«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ապօրինի փակման հարցի վերաբերյալ. «Երբ իշխանությունը կրակում է իր ոտքերին…» + VIDEO

Ասում են Հայաստանում հեղափոխություն է եղել, համազգային մի շարժում, որը պիտի լիներ նույն ազգի արժեքները վերարժևորող, դրանք հավուր պատշաճի գնահատող և համաշխարհային արժեքների շարքում իր ուրույն տեղում տեղավորող արդարադատություն։ Հեղափոխությունը պիտի արդար դատաստան տեսներ ազգն ու երկիրը կեղեքողնորի նկատմամբ, նրանց թալանածը “կոպեկ առ կոպեկ” հետ բերեր ու լցներ այդ օրերին փողոցներն ընկած մարդկանց գրպաներն ու տները, աշխատատեղեր բացեր` նորմալ աշխատավարձերով, և զարկ տար երկրի տնտեսության զարգացմանը։

Այս ամենին բոլորս էինք հավատում և հավատով սպասում… ոմանք երկար, նույնիսկ կուրորեն` մինչև հիմա, իսկ ահա անձամբ ինձ մոտ այն սկսեց աստիճանաբար մարել 2018 թվականի հունիսի մեկից սկսած, երբ “քայլ առ քայլ” ամբոխի վերածված ժողովուրդը նորից փողոցներն ընկավ` այս անգամ արդեն նշելու “փրկչի” ծննդյան օրը։

Եվ այս ամենի զավեշտալին այն է, որ վերջինս էլ ո՜չ միայն չմերժեց ու չարգելեց, այլև հենց ինքը նույնպես միացավ իր իսկ մեծարման պաշտամունքի խրախճանքին։ Այսպես ահա, թագավորի գահին բազմելուց ընդամենը 24 օր հետո, կասկածամտությունն աստիճանաբար սկսեց դիրքավորվել իմ մեջ` գնալով էլ ավելի ամրապնդելով իր դիրքերը։

Այդ 24 օրերի ընթացքում, շատերս բնականաբար դարձանք վարչապետներ (փրկչի ասածները սրտներիս մոտ էինք ընդունել), նախարարներ, մասնագետներ և էլի ինչ ասես` ամենքս մեր հերթին, բարի մղումով խորհուրդներ շռայլելով նորընտիր իշխանություններին։ Այդ խորհուրդներն անմիջական էին, երազկոտ ու անշահախնդիր` լի ուժեղ ու զարգացած երկիր ունենալու բարի ցանկությամբ։

Անձամբ իմ բազմաթիվ խորհուրդներից ու ցանկություններից, հիմա, երբ այդ, այսպես կոչված հեղափոխությունից անցել է արդեն 5 տարի, ես հաճախ հիշում եմ ռոմանտիզմով լեցուն մի խորհուրդ, որով ժողովրդին հորդորում էի, հնարավորության դեպքում, թերթ գնել։ Ես հավատում էի, որ շուտով պիտի գար այդ ժամանակը, և ժողովուրդը թերթ գնելու գումար ու ցանկություն պիտի ունենար։ Թերթն, իրականում, արժե ընդամենը 100 դրամ, և խնդիրն այստեղ փող ունենալու կամ չունենալու մեջ չէ, այլ կոնկրետ թերթ գնելու համար գումար և ցանկություն ունենալու մեջ։ Ինձ համար թերթ գնելն ավելորդ անհրաժեշտություն է, նման` ծաղիկ նվիրելու գեղեցիկ երևույթին. ընդամենը մեկ կամ մի քանի օր հետո երկուսն էլ հայտնվում են նույն տեղում` կորցնելով իրենց արդիականությունն ու թարմությունը։ Այդուհանդերձ, թերթ գնելն ինձ համար երկրի զարգացման առհավատչյան է. եթե դու թերթ ես գնում ու կարդում ես այն, ուրեմն ունես գումար, ցանկություն և ժամանակ դրա համար, և, որ ամենակարևորն է, մտահոգ ես ազգային և միջազգային անցուդարձերից։

Իմ մանկության հուշերում վառ է տպավորվել մի տեսարան. մեր բակում մի կրպակ կար, որտեղից մարդիկ, հիմնականում մեծահասակները, թերթ էին գնում, նստում դիմացի նստարաններին և քննարկում աշխարհքիս բանը։ Նրանց մեջ էր նաև հայրս, ով, բուռն զրույցից ու քննարկումներից հետո, տուն էր վերադառնում` թերթերի մի ամբողջ փաթեթ ձեռքին։ Այս ավանդույթ դարձած սովորությունը ժամանակի ընթացքում անցյալ դարձավ. Խորհրդային Միության փլուզումն ու պատերազմի բովով և երկրաշարժի փլատակներով դեպի անկախացում շարժվող Հայաստանի ծայրագույն վիճակը բազում ավանդույթներ ու սովորույթներ, այդ թվում նաև` թերթ գնելն ու ծաղիկ նվիրելը, հետին պլան մղեցին։ Երբ միջին վիճակագրական քաղաքացին դադարում է թերթ գնել, ուրեմն երկրի տնտեսության հետ, մեղմ ասած, ինչ-որ բան այն չէ։ Իսկ երբ ահա թերթ կամ այլ լրատվամիջոց է փակվում, արդեն սկսում են ջրի երես ելնել ճգնաժամի նախանշանները։

Ի դեպ, նման իրավիճակ ստեղծվեց նաև Եվրոպայում 2008 թվականին սկիզբ առած տնտեսական ճգնաժամի տարիներին, երբ մեկը մյուսի հետևից սկսեցին փակվել թերթեր ու բազմաթիվ այլ լրատվամիջոցներ` այդ թվում նաև` հեռուստաալիքներ։

Այսօրվանից Հայաստանի հանրապետությունում այլեւս չի հրատարակվելու “Հայաստանի հանրապետություն” օրաթերթը։ Մենք գիտակցու՞մ ենք, արդյոք, թե դեպի ու՜ր են տանում մեր երկիրը։ “Հայաստանի հանրապետություն”-ը պաշտոնաթերթ է, արտահայտում է իշխանության և, առաջին հերթին, պետության շահերը։ Հիմա նույն իշխանությունը փակում է իր իսկ պաշտոնաթերթը. սա, եթե ոչ ինքնասպանություն, այլ, գոնե, սեփական ոտքին կրակել է։ Այլևս հասկանալի է, որ փակելու պատճառը ոչ թե թերթի ծախսատար լինելու մեջ պետք է փնտրել, մի բան, որը ցանկանում է պնդել կառավարությունը, այլև թերթում պարբերաբար տեղ գտնող ազգային, հայրենասիրական և հայապահպան նյութերի մեջ, որոնցից, իհարկե, հայրենասիրության զգացումով տոգորված խմբագրակազմը ոչ մի կերպ չի ցանկացել հրաժարվել` ի հեճուկս կառավարության անդադար հորդորների։

Օրերս ԿԳՄՍ նախարարությունում էի. մեր դպրոցի համար գրքեր էին անհրաժեշտ։ Պետք է դիմում գրեի նախարարին։ Եվ ահա աշխատակիցներից մեկն ինձ հորդորում է դիմումի մեջ չշեշտադրել հայրենասիրությունն ու հայապահպանությունը։ Ամեն ինչ պարզ է, չէ՞. հայրենասիրությունը վտանգավոր համարող նախարարը չի կարող հանդուրժել Հայաստանի Հանրապետության երկվորյակ և համանուն եղբայր “Հայաստանի հանրապետության” հայանպաստ և ազգանվեր գործունեությունը։ Այդ իսկ պատճառով էլ թերթը փակվում է։

Ասում են` Հայաստանում հեղափոխություն է եղել։ Տարիներ անց պատմության էջերում կկարդանք, որ այդ հեղափոխություն կոչվածը պատուհաս եղավ հայ ժողովրդի գլխին. փակվեցին դպրոցներ, թատրոններ, մշակութային կենտրոններ, հեռուստատեսություններ, թերթեր… տրորվեցին ազգային արժեքները, գլխատվեց հայ մշակույթը, կրթությունը չափորոշվեց հեղափոխականների փչացած ու ազգակործան մտքերով։

Մի ողջ ոսկե սերունդ գլխատվեց, եկող սերունդները կորցրեցին ազգային հիշողությունը և երկիրն ու պետությունը տարան կործանման։

Արարատ Ղուկասյան

Իսպանիայի Արարատ հայկական միության նախագահ

ORER.eu

***

VIDEO — Սամվել ՇԱՀԻՆՅԱՆԸ. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի փակման մասին կարծիք