Արեւմտյան Հայաստանի վերածննդի իրականության գաղափարը, որպես պետություն, առաջացավ 1990-ականների սկզբին, Արցախի պաշտպանների շարքերում: Վերածննդի եւ վերականգման գաղափարի գլխավոր ոգեշնչողներից էր Ազատագրական բանակի հիմնադիր Լեոնիդ Ազգալդյանը (23.11.1942 Թիֆլիս ժ 21.06.1992 Մարտակերտ): Գաղափարն արձագանք գտավ մարտիկների եւ մտավորականների շարքերում, որոնք պատերազմից առաջ Արեւմտյան Հայաստանի տարբեր հայրենակցական եւ անկուսակցական միությունների անդամներ էին:
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության որպես պետության վերականգման հիմք հանդիսացավ այն փաստը, որ նա անխզելի շարունակող պետությունն է Հայաստան պետության՝ 1920-ական թվականներին ճանաչված մի շարք միջազգային փաստաթղթերի հիման վրա.
- Ռուսաստանի Կառավարության Դեկրետի (Ժողովրդական Կոմիսարների Խորհուրդ) «Թուրքահայաստանի մասին» («Արեւմտյան Հայաստանի մասին»), 11 հունվար 1918 թ.,
- Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից դե ֆակտո (de facto) Հայաստան պետության անկախության ճանաչման, Փարիզի Վեհաժողովի ժամանակ, 19 հունվար 1920 թ.,
- Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից դե յուրե(de jure) Հայաստան պետության անկախության ճանաչման, Փարիզ, 11 մայիս 1920 թ.,
- Կիլիկիայի հայերի ընդունած «Կիլիկիայի անկախության մասին» Հռչակագրի, 4 օգոստոս 1920 թ.,
- Սեւրի խաղաղության պայմանագրի, 10 օգոստոս 1920 թ.,
- ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռի, որի ամբողջական անվանումն է՝ «Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ», 22 նոյեմբեր 1920 թ.:
Արցախում պատերազմի ավարտից հետո հայրենասերներն աշխատանք էին տանում ստեղծելու հիմքեր, համախմբելու ու կազմակերպելու համար Արեւմտյան Հայաստանի հայերին, աշխարհի տարբեր մասերում ապրող բռնագաղթված ու Ցեղասպանությունից վերապրած հայերի ժառանգներին: Այսպես ստեղծվեց Արեւմտյան Հայաստանի հայերի ազգային խորհուրդը, որը 2004 թ. դեկտեմբերի 17-ին Շուշիում ընդունեց «Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնորոշման իրավունքի մասին» հռչակագիրը եւ փետրվարի 4-ին՝ Արեւմտյան Հայաստանի կառավարության ձեւավորման մասին հռչակագիրը:
Հետագայում, ՄԱԿ-ի 13.09.2007 թ.-ի «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» հռչակագրի հիման վրա, ստեղծվել է Արեւմտյան Հայաստանի հայերի ազգային ինքնության եւ քաղաքացիության ինստիտուտը, որի հիմքի վրա ձեւավորվել են Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) իրավական – քաղաքական եւ պետական կառույցները: Համաձայն Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 21-րդ հոդվածի, սկսած 2013 թ., Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան պետություն) ձեւավորում է իշխանության օղակները`Ազգային ժողովը (Խորհրդարան), Կառավարությունը եւ Նախագահի ինստիտուտը: 2013 թվականի նոյեմբերին, առաջին անգամ, համացանցում՝ էլեկտրոնային ուղղակի քվեարկության միջոցով, անցկացվել են Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի պատգամավորների ընտրություններ: Ընտրություններն անցկացվել են 41 երկրներում, ընտրվել են 64 պատգամավոր:
Ներկայումս Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահը Ռադիկ Խամոյանն է, վարչապետը՝ Տիգրան Փաշաբեզյանը, Ազգային ժողովի (Խորհրդարան) նախագահը՝ Արմեն Տեր-Սարգսյանը: