Տեսակետ. ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան՝ Հայաստանն անում էր երեք քայլ ու Ադրբեջանը փախչում էր հավերժականորեն պատմության գիրկը

2020-ին Հայաստանը պարտվեց պատերազմում, չնայած կարող էր հաղթել. Այնպիսի թեթեւամիտ, ինչպիսին Ալիեւն էր, որ հարձակվեց Հայաստանի վրա, դժվար է պատկերացնել, բայց երեւի մի բան գիտեր, որ Հայաստանը չի կարող պատասխանել: Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Հայաստանն անում էր երեք քայլ  ու Ադրբեջանը փախչում էր հավերժականորեն պատմության գիրկը: Լուծում էր Սարսանգի հարցը, Մարտակերտի ճակատը վերացնում էր, երկրորդը, «Տոչկո ՈՒ»-երով հարվածում էր նավթամուղ-գազամուղներին, երրորդը, միջուկային թափոնները կարող էր շաղ տալ հարավային ռազմաճակատում եւ վերջացնել:

 

Մենք այսօր ուկրաինական պատերազմում տեսնում ենք, որ Կախովկայի ՀԷԿ-ը պայթեցրին ռազմական նպատակներով, տեսնում ենք, որ արեւմտյան երկրներից մեկը Ուկրաինային սովորեցնում է օգտագործելու կեղտոտ միջուկային զենք: Ճիշտ են անում, պատերազմում հաղթելու կամ չպարտվելու համար ամեն ինչ պետք է անել: Այս երեք բանը սեպտեմբերի 28-ի երեկոյան ասվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին: Ես դեռ չեմ խոսում, որ «Իսկանդեր» ունեինք, որ կարող էինք օգտագործել, չեմ խոսում հարավում ավանտյուրիստական հակահարձակման մասին»,-ասաց Բագրատյանը:

Նա հիշեցրեց, որ այդ ժամանակ իրար հետեւից հարցազրույցներ էր տալիս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը եւ ասում, որ մենք բարբարոս չենք, որ նման քայլեր անենք: «Նրանք հարձակվել, մեզ մորթում են, բարբարոս չեն, մենք ենք բարբարոսը: Ո՞րն էր իր օգուտը, ինչու էր նման բաներ ասում»:

Անդրադառնալով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, Բագրատյանն ասաց, որ դա եղել է Հայաստանի խնդրանքով Ռուսաստանի միջնորդությամբ. «Ու հանկարծ այնտեղ հայտնվում է 9-րդ կետը, որը չի վերաբերում Արցախին: Մի կետ էլ կար, որ զորքերը պետք է կանգնեն այնտեղ, որտեղ կանգնած են: Այդ ժամանակ մեր զորքերը Կապանից 20 կմ առաջ են: Փաշինյանն ասում է զորքերին՝  հետ եկեք: Իրեն ասում են՝ բա էստեղ գրված է, որ որտեղ կանգնած ենք, էնտեղ պետք է մնանք: Ասում է՝ չէ, դա իմ որոշումն է: Ընդ որում հետ են գալիս ավելին, քան պետք է, mi ban 1l զիջում են նաեւ Հայաստանի տարածքից, օրինակ, Գորիս-Ճակատեն հատվածը:

Հայտարարության 9-րդ կետում գրված է «անխոչընդոտ ճանապարհ»: Փոխանակ Նիկոլ Փաշինյանը կառչեր նոյեմբերի 9-ի հայտարարությունից, ասելով, որ այդ ճանապարհը ինչ էլ տրվի, ռուսներն են հսկելու, գնամ ռուսների հետ հասնեմ  ճանապարհների այնպիսի կարգավիճակի, որ Հայաստանի ինքնիշխանությունը չխախտվի կամ նվազագույն չափով խախտվի, սկսեց հակառուսական պրոպագանդան»,-ընդգծեց Բագրատյանը:

News.am