Այն, ինչ հիմա կատարվում է, ծաղրանք է ԼՂ-ում ռուսական ֆունկցիաների նկատմամբ․ Իսկանդարյան

Այն, ինչ հիմա կատարվում է, ծաղրանք է ԼՂ-ում ռուսական ֆունկցիաների նկատմամբ։ Այս մասին  ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի ԱԳՆ-ի կողմից Ադրբեջանին ուղարկված ահազանգն այն է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը գրեթե ոչ մի դրույթում չի պահպանվում: Նա պարզաբանեց, որ ճշմարտությունը որոշվում է քաղաքական իրականությամբ. փաստաթղթերն ապրում են այնքան ժամանակ, քանի դեռ կան պայմաններ, որոնք առաջացրել են դրանք:

«Ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո այդ պայմաններն արդեն չկան։ Ռուսաստանի համար բոլորովին այլ իրավիճակ է ստեղծվել։ Պատկերացնել, որ Ադրբեջանն անում է այն, ինչ անում է հիմա ՝ մինչեւ ուկրաինական պատերազմի սկսվելը, ես պարզապես չէի կարող։ Իսկ ադրբեջանցիներն այժմ դիմակայում են հիմնականում Ռուսաստանին, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղին։ Ես չեմ կարծում, որ Բաքուն դա կարող էր իրեն թույլ տալ, երբ Ռուսաստանը բոլորովին այլ էր, նրա տեղն այլ էր տարածաշրջանում»,-ընդգծեց Իսկանդարյանը։

 

Նա նկատեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դա լավ հասկանում է եւ անում է այն, ինչ անում է, քանի դեռ նման հնարավորություն ունի: «Եթե Ադրբեջանն իրեն բավականաչափ ուժեղ զգա, իսկ Ռուսաստանը բավական թուլացած լինի, ապա ռուս խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից կարող է տեղի ունենալ ավելի վաղ կամ ավելի ուշ ՝ կախված իրավիճակից։ Դա կարող է տեղի ունենալ եւ 2025 թվականին, եւ ավելի վաղ, եւ ավելի ուշ։ Ադրբեջանը ձգտելու է հասնել նրան, որ խաղաղապահներն այնտեղից դուրս գան»,-նշեց քաղաքագետը։

Հարավային Կովկասում թուրքական դիրքորոշումը, նրա գնահատմամբ, որոշվել է 2020 թվականի պատերազմով։ «Անկարան միանշանակ աջակցում էր Բաքվին։ Թուրք դաշնակիցն այս պատերազմում հաղթել է, իսկ ռուս դաշնակիցը՝ պարտվել։ Թուրքիան չի պատրաստվում կորցնել այդ բաժնետոմսերը, ուստի կշարունակի աջակցել Ադրբեջանին»,-նշեց նա։

Փորձագետը հայտնեց, որ Արեւմուտքի քաղաքականությունը հետխորհրդային տարածքում իրականացվում է Ռուսաստանի ներկայության կամ բացակայության պրիզմայով, իսկ տարածաշրջանում այդ ներկայության նվազեցումը կամ վերացումը աշխատում է այն նպատակների համար, որոնք Արեւմուտքը դնում է բոլորովին այլ համատեքստում։ «Արեւմուտքի համար լավ կլիներ, որ տարածաշրջանում ինչ-որ խաղաղություն լիներ։ Հարցը, թե որտեղ կլինեն 120 հազարը, թե անցակետը որտեղ կլինի եւ այլ հարցեր երկրորդական նշանակություն ունեն Արեւմուտքի համար»,-եզրափակեց Իսկանդարյանը։

News.am