Մեր վրդովմունքն ենք հայտնում ՀՀ վարչապետի մի շարք վնասակար և վտանգավոր ձևակերպումների ու գաղափարների առթիվ. Արցախի ԱԺ

Արցախի Ազգային ժողովը հանդես է եկել հայտարարությամբ՝ Արցախի Հանրապետության ինքնիշխանությանն ու սուբյեկտայնությանը սպառնացող վտանգների և մարտահրավերների մասին: Քվեարկությանը ներկա են եղել Արցախի ԱԺ 33 պատգամավորներից 28ը, եւ բոլորը կողմ են քվեարկել:

Հայտարարությունում ասվում է. «Ղարաբաղյան հիմնախնդրի տարեգրության ողջ ընթացքում պարբերաբար շրջանառվում են հիմնախնդրի էությունը խեղաթյուրող և նենգափոխող հայտարարություններ, որոնք բարդացնում ու խճճում են հակամարտության համապարփակ և վերջնական կարգավորման գործընթացը։ Անթույլատրելի ենք համարում տարբեր քաղաքական ուժերի և գործիչների կողմից Արցախի սուբյեկտայնությունը, նրա հայկական ապագան կասկածի տակ դնող կամ նվազեցնող ցանկացած հայտարարություն։ Տարակուսելի է, որ վերջին նման հայտարարությունը հնչել է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից՝ դեկտեմբերի 24-ին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին պատասխանելու ընթացքում։

Արցախի ճակատագիրը որևէ քաղաքական ուժի մենաշնորհը չի եղել և չի լինելու։ Արտահայտելով Արցախի Հանրապետության հանրային և քաղաքական լայն շրջանակների կարծիքն ու դիրքորոշումը՝ մեր անհամաձայնությունն ու վրդովմունքն ենք հայտնում հարցազրույցի ընթացքում հնչած մի շարք վնասակար և վտանգավոր ձևակերպումների ու գաղափարների առթիվ։

Մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ 1988 թ. ազգային- ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման արդյունքների ֆոնին հնչեցվում են ձևակերպումներ, որոնք կասկածի տակ են դնում 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակված և միջազգային իրավունքի նորմերին լիովին համապատասխան ձևավորված Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության գոյությունը և նրա տևական պայքարը միջազգային ճանաչման հասնելու ուղղությամբ։

Նախորդ տարիների բանակցային գործընթացում հայկական կողմերի  իրավական և քաղաքական հիմքերը և մեր ազգային շահերի պաշտպանությունն այդ համատեքստում որևէ հակասության մեջ չէր մտնում միջազգային կառույցների և միջնորդների ներկայացրած դիրքորոշումների հետ։

Այն, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը երբեք չի անտեսվել միջնորդների կողմից նախկինում ներկայացված առաջարկություններում, հաստատվում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տրված պարզաբանումներում։

Բանակցային գործընթացում տարբեր տարիների քննարկված աշխատանքային տարբերակների և բանակցային ձևաչափի հնարավոր փոփոխման մասին շահարկումները մտահոգիչ և վտանգավոր են։

Անընդունելի ենք համարում Արցախի հայկականությունը կասկածի տակ դնող և հնարավոր օտար տարրերի ներկայության կարևորությունը ընդգծող հայտարարությունները, որոնք մերժելի ու պարսավելի են Արցախի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հազարավոր հայորդիների հիշատակի դիմաց։

Գլուխ խոնարհելով արցախյան գոյապայքարի բոլոր նահատակների առջև, միաժամանակ երախտագիտություն ենք հայտնում համայն հայությանը, մասնավորապես ՀՀ մեր հայրենակիցներին՝ Արցախի կողքին կանգնելու, նրա տառապանքներն ու զրկանքները միասին կիսելու համար:

Հայկական երկու հանրապետությունների եղբայրական փոխհարաբերությունների հիմքում տարիներ շարունակ անխափան գործել է դեռևս 1992թ. հուլիսի 8-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ընդունած որոշումը, որը հստակ սահմանել է միջազգային հանրության լիիրավ անդամ Հայաստանի Հանրապետության վերաբերմունքը միջազգային ճանաչման ձգտող Արցախի Հանրապետության նկատմամբ: Այդ որոշմամբ ՀՀ-ը պարտավորվում է «հետևողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը»: Սահմանվում է նաև, որ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»: Այս բանաձևն արդիական է նաև այսօր:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, վերահաստատելով Արցախի ժողովրդի և իշխանությունների դիրքորոշումը Արցախի Հանրապետության ինքնիշխանության և անկախության հարցում, հայտարարում է՝

անընդունելի է առանց Արցախի իշխանությունների տեսակետը հաշվի առնելու դիրքորոշում հայտնելը, քանի որ Արցախի ապագայի հարցով որոշում ընդունելու իրավասություն ունեն միայն Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից ընտրությունների միջոցով ձևավորված  իշխանությունները։