Պատժամիջոցների բացակայության պայմաններում Բաքվին զսպողը միայն հայկական կողմերի հակազդեցությունն է

Հունիսի 28-ին Արցախի շփման գծի Մարտակերտի և Մարտունու հատվածներում արձանագրված ռազմական ագրեսիային, ինչի հետևանքով Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակն ունեցավ 4 զոհ, Մինսկի խմբի համանախագահող երկու երկրից հնչեցին նույնաբովանդակ հայտարարություններ, ընդորում՝ երկուսն էլ նույն կարգավիճակն ունեցող պաշտոնյաների միջոցով: Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարեց, թե ԱՄՆ-ը շատ անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում մարդկային կորուստների կապակցությամբ և իրենց ցավակցությունն են հայտնում բոլոր զոհերի ընտանիքներին: «Այս միջադեպն ընդգծում է բախումներից խուսափելու անհրաժեշտությունը, ինչպես նաև կայուն խաղաղության կարևորությունը»,-ասել էր Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ ամենշաբաթյա ասուլիսում հայտարարեց, թե Ռուսաստանը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած զինված միջադեպով և հրադադարի ռեժիմի խախտմամբ:

«Կողմերին զսպվածության և բոլոր վիճելի հարցերը խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով կարգավորելու և ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ համագործակցության կոչ ենք անում։ Կարծում ենք, որ իրավիճակի դեէսկալացիան կնպաստի Լաչինի միջանցքի շուտափույթ ապաարգելափակմանն ու խաղաղ բնակչության կենսագործունեության համար նորմալ պայմանների ստեղծմանը»,-հայտարարել էր Զախարովան։

Այս արձագանքներից պարզ է դառնում, որ Ադրբեջանական ագրեսիան դատապարտելու և պաշտոնական Բաքվին զսպելու գործնական քայլերի փոխարեն միջնորդ պետությունները, ընդորում՝ այսօր հակառակ բևեռներում հայտնված, ծանր հրետանիով և ԱԹՍ-ներով իրականացված և 4 զոհի հանգեցրած ռազմական գործողության վերաբերյալ անում են միևնույն՝ մտահոգություն հայտնելու մասին հայտարարությունը: Տարակուսելի է, որ նման «անատամ» հայտարարություն է անում ՌԴ-ն, որի խաղաղապահ զորակազմն է կանգնած Արցախի և Ադրբեջանի շփման գծում և արցախցիների անվտանգության պահպանման առաքելություն է իրականացնում, քանզի փաստ է, որ հրադադարի նման խոխտումներով Ադրբեջանը հարցականի տակ է դնում ՌԴ առաքելությունը և ընդհանրապես տարածաշրջանում նրա ներկայությունը, հետևաբար այդ չափ ամորֆ հայտարարությունը չի տեղավորվում առաջին հերթին Ռուսաստանի տարածաշրջանային շահերի տրամաբանության մեջ: Զախարովայի՝ բոլոր հարցերը պետք է լուծվեն ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համագործակցությամբ հայտարարության լավագույն պատասխանը նախորդ բոլոր նմանատիպ միջադեպերի պատճառների հետաքննության արդյունքներն են, որոնք պարզապես չկան, ավելին՝ դրանք չեն էլ կանխարգելում Բաքվի նույնատիպ ռազմական գործողությունները:

Այս գործընթացների ֆոնին, թերևս առավել բովանդակային արձագանք եղավ Ֆրանսիայից: Նախագահ Էմանուել Մակրոնը Մարսել կատարած եռօրյա այցի ընթացքում, տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել էր. «Ես Ալիևի վրա ավելի ճնշում եմ բանեցրել և կբանեցնեմ, քան Փաշինյանը։ Հարցը Փաշինյանն է։ Ես Արցախի հարցով միակն եմ, որը հստակ կեցվածք և պատգամ ունեմ»։

Իսկ այսօր գետնի վրա իրականությունն այն է, որ Ադրբեջանը հաշվի չի առնում որևէ հորդոր, կոչ կամ բանավոր ճնշում: Անտեսում է ՄԱԿ ԱԽ-ի և Արդարադատության միջազգային դատարանների ընդունած պարտադիր կատարման ենթակա որոշումները, ինչը մի բան է նշանակում՝ ադրբեջանական ագրեսիային հնարավոր է հակազդել միայն հայկական կողմի համարժեք պատասխաններով, քանի դեռ այդ պետության դեմ ակնկալվող արդյունքներ ապահովող միջազգային պատժամիջոցներ և գործնական ազդեցության գործիքներ չեն կիրառվել:

ՀՀ Թերթ