Արցախի պատասխանը Բրյուսելին՝ բետոնե արգելապատնեշների տեսքով

Երբ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը, այն ժամանակ արդեն պարզ էր, որ փորձ  է արվում մեխանիզմ գործադրել արցախցիների կամքը կոտրելու և հնազանդեցնելու հեռահար նպատակով: Նախաձեռնած նման անմարդկային գործողություններին չստանալով միջազգային հանրության համարժեք արձագանքը և գործուն հակազդեցությունը՝ պաշտոնական  Բաքուն տարբեր մտացածին, կեղծ հիմնավորումներով աստիճանաբար խստացրեց բլոկադան այն աստիճան, որ արդեն մեկ ամիս է, ինչ դադարեցրել է բոլոր տեսակի բեռների մուտքն Արցախ:

Անակնկալ չէր, որ Արցախում հումանիտար վիճակը հասցնելով ծայրահեղ բարդության՝ Բաքուն պետք է առաջարկեր իր «օգնությունը», ինչն իրեն սպասեցնել չտվեց և բրյուսելյան հարթակից Ալիևը աշխարհին ներկայացրեց իր «մարդասերի» դեմքը, թե իբր պատրաստ է Ակնայից հումանիտար բեռներ հասցնի իր իսկ կողմից բլոկադայի մեջ պահվող Արցախին:

Պարզվում է, որ Ադրբեջանի քաղաքկան ղեկավարությունն ոչ միայն ունակ չէ ընկալել Արցախի հիմնահարցը, այլև վերջին 30 տարիները իրենց չի բավարարել որպեսզի գոնե ճանաչեն արցախցուն:Երեք տասնամյակից ավել պատերզմների և հարաբերական հրադադարների պայմաններում իր ինքնորոշման ուղուց հետքայլ չարած արցախցուն մի կտոր հացով մտափոխ անելու գաղափարը կարող է ծագել միայն մտավոր ցածր կարողությունների և հիվանդագին երևակայության  տեր անձանց մոտ: Հազարավոր ընտրյալների թափած սուրբ արյունը  նման էժանագին քայլով գնելու մտայնություն կարող էր ունենալ միայն փոքրոգի և  արժանապատվության արժեքներից զուրկ սուբյեկտները որն նույն կերպ գնահատում է իր քաղաքացիների կյանքը:

Այստեղ մտահոգիչ է նաև միջազգային կենտրոնների և կառույցների կեցվածքն Ադրբեջանի ակնհայտ ցեղասպան գործողություններին: Չկարողանալով կամ չցանկանալով Ադրբեջանին ստիպել բացել հումանիտար միջանցքը՝ նրանք համաձայնում են  խաղալ Բաքվի առաջարկած նենգ խաղը:

Առաջարկին Ստեփանակերտից պատասխանը չուշացավ: Արցախցիները միասնական հանրահավոքով պնդեցին իրենց անբեկանելի որոշումը,  և իր ընտրած ղեկավարի հետ միասին դիմեցին ծայրահեղ  միջոցի՝ իրենց ձայնը միջազգային հանրությանը հասցնելու համար: Արցախի Նախագահն ուղերձում վերահաստատեց, որ ինքնորշման իրավունքը վաճառքի ենթակա չէ, այնուհետև արձանագրեց, որ մի քանի օրից իրավիճակն Արցախում աղետալի է լինելու՝ ակնարկելով  պարենի պաշարների սպառման փաստը և հայտարարեց նստացույցի մասին: Իսկ հաջորդ օրը, ի նշան հաստատակամության, բետոնե արգելապատնեշ դրեցին Ակնայից Աարցախ մտնող ճանապարհի վրա:

Արցախի Ժողովրդի համառությունն ու հաստատակամությունը լավ գիտեն նրան ճանաչողները: Արցախցին կանգնելու է մինչև վերջ, իսկ միջազգային կառույցները ստիպված են լինելու հետագայում բացատրություններ տալու, թե ինչու են տուրք տվել պաշտոնական Բաքվի ցեղասպանական գործողություններին: Մտածել, որ տասնամյակներ շարունակվող արյունալի հակամարտությունից հետո ցեղասպանակ գործողություններով հնարավոր է Արցախի ժողովրդին ստիպալ համակեցությամբ ապրել դահճի կացինը ձեռքից գցել չցանկացող հարևանի հետ, անբացատրելի հանցավոր մոտեցում է: Բաքվի գործողություններն այն աստիճան են հատել անթուլատրելիի սահմանը, որ նույնիսկ ՌԴ-ն, արդեն մի կողմ դնելով Ադրբեջանի հետ իր երեք տարվա նորաթուխ դաշնակցային հարաբերությունները, ստիպված է այդ հանցավոր գործողություններին համարժեք գնահատականներ տալ:

Արայիկ Հարությունյանն  իր ուղերձում ակնարկեց, որ եթե նստացույցի միջոցով չկարողանան ազդել միջազգային կենտրոնների վրա՝ Ադրբեջանին հանցավոր, միայն նոր առճակատման տանող գործողություններից հետ կանգնեցնելուն պարտադրելու հարցում, ապա կդիմեն ծայրահեղ միջոցների: Բլոկադայի հետևանքով Հայաստանում մնացած արցախահայությունն էլ ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանատների,  միջազգային կազմակերպությունների գրասենյակների դիմաց կոչ են անում, անտեսելով Լաչինի միջանցքի ադրբեջանական ապօրինի անցակետը, ուժի միջոցով  հումանիտար բեռներն հասցնել Արցախ: Ակնհայտ է, որ եթե Արցախում հումանիտար աղետը պայթի, ապա ողջ պատասխանատվությունը կընկնի միջազգային հանրության վրա: Արցախցին հայտարարում է, որ իր իրավունքների և անվտանգության հարցերը պետք է քննարկվեն իր հետ և՝ ոչ այն լեզվով և ահաբեկչական միջոցներով,  որոնք առաջարկում է այսօր ադրբեջանական կողմը, այլ միջազգային ձևաչափով բանակցային սեղանի շուրջ, առավել ևս, որ բազմիցս ընդգծել է, որ Հայաստանի իշխանություններին լիազորություն չի տվել իր փոխարեն բանակցությունների ժամանակ քննարկել Արցախի հարցերը:

ՀՀ Թերթ