ԱՄՆ Թուրքիային կոչ է արել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի չվերածել

Միացյալ Նահանգները Թուրքիայի կառավարությանը կոչ է արել պահպանել Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը, որպես թանգարան՝ դրանով իսկ մերժելով Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի այն մզկիթի վերածելու առաջարկը։

«Թուրքական կառավարությունը Սուրբ Սոֆիայի տաճարը կառավարել է թանգարանի կարգավիճակով, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պաշտոնապես ճանաչվել է որպես Ստամբուլի պատմական հուշարձանների մաս եւ ընդգրկվել է Համաշխարհային ժառանգության ցանկում։

Մենք վճռականորեն կոչ ենք անում Թուրքիայի կառավարությանը շարունակել պահպանել Սուրբ Սոֆիայի տաճարը որպես թանգարան՝ որպես կրոնական ավանդույթների ու բազմազան պատմության հանդեպ իր հարգանքին հավատարմության օրինակ եւ այն հասանելի դարձնել բոլորի համար: Այս հազվագյուտ օբյեկտը գեղարվեստական եւ տեխնիկական հանճարեղության կրոնական արտահայտություն է, որն արտացոլված է նրա հարուստ ու բարդ 1500-ամյա պատմության մեջ:

Ավելին, տաճարի կարգավիճակը, որպես թանգարան, աշխարհի տարբեր երկրներից մարդկանց թույլ է տալիս վայելել այն եւ մտորել այս հոյակապ ձեռքբերման շուրջ:

Միացյալ Նահանգները Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխումը դիտարկում է որպես այս հիանալի շենքի եւ կրոնական տարբեր ավանդույթների ու մշակույթների մարդկանց միջեւ որպես հիմնական կամուրջ ծառայելու նրա անգերազանցելի կարողության ժառանգության նվազում:

Մենք ձգտում ենք շարունակել աշխատել Թուրքիայի կառավարության հետ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ կրոնական եւ մշակութային վայրերի պահպանման շուրջ»,- նշվում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության մեջ:

News.am