Հայաստանում և Արցախում մեկնարկած «ՀայաՔվե»-ի գործընթացն, ըստ էության, օրենսդրական ևս մեկ կարգավորում է, որն ապահովում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի և Սահմանադրության սկզբունքների և հիմնարար դրույթների պահպանումը: Այն նաև 2015 թվականին նորացված Սահմանադրության հիմնական դրույթներից մեկի՝ քաղաքացիների ուղիղ օրենսդրական իրավունքի իրականացման անդրանիկ դեպքն է, որն յուրաքանչյուր ժողովրդավարական հասարակության հենասյունն է: Առաջին անգամ Հայաստանում քաղաքացիները հանդես են գալիս ոչ միջնորդավորված օրենսդրական նախաձեռնությամբ: Հետանկախ Հայաստանի բոլոր ժամանակներում օրենսդրական նախաձռնության իրավունքը վերապահված է եղել միայն պատգամավորներին և գործադիրին:
«ՀայաՔվե»-ի նպատակը Քրեական օրենսգրքի Սահմանադրական կարգի դեմ կատարված հանցագործությունների բաժնում երկու հոդված ավելացնել է, առաջինով քրեական պատասխանատվություն է սահմանվում ցանկացած փաստաթղթի ստորագրման դեպքում, որով Արցախի Հանրապետությունը կընդգրկվի այլ պետության կազմում, երկրորդով՝ պատասխանատվություն է սահմանվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու և նրա պատմական նշանակությունը նսեմացնելու համար: Այս պահանջներն արդեն ամրագրված են ՀՀ Սահմանադրության և Անկախության հռչակագրի մեջ: Վերջինումս հղում է արված 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, որով ՀՀ որևէ ներկայացուցչի արգելվում է որևէ փաստաթուղթ ստորագրել, որում Արցախը դիտարկված կլինի Ադրբեջանի կազմում:
Նախաձեռնությանը դեմ արտահայտվողները հիմնավորում են ներկայացնում, թե այն խաչընդոտում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, մասնավորապես՝ խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Առաջին հայացքից այս տեսակետը ճշմատանման է թվում, սակայն հարցի խորությամբ դիտարկումը տրամագծորեն հակառակն է փաստում: Հայ-ադրբեջանական ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը որևէ առնչություն չպետք է ունենա Արցախի հանրապետության և Արցախի ժողովրդի իրավունքների հետ: Արցախյան հիմնահարցը չի եղել տարածքային վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև, որպեսզի արձանագրվի հարաբերությունների հաստատման փաստաթղթի մեջ:
Այս ողջ ժամանակահատվածում համայն հայությունը աշխարհից և Հայաստանից պաշտպանել են արցախցիների ինքնորոշման իրավունքը՝ թույլ չտալով Ադրբեջանին հերթական անգան ցեղասպանության ենթարկելու նրան իր հազարամյակների բնօրրանում: Միգուցե արցախցիների անվտանգության հարցերը կարող են տեղ գտնել հաշտության փաստաթղթում, բայց ինքնորոշնման փաստի վերաբերյալ իրավական տեսանկյունից և միջազգային փորձի համաձայն, այնտեղ դրույթ չպետք է լինի: Հետևաբար «ՀայաՔվե»-ով շրջանառվող օրենքի նախագիծը չի կարող և չպետք է վերաբերի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը և ստորագրվելիք հարաբերությունների հաստատման պայմանագրին: Արցախի ինքնորոշման հարցը պետք է դիտարկվի լրիվ այլ ձևաչափում, բայց՝ միջազգային կառույցների հովանու ներքո տարվող բանակցություններում:
Արմեն Վարդանայն