական մտավորական, հայրենասեր զինվոր ու ռամիկ ընթերցողին կներկայանա նոր նախաձեռնությամբ՝ hhtert.am կայքի միջոցով, իսկ այնուհետեւ, եթե Աստծո նախախնամությունը լինի, նաեւ՝ թերթի ձեւաչափով:

Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ-պաշտոնաթերթի հիմնադիր խմբագիր, երջանկահիշատակ Այդին Մորիկյանին, ով մտավորական եւ պետական գործիչ էր Մեծատառով: Հաջորդ բոլոր խմբագիրներին, թերթի բոլոր տարիների բոլոր աշխատակիցներին:

… Թերթի հաջորդ խմբագրին մաղթում եմ կամք ու կորով՝ ի՛ր ժամանակի զարկերակը զգալու, եւ, տա Աստված, իր ղեկավարած թերթը միտված լինի միայն մեր երկրի տնտեսական, գիտական ու մշակութային զարգացման հեռանկարներին:

Արթուր ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ

«Հայաստանի Հանրապետություն» թերթի

առայժմ վերջին գլխավոր խմբագիր

ՀՀ Թերթ