«Դառնալ և՛ շանթ, և՛ շանթարգել․․․»
Պարույր Սևակ, «Ապրել»
Քանի որ այս տարի ուշացավ այն մեկը, ով «պատվերով համերգին» մասնակցելու բուռն ցանկությամբ արտաբերելու էր. «Ես դատապարտում եմ ԱՍԱԼԱ-ի ահաբեկչական գործողություննները…», մենք շտապենք և նախ կրկնենք. «ԱՍԱԼԱ-ն ահաբեկչություն չէ, այլ ազատագրական պայքար», բայց և թույլ տանք մեզ շարունակելու թեման:
ԱՍԱԼԱ-ն ոչ միայն ահաբեկչություն չէ, ավելին` հակաահաբեկչություն է: Դա արժանի հակահարվածն է Հայոց հայրենիքի և հայ ժողովրդի դեմ ուղղված թուրքական պետական ահաբեկչության ավելի քան 100 — ամյա հանցագործության:
Արևմտյան Հայաստանը (ներառյալ Կիլիկիան) և Արևմտյան Հայաստանի հայությունը շուրջ 100 տարի առաջ թիրախ դարձան սկզբում պանթուրքիզմի տեսաբանների ու հիմնադիրների, ապա թուրքական իրարհաջորդ կառավարությունների հանցագործությունների համար, որոնք Արևմտյան Հայաստանի հայությանը նախ զրկեցին ապրելու ու կենսագործելու տարրական պայմաններից, ապա կազմակերպեցին ոչնչացնելու ու բռնագաղթի ենթարկելու մարդատյաց ու հանցագործ գործողությունը, իսկ այսօր` ցեղասպանության ժխտողականությամբ, արգելափակում են Արևմտյան Հայաստանի հայության ապագա ունենալու և զարգանալու իրավունքը:
Պանթուրքիզմի տեսությունը սկզնավորվեց ու ձևավորվեց 1870-ական թթ. սկզբին, որի առաջին գաղափարախոսներից մեկը` Արմինիուս Վամպերին, 1873-1874 թվականներին Լոնդոնում հրատարակեց «Բուխարա» և «Կենտրոնական Ասիա» գրքերը, «որոնցում գովերգվում են թուրք ցեղի գերակայությունն ու…. հին փառքը»: Այնուհետև, ըստ ժամանակագրության, հետևյալ անուններն են և իրենց հրատարակած գրքերը. Ֆրանց ֆոն Վերներ (1877), Կոնստանդին Բոռժեցկի (1889), Լեոն Կահուն (1896), Ալբերտ Կոհեն (1915), Խալիդե էդիպ (1916), Զիա Գյոքալփ (1923) և այլք… (1) (2)
Նկատելի է, որ ընդամենը 20 տարի անց Սուլթան Աբդուլ Համիդ 2-ը, որդեգրելով պանթուրքիզմի ծրագրային դրույթները, 1894-96 թթ. սկիզբնավորում է Օսմանյան Թուրքիայի հայ քաղաքացիներին կոտորելու, էթնիկ զտումների, բռնագաղթի և ցեղասպանության ենթարկելու պետական ահաբեկչության հանցագործ ձեռագիրը: Երիտթուրքերը իշխանության գալուց անմիջապես հետո 1909 թ., ապա` 1915-17 թթ. շարունակում են պանթուրքիզմի ծրագրի իրականացումը, ինչը հանգեցնում է Արևմտյան Հայաստանի հայության համապարփակ ցեղասպանությանն ու բռնագաղթին: 1918-23 թթ. այդ ձեռագիրն արդեն քեմալականների զինանոցում է: Այսպիսով, թուրքական իրարհաջորդ երեք կառավարություններ, շուրջ 30 տարում` 1894-1923 թթ. ընթացքում, ոչնչացրին ավելի քան 1.5 միլիոն և բռնագաղթի ենթարկեցին 1 միլիոն հայերի, բռնազավթեցին Հայոց բնօրրան հայրենիքի մեծ մասը:
Այլատյացության ու ռասիզմի այսպիսի ծավալների հանցագործություն դեռ մարդկությունը չէր տեսել: Այդ միայն հետո, 20 տարի անց նա պիտի ականատեսը, մասնակիցն ու զոհը դառնար տեխնիկական ու ծրագրային մի նոր մակարդակի բարձրացված հանցագործության` ֆաշիզմի այլատյացության ու ռասիզմի` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:
Այսքանից հետո, այդ ո՞վ է խոսում ահաբեկչությունից:
Գիտենք, որ բարոյականությունից չարժէ խոսել նրանց հետ, ովքեր դրա մասին ոչ պատկերացում ունեն, ոչ էլ անհատական զգացողություն:
Բայց իրավունքից կարող ենք խոսել` նշելով, որ հայությունը, ինչպես ցանացած ազգ, իրավունք ունի զարգացման ու ապագայի, իսկ դրա համար, օրինական ճանապարհով, նրան պետք է վերադարձվի հայրենիքը և իրականացվի վնասի հատուցում: Մինչդեռ թուրքական հերթական կառավարությունները նոր ժամանակներում ևս շարունակում են հների սկսած գործը ձգտելով անհետացնել հայերի հետքերը, ոչնչացնում են հուշարձանները, փոխում տեղանունները, կեղծում պատմությունը, սատարում միջինարևելյան ռեժիմներին ու ուժերին, որոնց ձեռքերով փորձում են հայությանը ենթարկել կրկնակի բռնագաղթի, դեպի ավելի հեռուն, դեպի Եվրոպա ու Ամերիկա, ավելի ու ավելի հեռու Բնօրրան հայրենիքից… Միջին Արևելքում ժողովրդավարություն տարածողների կցորդի դերում սպառնում Սիրիայի հայությանը (3): Ու երբ իրենց հանցագործություններին արժանի հակահարված են ստանում, սարսափում ու սկսում են ճամարտակել «հայկական ահաբեկչությունից»…
Նորից կգա գարունը, նորից մարդն ու բնությունը կարթնանան, իսկ թուրքական պետական և ոչ պետական լրատվամիջոցներն ու հեռուստատեսությունը նորից ողողված կլինեն ԱՍԱԼԱ-ի ու «հայկակական ահաբեկչության» մասին լուտանքներով ու կեղծիքներով:
Բայց ԱՍԱԼԱ-ն, ինչպես Պարույր Սևակը կասեր, հայության համար դարձավ «և՛ շանթ, և՛ շանթարգել» (4), եղավ դիմակայություն ու զսպաշապիկ` այս էլ արդեն մեկ դարից ավելի իրականացվող թուրքական պետական ահաբեկչության դեմ:
ԱՍԱԼԱ-ի պաշտոնական հաղորդագրությունները սովորաբար ավարտվում են հետևյալ նախադասությամբ. «Հաղթանակը մերն է լինելու»: Մենք հավատում ենք, որ հաղթանակը` որպես աստվածային ու մարդկային իրավունքի և արդարության վերահաստատման ու հաստատման առհավատչյա, ԱՍԱԼԱ-ինն ու մեր ժողովրդինն է լինելու:
Արևմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի այս հոդվածն առաջին անգամ հայերեն տպագրվել է 2012 թվականի ապրիլի 12-ին «Ուխտ Արարատի» ամսագրում, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների «Ուխտ Արարատի» հասարակական նախաձեռնության ստորագրությամբ։
12 ապրիլ 2012 թ.
***
Ծանոթագրություն
- Տես, Արմինիուս Վամպերի, «Բուխարա», «Կենտրոնական Ասիա», Լոնդոն, 1873-1874 թթ.: https://ru.wikipedia.org/wiki/%D0%92%D0%B0%D0%BC%D0%B1%D0%B5%D1%80%D0%B8,_%D0%90%D1%80%D0%BC%D0%B8%D0%BD%D0%B8%D0%B9
- Տես, Գասպար Տերտերյան, «Սիոնիզմի և պանթուրքիզմի առնչությունները և անոնց սպառնալիքը Հայաստանի լինելիության», «Բիսան» հրտ., Բեյրութ, 2002:
- Տես, Ահմեդ Դավուդօղլու. «Թուրքիան պետք է առավել ակտիվ դեր կատարի Մերձավոր Արևելքում ու Բալկաններում, սակայն նրա հարաբերություններն Արևմուտքի հետ նախկինի պես առաջնային են լինելու», PanARMENIAN.Net, 02.05.2009:
- Տես, Պարույր Սևակ, «Ապրել», Երկերի Ժողովածու, Հ. 1, «Հայաստան» հրտ., Երևան., 1972, էջ 365-366: http://sevak.am/poem/%D5%84%D4%B1%D5%90%D4%B4%D4%B8-%D4%B1%D5%93%D4%BB-%D5%84%D4%B5%D5%8B/%D4%B1%D5%8A%D5%90%D4%B5%D4%BC
