Անկախ պետությունները` Ադրբեջանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը, Մոլդովայի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը (ՌՍԴԽՀ), Տաջիկստանի Հանրապետությունը, Թուրքմենստանը, ՈՒզբեկստանի Հանրապետությունը և ՈՒկրաինան,
ձգտելով կառուցել ժողովրդավարական, իրավական պետություններ, որոնց միջև հարաբերությունները կզարգանան պետական ինքնիշխանության ու ինքնիշխան հավասարության փոխադարձ ճանաչման և հարգման, ինքնորոշման անքակտելի իրավունքի, միմյանց ներքին գործերին չմիջամտելու և իրավահավասարության սկզբունքների ուժի գործադրումից և ուժով սպառնալիքից, տնտեսական և ճնշման ցանկացած այլ մեթոդից հրաժարվելու, վեճերի խաղաղ կարգավորման, մարդու իրավունքների և ազատությունների հարգման, ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքները, միջազգային իրավունքի նորմերի ու հանրաճանաչ այլ սկզբունքների ու պարտավորությունների բարեխիղճ կատարման հիման վրա,
ճանաչելով և հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը,
համարելով, որ բարեկամության պատմական խորը արմատներ ունեցող հարաբերությունների, բարիդրացիական և փոխշահավետ համագործակցության ամրապնդումը համապատասխանում է ժողովուրդների արմատական շահերին և ծառայում խաղաղության և անվտանգության գործին,
գիտակցելով իր պատասխանատվությունը քաղաքացիական խաղաղության և միջազգային համաձայնության պահպանման համար,
հավատարիմ լինելով Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին Համաձայնագրի նպատակներին ու սկզբունքներին,
հայտարարեցին ներքոհիշյալի մասին.
Համագործակցության մասնակիցների փոխգործունեությունն իրականացվելու է իրավահավասարության սկզբունքի, համակարգող ինստիտուտների միջոցով ձևավորված պարիտետային հիմքի վրա և գործող համագործակցության մասնակիցների միջև համաձայնագրերով որոշվող կարգով, որը ոչ պետություն է, ոչ վերպետական կազմավորում:
Միջազգային ռազմավարական կայունության և անվտանգության ապահովման նպատակներով պահպանվելու է միջուկային զենքի նկատմամբ միասնական հսկողությունը և ռազմաստրատեգիական ուժերի միացյալ հրամանատարությունը: Կողմերը կհարգեն ոչ միջուկային և (կամ) չեզոք պետության կարգավիճակի հասնելու միմյանց ձգտումը:
Անկախ Պետությունների Համագործակցությունը բաց է նրա բոլոր մասնակիցների համաձայնությամբ նախկին ԽՍՀ Միության անդամների, ինչպես նաև Համագործակցության նպատակներն ու սկզբունքները կիսող այլ պետությունների, դրան միանալու համար:
Հաստատվում է կողմնակցությունը ընդհանուր տնտեսական տարածության, համաեվրոպական և եվրասիական շուկաների ձևավորման ու զարգացման համագործակցությանը:
Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծմամբ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը դադարեցնում է իր գոյությունը:
Համագործակցության մասնակից պետությունները երաշխավորում են իրենց սահմանադրական ընթացակարգերին համապատասխան նախկին ԽՍՀ Միության պայմանագրերից և համաձայնագրերից բխող միջազգային պարտավորությունների կատարումը:
Համագործակցության մասնակից պետությունները պարտավորվում են անվերապահորեն պահպանել սույն Հռչակագրի սկզբունքները:
Ադրբեջանի Հանրապետության համար՝ Ա.Մութալիբով
Ռուսաստանի Դաշնության (ՌՍՖՍՀ) համար՝ Բ.Ելցին
Հայաստանի Հանրապետության համար՝ Լ.Տեր-Պետրոսյան
Տաջիկստանի Հանրապետության համար՝ Ռ.Նաբիև
Բելառուսի Հանրապետության համար՝ Ս.Շուշկևիչ
Թուրքմենստանի համար՝ Ս.Նիյազով
Ղազախստանի Հանրապետության համար՝ Ն.Նազարբաև
Ուզբեկստանի Հանրապետության համար՝ Ի.Քարիմով
Ղրղզստանի Հանրապետության համար՝ Ա.Ակաև
Ուկրաինայի համար՝ Լ.Կրավչուկ
Մոլդովայի Հանրապետության համար — M.Snegur
Ալմա Աթա, 21 դեկտեմբերի, 1991 թ
***
ԼՐԱՑՈՒՑԻՉ
Ստորագրություն:
Սա հաստատում է, որ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ստորագրում է 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ալմա Աթայում Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի նիստում ստորագրված ԱԼՄԱ ԱԹԱՅԻ Հռչակագիրը:
Գ.Ա.Ալիև — ԱՀ նախագահի պաշտոնակատար
Կատարված է Մոսկվայում 1993 թվականի սեպտեմբերի 24-ին
Ստորագրություն:
Սա հաստատում է, որ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ստորագրում է 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ալմա-Աթայում Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի նիստում ստորագրված ԱԼՄԱ ԱԹԱՅԻ Հռչակագիրը:
Է.Ա.Շևարդնաձե — Խորհրդարանի նախագահ, Վրաստանի Հանրապետության ղեկավար
Կատարված է Թբիլիսիում 1993 թվականի դեկտեմբերի 9-ին
***
Հռչակագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1991 թվականի դեկտեմբերի 21-ից: