Թուրքիան ցանկանում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունները տեղափոխել երկու երկրների մայրաքաղաքներ։ Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը պատրաստ է այցելել Երեւան եւ այնտեղ հանդիպել գործընկերոջը՝ Ռուբեն Ռուբինյանին, թուրքական դիվանագիտական աղբյուրին հղումով գրել է Middle East Eye-ը։
Սա թուրքական նախապայմանների փաթեթն է, որը ներկայացվել է Հայաստանին։ Դա ենթադրում է 1921 թ․ Կարսի ռուս-թուրքական պայմանագրի եւ ըստ այդմ Թուրքիայի սահմանների ճանաչում Հայաստանի կողմից, ընդլայնված՝ Բաքվին Արցախի եւ Նախիջեւանի պատկանելության ճանաչմամբ։ Հայաստանի տարածքով նախատեսվում են մի քանի «միջանցքներ» երրորդ երկրների քաղաքացիների համար։
1921 թ․ Մոսկվա/Կարսի ռուս-թուրքական անօրինական պայմանագրերով Հայաստանի Հանրապետության Կարս-Արդահանի, Իգդիրի, Արարատ լեռան շրջանները անցել են Թուրքիայի Հանրապետությանը, Նախիջեւանը որպես հայկական ինքնավարություն ժամանակավորապես հանձնվել է Բաքվի պրոտեկտորատին։ Արցախը Մոսկվան նվիրել է Բաքվին 1923 թ․։ Այսինքն, Հայաստանը պետք է ճանաչի 1920-1921 թթ․ ռուս-թուրքական օկուպացիայի եւ մասնատման, ինչպես նաեւ 2020-ի ռուս-թուրքական ռազմական արշավի արդյունքները։
Միեւնույն ժամանակ, իրավիճակը կարելի է դիտարկել հակառակ կողմից՝ թուրքական նախապայմանների այս հաստ փաթեթը ցույց է տալիս այդ երկրի խոցելի վիճակը եւ կախվածությունը Երեւանի ստորագրությունից։ Մոսկվա/Կարսի անօրինական պայմանագրերի իրավական առավելագույն ժամկետը սպառված է, եւ հայերի արյան ու տարածքների վրա ստեղծված Թուրքիան կանգնած է ավազե սահմանների վրա։ Նույն իրավիճակն է նաեւ Լոզանի պայմանագրի պարագային, որի հարյուրամյակը լրանում է հաջորդ տարի։ Թուրքերը լավ գիտեն պատմությունը եւ հրաշալի հասկանում են իրավական այս փաթեթի իրական արժեքը, եւ խնդիրը չի լուծվի անգամ Հայաստանը ոչնչացնելու դեպքում։
Որքան հաստ է թուրքական նախապայմանների փաթեթը, նույնքան եւ ավելի մեծ է հայկական փաթեթը, ինչը մանեւրի, հայկական իրավունքների հարցերը, առնվազն Արցախի խնդիրը, բանակցային սեղանին վերադարձնելու լայն հնարավորություն է։ Սակայն դրա համար նախ սեփական իրավունքների գիտակցում է պետք, ինչպես նաեւ ինքնիշխան որոշումների ունակ, իրավական ու քաղաքական փաստարկներով զինված գրագետ իշխանություն։ «Կարգավորում գոյության իրավունքի համար» ողորմելի հավատամքը բերելու է նոր ու անխուսափելի ողբերգության։