Երեւանում տեղի է ունեցել քաղաքական գիտությունների դոկտոր Հրաչյա Արզումանյանի “Հորիզոններ. համապարփակ մոտեցում ազգային անվտանգության համակարգի կառուցմանը” գրքի շնորհանդեսը:
Գրքում դիտարկվում է անվտանգության ապահովման նկատմամբ համապարփակ մոտեցումը: Արդի հակամարտությունները, որոնք ծավալվում են ինչպես պատերազմի ավանդական, այնպես էլ նոր տիրույթներում, պահանջում են հենց այս մոտեցումը։ Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Հրաչյա Արզումանյանը, գրքում քննարկվում են տեսական հարցեր և դիտարկվում մի շարք երկրների փորձի ուսումնասիրության միջոցով անվտանգության նկատմամբ համապարփակ մոտեցման կայացման, զարգացման պատմությունը: Առանձին ուշադրություն է դարձվում Հայաստանի համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի որոշ ասպեկտների մշակմանը, որի ծավալումը կպահանջի խորը փոփոխություններ պետական ինստիտուտներում և հասարակությունում։ Դիտարկվում է նաև հիբրիդային պատերազմի մեթոդների կիրառումը համապարփակ մոտեցման շրջանակներում, ինչպես նաև ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում տեղի ունեցող փոփոխությունները պատերազմի առկա տեսլականում։
Գիրքը հրատարակվել է “Կողբ” հիմնադրամի աջակցությամբ։ Հիմնադրամի ղեկավար Արման Բարսեղյանը պատմել է, որ գիրքը կնպաստի Հայաստանի քաղաքական պատմության ավելի լավ ընկալմանը, հայոց պետականության անցած ճանապարհի իմաստավորմանը և կծառայի հայկական պետական ինքնիշխանության վերականգնման գործին: