Ես Սաիդա Օհանյանն եմ՝ «ՀԱՄՇԵՆՈՒՀԻ» համշենահայերի կանանց միջազգային միության ղեկավարը: Մեր կազմակերպության նպատակը կանանց իրավունքների, հայ ժողովրդի նկատմամբ նրա բնօրրանում Արեւմտյան Հայաստանում՝ Համշենում, իրականացված ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, ինչպես նաեւ մյուս բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանությունն է, որոնք նրանց տրված է միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի համաձայն: Մեր կազմակերպության համար մարդասիրական եւ համամարդկային ծրագրերը առաջնային նշանակություն ունեն:
Այս տարի մեր կազմակերպությունը դիմել է Նոբելյան կոմիտե Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու առաջարկով Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր (ընտրված է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից) Կարո Փայլանին, մարդու՝ ով ողջ կյանքը նվիրել է հայ եւ մյուս բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանության գործին՝ տարածաշրջանում:
Այսօր նա այն քչերից է, ով պատասխանատվություն է վերցրել պաշտպանելու մարդասիրական իրավունքները, բնիկներին, ազգային ու կրոնական փոքրամասնություններին:
Նրա կողմից ցանված խաղաղության սերմերը՝ տարբեր ազգությունների ու դավանանքների պատկանող մարդկանց միջեւ հանդուրժողականության ու փոխըմբռնման վերաբերյալ, տալիս են դրական արդյունքներ Թուրքիայի Հանրապետության հանրության մեջ:
Եւ այդ ամենը հակառակ այն իրական ճնշումների ու սպառնալիքների, որոնց ենթարկվում է նա իշխանություններին ենթակա ազգայնամոլական ու ծայրահեղական ուժերի կողմից: Վերջիններս պահանջում են նրանից դադարեցնել մարդասիրական ու քաղաքական ակտիվ գործունեությունը:
Դիմում ենք բարի կամքի տեր բոլոր մարդկանց, կանանց իրավունքների, ինչպես նաեւ մարդկային իրավունքների պաշտպան բոլոր կազմակերպություններին ու միություններին միանալ մեր նախաձեռնությանը եւ ձայնը տալ Կարո Փայլանին:
Խնդրում ենք նաեւ Ձեր կողմից ինքնուրույն կերպով դիմել Նոբելյան կոմիտե՝ 2018 թ. Նոբելյան խաղաղության մրցանակի արժանանացնելու Կարո Փայլանին, որպես ժամանակաշրջանի մեծ մարդասերի եւ մարդկային իրավունքների պաշտպանի:
Հիշեցնենք, որ հայտը ներկայացնելու ժամանակը խիստ սահմանափակ է, 2018 թ. Հունվարի 30-ը դրա եզրափակիչ օրն է:
Վստահ ենք, Ձեր մասնակցությունը եւ Նոբելյան կոմիտեի դրական որոշումը միասին էական ներդրում կդառնան աշխարհի ամենատաք կետում՝ Մերձավոր Արեւելքում, կայուն խաղաղության եւ ազգերի միջեւ իրական համաձայնության ու համագործակցության հաստատման գործում:
Շնորհակալություն ուշադրության համար:
Սաիդա Օհանյան
«Համշենուհի», համշենահայերի կանանց միջազգային միության ղեկավար
19.01.2018 թ.