«Ազատ ամբիոն» խորագիր. Մեծ Հայքից՝ բակային տարածք

Սոցիալական հարթակների ազդեցության ընդլայնմանը զուգահեռ մեծացավ նաեւ այդ հարթակներում կարծիքի առաջնորդների դերակատարությունը։ Վիտուալ աշխարհն արագորեն ներթափանցեց հասարակական կյանք՝ գլխիվայր շուռ տալով հասարակության ներսում գոյություն ունեցող հեղինակությունների, կարծիքի առաջնորդների հիերարխիան։ Այսօր յուրաքանչյուրը, որի ձեռքին տեսանկարահանման ֆունկցիայով հեռախոս կա, իրեն համարում է կարծիք թելադրելու պատրաստ դերակատար։ Մինչդեռ հայտնի է, որ սոցիալական հարթակներում շրջանառության մեջ դրվող տեղեկատվության զգալի մասը կարող է աղճատված, խեղաթյուրված լինել, մանիպուլյատիվ բնույթ կրել, որոնց ազդեցության տակ ձեւավորվող կարծիքներն ու դիրքորոշումները սխալ կողմնորոշում են տալիս հանրային լսարանին։

Այն, ինչ հնարավոր չէր փոխել հասարակության ներսում ձեւավորված դիրքորոշումների, կարծիքների ու արժեհամակարգի մեջ 90-ականներին, նաեւ 2000-ականներին, իրագործելի դարձավ վերջին հինգ տարիների ընթացքում։ Հասարակական բուրգը շրջվեց եւ իրական էլիտաները, որոնք առանց այդ էլ՝ փոքրաթիվ էին դարձել վայրի ազատական հայացքների եւ արժեքների ճնշման տակ, հայտնվեցին «ներքեւում», երբ այլեւս լսելի չէր նրանց մասնագիտական, փորձի եւ գիտելիքի վրա հիմնված խոսքը, կարծիքը, առաջարկը։

Ներկայումս կան հասարակական կարծիքի առաջնորդներ, որոնք իրենց լսարանն օգտագործում են հայերի մեջ նոր ջրբաժաններ առաջացնելու, «թացը» «չորի» տեղ անցկացնելու հստակ միտումով։ Ջրբաժաններ առաջացնելու շարքում առաջատար թեմաներից մեկը նրանց համար Արցախն ու արցախցուն թիրախավորելն ու օտարելն է։ Հիմնականում այդպիսիները չեն էլ օգտագործում Արցախ կամ արցախցի բառը, այլ՝ ղարաբաղցի, Ղարաբաղ։ Նախկինում հասարակությանը մատուցվում էր «Արցախը բեռ է», «ՀՀ տնտեսական զարգացումը Արցախի հարցն է խանգարում» եւ նմանատիպ այլ արհեստական եւ վտանգավոր թեզեր։ Այսօր արդեն տարածվում է «ՀՀ անվտանգությունը գերակա է Արցախը պահելուն», «աշխարհը մեզ ագրեսոր կհամարի, չի հասկանա, եթե Արցախը մերը համարենք» եւ այլ հակահայկական թեզեր։ Բոլոր ժամանակներում Արցախը բեռ համարողները սեպ են խրել հայության մեջ՝ շրջանառելով «հայաստանցի-ղարաբաղցի» տարանջատումը։

Տարիների ընթացքում եւ հատկապես նոր տեխնոլոգիաների ազդեցությանը զուգահեռ այդ թեզերն արմատացան որոշ շրջանակների մոտ, դարձան դիրքորոշում եւ հիմա, երբ «վերեւի» շրջանակներից հովանավորվում է «ղարաբաղցիներին» որպես օտար ժողովուրդ ներկայացնելը, իսկ իրականում հայի ինքնությունից մեր հայրենակիցներին օտարելը, ակտիվանում են հասարակական կարծիքի առաջնորդները եւ ծառայություն են մատուցում «վերեւներից» իջեցված օրակարգին։

Իշխանական մոտեցումները հասարակական կարծիքի առաջնորդների «թեթեւ» ձեռքով ներմուծվում է հանրային դաշտ, ներկայացվում իբր շարքային քաղաքացու դիրքորոշում, կարծիք, իսկ հետո նույն այդ հասարակական կարծիքն օգտագործվում է իբրեւ «ժողովրդավարության բաստիոնի» կարծիք, եւ դրա վրա հենվելով որոշակի քաղաքականություն տարվում։

Այդպիսով, մարդկանց ընտելացնում են այն մտքին, որ պետք է հրաժարվել այն ամենից, ինչ «գլխացավանք» կարող է առաջացնել, այն ամենն ինչի վրա աչք է դրել անկուշտ գազանը։ Այդպես մեզ համոզել են, որ հայը պետք է հրաժարվի Մեծ Հայք ու Արարատ ունենալու երազանքից, հետո Արցախի ազատագրումն ու մայր հայրենիքի հետ վերամիավորումը դարձրին երազանք ու առաջարկեցին մերժել այն ու դառնալ «իրատես»։ Ո՞րն է լինելու հաջորդը՝ Սյունի՞քը, Գեղարքունի՞քը, իսկ միգուցե Երեւա՞նը։ Կարծիքի նման առաջնորդները չեն խորշի անգամ Երեւանով սահմանափակվելը, որի վերջնակետը կդառնա բակային «անկախությունը»։ Եվ քանի դեռ մենք ուժ ենք տալիս, սնում ենք նմաններին մեր ուշադրությամբ, նրանք կշարունակեն թունավորել մեր միտքն ու ժամանակը։

ՀՀ Թերթ