Հակիրճ՝ մեր իրականության մասին՝ առանց գույները խտացնելու, կամ՝ նոսրացնելու։
Արցախում շատ բան է որոշվում։ Ոչ միայն Արցախի հետագան։
Արցախում որոշվում է Հայաստանի Հանրապետության ճակատագիրը։ Արցախում որոշվում է ընդհանրապես հայության ճակատագիրը։
Արցախյան առաջին ազատամարտից հետո հայության գլուխն աշխարհում բարձր էր, ողնաշարը՝ ձիգ։ 44-օրյայից հետո հայությունն իրեն լրիվ այլ կերպ է զգում աշխարհում՝ անորոշ սպասումով, ծնկած, թեքված։
Հիմա Հայաստանի Հանրապետությունն Արցախին մենակ է թողել։ Իսկ Սփյուռքը․․․ Սփյուռքը բազմաշերտ է, բազմատարր, բազմախորք։ Արցախին աջակցության նպատակով Սփյուռքի գործոնն աշխուժացնելու համար պետք է աշխատի Հայաստանի Հանրապետությունը (կամ՝ կազմակերպված հայանպաստ հայաստանյան ուժ)։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը զբաղված է մեկ գործով՝ ինչ էլ լինի, մեկ օրակարգ կա՝ թուրքի հետ խաղաղության։
Հայաստանի Հանրապետությունը օրական քանի՜ անգամ է հիշում, որ Արցախը շրջափակված է թշնամու կողմից։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է ամառային արձակուրդների։ Հայաստանի Հանրապետությունը «մայկա-տռուսիկով» գնում է թատրոն, թանգարան, բայց ոչ թատրոնի հարգը գիտի, ոչ թանգարանի։ Հայաստանի Հանրապետությունը լուրջ հոգեբանական քննության կարիք ունի, բայց հոգեբանները հիմնականում լուռ են, խոսում են «աստղագետ» տնային տնտեսուհիները, որոնք նույնիսկ աստղային համաստեղությունները (դպրոցական տարիքից հայտնի) երկնքում գտնել չեն կարող։
Հայաստանի Հանրապետություն ասելով նկատի ունենք բոլորին՝ օրվա քաղաքական իշխանությունը վարողներին, նրանց սպասարկող «աստղագետներին», կեղծ-անգրագետ «լրագրողներին», ցուցքի (շոու) «աստղիկներին», «դասախոսներին», «պրոֆեսորներին»․․․ Նկատի ունենք բոլորին, բացառությամբ ազգային հատվածի։
Արցախը լիովին շրջափակված է, Արցախը մենակ է, Արցախում հացի հերթեր են, էներգամատակարարումը լիարժեք չէ, գյուղատնտեսական աշխատանքներ չեն կարողանում անել՝ թուրքը չի թողնում, կրակում է աշխատող գյուղտեխնիկայի ու մարդկանց վրա։ Արցախն իր կողքին Հայաստանի Հանրապետությանը չի զգում, փոխարենը ամեն օր շոշափում է թուրքական մահաբեր շունչը։ Ադրբեջանը սպառնում է «հակաահաբեկչական գործողություններ» անել ու վերջնականապես մաքրել Արցախը։
Ահա մեր իրականությունը՝ առանց գույները խտացնելու, կամ՝ նոսրացնելու, հակիրճ ու պարզունակ (բոլոր շերտերի ուղեղներին մատչելի տեղ հասցնելու նպատակով) նկարագրված։
«Ադրբեջանում Արցախի նկատմամբ նոր օպերացիա սկսելու մեծ քարոզչություն է տարվում, որն ուղղված է եւ´ ներքին, եւ´ արտաքին լսարանին: Այն, ինչ ակնարկվում է Ադրբեջանից, ենթադրում է, որոշակի սահմանափակ գործողությունների իրականացնում, ռազմական օբյեկտների դեմ հարվածներ, չի բացառվում, նաեւ որոշ ռազմավարական բարձունքների նկատմամբ վերահսկողության հասնելու փորձ: Ադրբեջանը սպասում է Արցախի շրջափակումով պայմանավորված ճգնաժամային իրավիճակի պիկին, մյուս կողմից` ցանկանում է ռեալ գնահատել իր գործողությունների հնարավոր միջազգային հետեւանքը: Ադրբեջանը երկու դեպքում խոշոր գործողության կգնա, որոնք միմյանց հետ շաղկապված են: Առաջին, եթե ստանա միջազգային խոշոր դերակատարների լուռ համաձայնությունը, երկրորդ, եթե այդ նույն դերակատարների հնարավոր արձագանքը հաշվի չառնելով գնա արկածախնդրության, բայց այս դեպքում դրա հետեւանքները հաշվարկված չեն: ՀԳ. Հայաստանի իշխանություն կոչվող ոչնչության գործոնն անիմաստ է քննարկել»․ սա «Պատիվ ունեմ»-ի Տիգրան Աբրահամյանի խոսքն է:
Մի բան էլ հավելենք՝ Արցախում վճռվում է նաեւ ՌԴ-ի՝ տարածաշրջանում հետագա դերը, կշիռը եւ ընդհանրապես այստեղ մնալ-չմնալը։ Ադրբեջանի պետական AzTV հեռուստաալիքը հայտարարել է Արցախի դեմ նոր ռազմական ագրեսիայի մեկնարկի մասին։ Միաժամանակ, տեղեկատվական տարածքի ձեւավորման գործում ակտիվորեն ներգրավված են Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից ֆինանսավորվող ռեսուրսները։ Հեռուստաալիքի եւ հարակից հարթակների հաղորդագրություններում շեշտը դրված է ուժի ցուցադրման վրա։ Նշվում է, որ Ադրբեջանի դիրքորոշումը եռակողմ հայտարարության հարթեցման վերաբերյալ, որը ենթադրում է հակամարտության խաղաղ լուծում, գնալով ավելի հստակ է դառնում։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի նկատմամբ բացահայտ դժգոհությունն ու քննադատությունը վկայում են նրա դեմ Ադրբեջանի կողմից ագրեսիվ գործողությունների հավանականության մասին (avia.pro)։ Az տիրույթն ամբողջությամբ լծվել է Արցախում Ադրբեջանի կողմից «հակաահաբեկչական գործողություններ» իրականացնելու արդարացմանը։
Արցախում շատերի ճակատագիրն է որոշվում, բայց Արցախը մենակ է մնացել։ Սա աներեւակայելի աստիճանի սարսափելի իրականություն է, որ եթե անհապաղ չշտկվի, հետո արդեն չենք ունենա այդ իրականություն կոչվածը՝ ոչ լավ, ոչ վատ։ Բայց վստահ ենք՝ մեր երկրում ճառասացներից բացի կան նաեւ զանգ կախողներ, որոնք շատ լավ գիտեն, թե այս զզվելի իրավիճակը փրկելու համար ո՛ր շերտին է պետք արթնացնել։ Չի՛ լինելու հայի կործանում։ Սա՝ ի գիտություն ներքին եւ արտաքին թշնամիների։ Փոխարենը լինելու է այն հզոր կործանումը, որ սրբելու-տանելու է շատ հայատյացների՝ ներքին թե արտաքին։ Զսպանակը երկար պրկված մնալ չի կարող․․․