«Ազատ ամբիոն» խորագիր. «Ում ենք ինչ ապացուցումը»

Երբ ցանկանում ես ընդունելի եւ հարմար լինել բոլորի համար, ի վերջո կորցնում ես սեփական դեմքդ։ Այդպես է նաեւ ժողովուրդների, հասարակությունների, հանրույթների դեպքում։ Ազգ հասկացությունը չենք օգտագործում, քանի որ ազգերն ունեն արժեհամակարգային կայուն դիվագիծ, գաղափարական ամուր հենք, որոնք չեն փոփոխվում արտաքին ուժերի հարմարությունից ելնելով։

Ի՞նչ ենք իրականում ստանում, երբ ընդունելով թույլի կարգավիճակը, համակերպվում ենք ցանկացած ստորացման, կորստի հետ։ Դրա գինը ինքնության կորուստն է եւ թշնամւ ձեռքին խամաճիկ դառնալը։ Այսօր մեզ համոզում են, որ ներկա պայմաններում չկա որեւ այլընտրանք համապարփակ կապիտուլյացիային։ Ողբերգությունն այն է, որ նման իրավիճակ է ներկայացվում ոչ միայն թշնամու կողմից, այլեւ Հայաստանի գործող իշխանությունների, ինչպես նաեւ «միջազգային հանրություն» կոչվածի կողմից։ Մեզ որպես հանրույթ, հավաքականություն տանում են հոգեբանական կապիտուլացիայի՝ նախ համոզելով, որ մենք՝ հայերս, թույլ ենք, վախկոտ, դասալիք եւ այլն։ Հայկական հեքիաթները կարեւոր խորքային խնդիրների են անդրադառնում։ Այս համատեքստում դրանցից կարելի է առանձնացնել Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը», «Կիկոսի մահը», «Անխելք մարդը», որտեղ կան վախերի, իրական եւ մտացածին կորուստների վերաբերյալ, խնդիրների լուծումները չտեսնելու եւ նորանոր խնդիրների բախվելու դիտարկումներ։

Թշնամու առջեւ տեղեկատվական-հոգեբանական կապիտուլյացիային հեշտությամբ հաջորդում է պարտությունը, զիջումները նաեւ մյուս մակարդակներում՝ քաղաքական, գաղափարական, տարածքային, արժեհամակարգային։ Այդ վտանգավոր, քայքայիչ գործընթացը մեկ այլ գործընթացի համար է ճանապարհ բացում՝ տանելով նախկին արժեհամակարգի խարխլման, հասարակության բարոյական նորմերի փոփոխության։ Կապիտուլյացիան իրականում ավելի է սրում, մոտեցնում անցանկալին, վատը, այն ամենը, որից մարդը, հասարակությունը փորձում է հրաժարվել, օտարվել, ազատվել։

Ազգային ինքնության հետ խնդիրներ առաջանալու պարագայում է, որ մեր բազմաթիվ հայրենակիցների շրջանում այդ նույն ինքնությունից հրաժարվելու, մերժելու ցանկություն է առաջանում, նրանք չեն ուզում լինել «դասալիք», «վախկոտ», «թույլ» հանրույթի, ազգի ներկայացուցիչ՝ նախընրտելով հրաժարվել եւ առաջիններից մեկը լինել, որը կփնովի, կքննադատի, կօտարվի այդ «խնդրահարույց» ինքնությունից։ Կրկին առաջ է գալիս այդ «հիվանդությունից», «վիրուսից» բուժվելու, ազատվելու հարցը․ ինչպես անել, որպեսզի հայը ընդունի իր տեսակը, նույնանա, ինքնանա եւ եթե անգամ թերացումներ, սխալներ եւ բացթողնումներ կան, ապա ոչ թե օտարվի, այլ տարբերակներ քննարկի, լուծումներ փնտրի եւ զգա իրեն ամբողջի մասնիկը։ Հիվանդ կամ այդպիսին համարվող ծնողից չեն հրաժարվում, սխալ գործած երեխայից երես չեն թեքում։ Այդ վերաբերմունքին պետք է արժանանա նաեւ հայրենիքը, ազգը, որին պատկանում ենք, տեսակը, որի ուժեղ եւ թույլ կողմերի կրողն ենք։

ՀՀ Թերթ