Ակադեմիկոս Մարտիկ Գասպարյան. «Մեր մշակութային ժառանգությունը մեր նավթն է, մեր գազը» ….«Պետք է ոչնչացնենք ցեղասպան մեքենան բոլոր միջոցներով»

«ՀՀ»-ի հարցազրույցը Նոբելյան մրցանակի հավակնորդ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս, Հայկական գիտական կենտրոնի ղեկավար Մարտիկ Գասպարյանի հետ:

Պրն Գասպարյան, այսօր բոլորը խոսում են ոչ միայն 44-օրա վերջին պատերազմի, այլեւ այն իրավիճակի մասին, որում հայտնվել է երկիրը: Խնդրում եմ ձեւակերպել Ձեր տեսակետը:

— Հայաստանում ներկայումս ստեղծված իրավիճակը կապված է աշխարհաքաղաքական շատ հարցերի հետ: Ինչպես հարյուր տարի առաջ, երբ վաշխառուները ցանկանում էին ոչնչացնել հնդեվրոպական քաղաքակրթությունը կամ տարածքը: Իր փրկության համար ամբողջ քաղաքակիրթ աշխարհը պետք է շնորհակալ լինի Գարեգին Նժդեհին: Այսօր նույն իրադարձությունները կրկնվում են, եւ նորից 150 տարի առաջ ստեղծված թուրքերի ցեղասպան մեքենան ցանկանում է Հայաստանը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վերացնել: Իսկ այդ նպատակի իրականացման ճանապարհին նրա համար խոչընդոտը Սյունիքն է, որը միշտ եղել է քաղաքակրթության կենտրոն:

Սյունիքում են գտնվում մեր սեպագիր արձանագրությունները, որոնք մոտ 15 հազար տարվա պատմություն ունեն: Դրանք առաջին գրերի ձեւերն են, որոնք կարդալու համար անհրաժեշտ է ունենալ հայկական մտածողություն: Նման սեպագիր արձանագրություններ կան նաեւ Նեղոսի ափին, սակայն այնտեղ ֆլորան եւ ֆաունան նույնն են, իսկ պատկերված կենդանիները եւ բուսական աշխարհը հիմնականում գտնվում են Հայկական լեռնաշխարհում: Ուշադրություն դարձրեք, թե ժայռապատկերներն ինչպիսի նախագծեր են եղել, ինչպիսի նյութերից են սարքված, ինչպիսի աշխատանքներ են կատարվել, ինչպիսի հասարակություն է եղել, որ դրանք 15 հազար տարի պահպանվել են: Մեր ժողովուրդն աստվածածին, ստեղծագործ ժողովուրդ է՝ մեր աստվածներով հանդերձ: Մեր հայրենիքում է գտնվում հնագույն աստղադիտարան Քարահունջը:

Վերջերս այլ նախագծերով ուզում էին փոխել դրա նշանակությունը՝ նպատակ ունենալով վերացնել այն: Հասկանալի է՝ այն շատերի քունն է փախցնում, որովհետեւ Քարահունջը հավասարահեռ հեռավորության վրա է գտնվում Սթոունհենջից եւ եգիպտական բուրգերից, որոնցում փարավոնների մումիաներն այնպես են դրված, որ ուղղված են դեպի Քարահունջ կամ Տաթեւի ճոճվող սյունը: Տաթեւի ճոճվող սյան հիմնական նշանակությունը քաղաքակրթական ցիկլերի ժամանակաշրջանն է նշում, բացի մնացած հատկություններից: Մեր ժառանգությունն այնքան մեծ է, որ մենք չենք կարողանում տիրություն անել եւ ի վիճակի էլ չենք: Բայց մենք պետք է ձգտենք տեր կանգնել մեր առաքելությանը, մեր ունեցածին, որպեսզի կարողանանք մեր ապագան կերտել: Երբ Սիրիուսը եւ Օրիոնը հայտնվում են Ճոճվող սյան վրա, սկսած այդ ժամանակվանից՝ փոխվում են քաղաքակրթական բոլոր արժեքները…

Հայտնի փաստ է, որ քոչվորավաշխառուական ուժերը սկզբում ասորիներին էին վերացնում, հետո՝ մեզ: Եվ հիմա նույն իրավիճակն է: Պետք է գտնենք նախաքրիստոնեական շրջանի մասին տեղեկությունները ու տիրանանք մեր ժառանգությանը: Մեզ կտրել են մեր արմատներից, բայց պետք է գտնենք դրանք անհրաժեշտաբար՝ փլուզելու համար մեր դեմ ստեղծված բոլոր դավադրությունները: Պարտավոր ենք իմանալ, թե ովքեր ենք, որտեղից ենք եկել եւ դեպի ուր պետք է գնանք:

Այլ կերպ ասած՝ գտնենք մեր անձնագիրը՝ ժամանակների հոլովույթում դիմակայել կարողանալու համա՞ր:

— Իմ ասածն այն է, որ 100 տարի առաջ ցանկանում էին վերացնել Սյունիքը՝ որպես կոմունիկատոր, իսկ մեր ժողովուրդն այդ քաղաքակրթական հարցերի լուծման կոմունիկատորի կրողն է: Խոսքը Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի, Եվրոպայի հետ կապի մասին է: Նվաճողի գործը կհեշտանա, եթե վերացնի այդ ադամանդը՝ Սյունիքը: Իմ նշած սեպագիր արձանագրությունները հարթաքանդակի ձեւով կան Պորտասարում, որոնց մենք տիրություն չենք անում: Եվ դա շարունակվում է: Այսինքն՝ եթե նրանք այսօր ցանկանան մեզ վերացնել,իսկ մենք չկարողանանք բարձրաձայնել, չկարողանանք վերադառնալ քաղաքակրթական հարցերի լուծմանը, ինքնըստինքյան վերանալու ենք: Հիմա մենք բողոքում ենք, որ գլոբալիզացիայի հետեւանքով ստեղծվել է շատ անցանկալի իրավիճակ: Դա բոլոր ղեկավարներն էլ տեսնում են: Բայց, ինչպես Քիսինջերն է մի առիթով ասել, գլոբալիզացիան բոլորին սրբել-տանելու է: Եվ նույնիսկ երկրների ղեկավարներն են մտնելու այդ մսաղացի մեջ: Փորձեցին վերցնել մեր ազգի գենոֆոնդը: 44-օրյա պատերազմի նպատակներից մեկը դա էր, եւ մենք, ցավոք, առաջիկայում, նվազագույնը՝ 50-60 տարի, այսինքն՝ երկու սերունդ չենք ունենա ոչ միայն ազգաբնակչության ընդլայնված, այլ ընդհանուր պարզ վերարտադրություն: Մի սարսափելի իրավիճակ է ստեղծվել. մեր այս փոքր տարածքում որոշ դեստրուկտիվ ուժեր քաոս են ստեղծում:

Այն, որ փարավոնների մումիաները դեմքով ուղղված են դեպի Տաթեւ եւ Քարահունջ, ինչ է հուշում՝ մեր մշակութային ժառանգությունը սոսկ մշակութայի՞ն արժեք է, թե՞ նաեւ քաղաքականության միջոց:

– Երկուսն էլ՝ միաժամանակ: Մեր մշակութային ժառանգությունն այնքան մեծ է, որ մենք դրա շատ փոքր տոկոսին ենք տիրություն անում: Մեր մշակութային ժառանգությունը մեր նավթն է, մեր գազը, բայց այն առավելությամբ, որ անսահմանափակ է եւ չի ավարտվում նավթի ու գազի պես: Կուզեի միայն, որ մշակույթի նախարարությունում գիտակցեին մի պարզ ճշմարտություն, այդ գերատեսչության հիմնական աշխատանքը ոչ թե մշակույթ ստեղծելն է, այլ այն պահպանելը:

Երբ խոսում ենք Արցախի դեմ ռազմական գործողությունների մասին, պատճառները գիտենք: Բայց, ըստ Ձեզ, ինչո՞ւ իրավիճակը սրվեց Սյունիքում:

— Որոշ շրջանակների կողմից վերջերս մշակված մի փաստաթղթի համար՝ Երկիր մոլորակն այսօր ունի 12 մարտահրավեր: Դրանցից մեկը կապված է էկոլոգիայի հետ, եւ այդ հարցը բարձրացրել է Մոսկվայի պետական համալսարանի հայազգի պրոֆեսոր Վալերի Պետրոսյանը: Մենք սկզբում ողջունեցինք հայաստանյան հեղափոխությունը, որովհետեւ կարծում էինք, որ էությամբ կոռուպցիոն համակարգերը հանգեցնում են պետականության կորստի: Հենց այդ պատճառով աջակցություն հայտնեցինք տեղի ունեցող իրադարձություններին: Մարտահրավերներից մեկն էլ ես եմ մատնանշել՝ կուլտուրոցիդը: Ինչպե՞ս կարելի է մարդկանց հիշողությունը վերացնել, մյուս կողմից վերացնել տարեցներին համավարակների միջոցով, որի արդյունքում ամբոխներ են առաջանում՝ հոգեւոր դատարկ վիճակում: Իսկ այդ դատարկությունը կապի այժմյան միջոցներով՝ ֆեյսբուք եւ այլն, կունենա կենտրոնական ղեկավարում մի փոքր տարածքից: Այսինքն՝ իջեցնելու են ազգաբնակչության թիվը եւ անցնելու են նշածս գործողություններին: Բնակչության թիվը 8 միլիարդից 2 միլիարդի հասցնելու աշխատանքները կատարվում են, եւ դա բիզնես ծրագիր է:

Հիմա տեսեք՝ Միացյալ Նահանգները Աֆղանստանից հանում է իր զորքերը: Որպես հետեւանք, բացի Սյունիքից, սրվել է իրավիճակը նաեւ ղրղզա-տաջիկական սահմանում: Եվ դա պատահական չէ: Արդեն երեսուն տարի դրա մասին չէին խոսում, հիմա լրջացնում են բախումը: Եվ հետաքրքիրն այն է, որ նորից Տաջիկստանի ներկայացուցիչը Մոսկվայում է, իսկ Ղրղզստանինը՝ Թուրքիայում: Որոշ ուժեր ցանկանում են, ինչպես 300 տարի առաջ չինական հասարակությանն են դրել թմրանյութերի վաճառքի տակ, նույնը իրականացնել այդ տարածքներում: Չինացիները, որպես մեծ քաղաքակրթություն, 100 տարի առաջ չին կայսրի գլխավորությամբ 40 մլն մարդ զոհաբերեցին՝ թմրանյութերի վաճառքի տակից դուրս գալու համար:

Թմրանյութերի՝ Եվրոպա տարանցման համար այսօր ուղիներ են մշակվում: Այդ ճանապարհն անցել է Բաքվի միջոցով: Հիմա էլ վերականգնում են Կրասնովոդսկի միջոցով՝ օգտագործելով Բաքու-Թբիլիսի կարճ ճանապարհը: Բայց դրանց տնտեսական արդյունավետությունը հիմնականում կազմում է 23 տոկոս, եւ նույնիսկ այսօր, երբ խոսում ենք մեր կոմունիկացիաների բացումից, ոչ ոք չի անդրադառնում այն հարցին, թե դրանք ինչ ազդեցություն են ունենալու Հայաստանի տնտեսության, Հայաստանում ապրող քաղաքացիների կենսամակարդակի համար: Որովհետեւ դրանք ոչ մի տնտեսական արդյունավետություն չունեն: Այստեղ առանցքային հարցն այն է, որ այդ թմրանյութերի տարանցման ուղին անցնի Սյունիքով: Իսկ մենք գիտենք, որ ՄԻ-6-ի (բրիտանական հետախուզություն-հեղ.) դրած խնդիրները թուրքերը վերջին 100 տարում օգտագործում են իրենց շահերի համար: Այսինքն՝ համապատասխանեցնում են իրենց շահերին:

Պրն Գասպարյան, գուցե հարցս տարօրինակ հնչի, բայց խնդրում եմ պատասխանել, թե, ըստ Ձեզ, 44-օրյա պատերազմում Իրանը եւ Ռուսաստանը գործեցին իրենց շահերի՞ շրջանակներում

–  Հիշեք 100 տարի առաջ, երբ ստեղծվեց Ադրբեջանը, Իրանը բողոք ներկայացրեց այն մասին, որ այդ տարածքում նման պետություն, քաղաքական կազմավորում երբեւէ չի եղել: Միեւնույն ժամանակ Իրանը բողոքեց, երբ Ռուսաստանը 1921 թ. պայմանագրով Սումալուի գավառի մի մասը տվեց Թուրքիային, որի իրավունքը չուներ: Նման հարցեր եղել են: Բայց մենք այսօր պետք է կարողանանք ճիշտ պատասխանել այն հարցերին, թե ինչ են նշանակում պետությունների միջեւ՝ մի կողմից, եւ ժողովուրդների ու մարդկանց միջեւ հարաբերությունները՝ մյուս կողմից: Իրանցիները 44-օրյա պատերազմից հետո հայտարարել են, որ Հայաստանի սահմանների փոփոխություններ չպետք է լինեն, որ եթե սահմանի փոփոխություն լինի, իրենք միջամտելու են:

–  Զարմանալին այն է, որ Թուրքիան կարողացավ մտնել Հարավային Կովկաս, որը ատոմային տերության՝ Ռուսաստանի ազդեցության գոտին է:

– Թուրքիան դեռ 100 տարի առաջ է մտել Հարավային Կովկաս: Հրեական նախագիծը, որն իրականացվեց 1917 թ. հեղաշրջմամբ, գունավոր հեղափոխություն էր՝ Տրոցկու եւ Լենինի միջոցով: Բոլորս գիտենք, որ Վերսալում Պաղեստինի պրոտեկտորատը տրված էր անգլիացիներին, ժամանակը լրացավ 1920 թ., եւ հետագայում փորձ արվեց Հարավային Կովկասում նույնպես ստեղծել նման մի բան: Դա հրեական նախագիծ է, որը դեռ չիրականացրած՝ ձեռնամուխ եղան Ղրիմի նախագծին: Թուրքերն օգտվում են բոլոր նախագծերից եւ իրենց ազգային խնդիրներն են լուծում: Ինչ վերաբերում է մեզ, մենք չենք լուծում, չնայած պարտավոր ենք անել դա՝ նաեւ ասորիների, հույների եւ մնացած բնիկ ժողովուրդների հետ միասին:

Որո՞նք են այս տարածաշրջանում մեր իրատեսական շահերը:

–  ՄԱԿ-ը, Անվտանգության խորհուրդը եւ միջազգային այլ կազմակերպություններ արդեն չեն արդարացնում իրենց: Առանցքայինը Հայաստանի անվտանգության հարցի լուծումն է: Ճապոնիան երկրորդ աշխարհամարտից հետո բանակցություններ է վարել ԱՄՆ-ի հետ եւ իր անվտանգության հարցի լուծումը դրել նրա վրա, չնայած հենց Միացյալ Նահանգներն էր Հիրոսիմայի ու Նագասակիի վրա ատոմային ռումբեր նետել: Անվտանգության համակարգ ստեղծելու նպատակով մենք կարող ենք դիմել այն ժողովուրդներին, որոնք ցեղասպանության են ենթարկվել: Ո՞վ կարգելի, որ մենք դիմենք, ասենք, հույներին եւ միասին պայքարենք նրանց դեմ, ովքեր ձգտում են վերացնել մեզ: Մենք պետք է դիմենք ՄԱԿ-ին եւ Ազգերի լիգայի այն պետություններին, որոնք ստորագրեցին Սեւրի դաշնագիրը: Այսօրվա դրությամբ չկան Հելսինկիի, Յալթայի, Պոտսդամի, Թեհրանի սահմանները, բայց կան Վերսալի սահմանները, որոնք որոշված են Սեւրով: Արդյունքում չեն լուծվել միայն Հայաստանի անկախության եւ Քուրդիստանի ինքնավարության հարցերը: Պետք է բարձրացնենք այդ հարցերը եւ ոչնչացնենք ցեղասպան մեքենան բոլոր միջոցներով:

09.06.2021 թ.

Հայաստանի Հանրապետություն

***

Լրացուցիչ կենսագրական տեղեկություններ ակադեմիկոս Մարտիկ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ մասին.

Տնտեսագիտության և Խաղաղության Նոբելյան մրցանակի   հավակնորդ,

Հատուցման եւ վերականգնման հարցերի փորձաքննության ու գնահատման միջազգային անկախ իրավական-գիտական կենտրոնի նախագահ,

Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (խորհրդարանի) պատգամավոր, Խորհրդարանի Հայերի ցեղասպանության հետեւանքով հասցված վնասի վերականգնման ու հատուցման հարցերի հատուկ հանձնաժողովի նախագահ,

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի գիտական խորհրդի անդամ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի նախագահության անդամ, Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի փոխնախագահ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի (ՌԲԳԱ), Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի (ՌԳԱ), Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի (ԱԺՀՄՄԱ), Եվրոպական EWAN ակադեմիայի ակադեմիկոս, 1993 թվականից՝ Հռոմի ակումբ վերլուծական կենտրոնի անդամ, գիտության և բարձր տեխնոլոգիաների գծով Եվրասիական գիտական խորհրդի անդամ, տնտեսական գիտությունների դոկտոր պրոֆեսոր: