Բռնի ուժով պարտադրված պայմանագրեր՝ «Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ-ի միջև խաղաղության պայմանագիր», 10 օգոստոսի, 1920 թ.

Բռնի ուժով պարտադրված պայմանագրեր՝ «Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ-ի միջև խաղաղության պայմանագիր»,                    10 օգոստոսի, 1920 թ.

Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև համաձայնագիրը ստորագրվել է 1920 թվականի օգոստոսի 10-ին՝ Թիֆլիսում, ՌԽՖՍՀ (Բորիս Լեգրան և ուրիշներ) և Հայաստանի Հանրապետության կառավարության (Արշակ Ջամալյան և ուրիշներ) պատվիրակությունների միջև։

Բանակցությունները սկսվել են օգոստոսի 6-ին։ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը քննարկման համար առաջադրել էր հետևյալ պայմանները, ՌԽՖՍՀ-ն պետք է ճանաչի Հայաստանի Հանրապետությունը և չմիջամտի վերջինիս ներքին գործերին, պետք է դադարեցվեն ռազմական գործողությունները միմյանց դեմ, և խորհրդային զորքերը ետ քաշվեն, ու վերականգնվի ստատուս քվոն մինչև նրանց Ղարաբաղ և Իջևան մտնելը։

Իսկ հայկական զորքերը իրենց հերթին չեն մտնի Ղարաբաղ, հայկական կառավարությունը թույլ կտա Նախիջևան մտած խորհրդային զորքերին ազատորեն անցնել Ադրբեջան, խորհրդային զորքերը չպետք է կենտրոնանան Հայաստանի սահմանների վրա և այլն։ Բանակցությունները տևում են մինչև օգոստոսի 10-ը, և հենց այդ օրն էլ ստորագրվում է համաձայնագիրը։

Համաձայնագիրը բաղկացած էր նախաբանից և 6 հոդվածներից։ Նախաբանում ասված էր, որ ՌԽՖՍՀ-ն ճանաչում է Հայաստանի Հանրապետության անկախությունն ու լիակատար ինքնուրույնությունը։

1-ին հոդվածով օգոստոսի 10-ից դադարեցվում էին ռազմական գործողությունները ՌԽՖՍՀ-ի և Հայաստանի միջև։

Հայկական զորքերը Նախիջևանի հատվածում զբաղեցնում էին Շահթախթի-Խոկ-Ազնաբերդ-Սուլթանբեկ և այնուհետև հյուսիս ու Բազարչայից արևմտյան գիծը, իսկ Ղազախի գավառում՝ մինչև հուլիսի 30-ը զբաղեցրած գիծը։ ՌԽՖՍՀ զորքերը զբաղեցնում էին վիճելի համարվող Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը, բացի հայկական զորքերի կողմից զբաղեցվող վերը նշած շերտի (հոդված 2),

խորհրդային զորքերի կողմից վիճելի տարածքների գրավումը չպետք է կանխորոշեր դրանց նկատմամբ Հայաստանի կամ Ադրբեջանի իրավունքի հարցը։ Այդ տարածքների ժամանակավոր գրավումով ՌԽՖՍՀ-ն նպատակ ուներ նպաստավոր պայմաններ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճերի խաղաղ լուծման համար, այն հիմունքներով, որոնք կհաստատվեին ՌԽՖԱՀ և Հայաստանի Հանրապետության միջև կնքվելիք հաշտության պայմանագրում (հոդված 3)։

Կողմերը պարտավորվում էին նաև զորքեր չկենտրոնացնել ինչպես վիճելի, նույնպես և սահմանակից տարածքներում (հոդված 4)։

Մինչև կողմերի միջև պայմանագրի ստորագրումը Շահթախթի-Ջուլֆա երկաթգծի շահագործումը հանձնվում էր Հայաստանի երկաթուղային վարչությանը, պայմանով, սակայն, որ այն չօգտագործվի ռազմական նպատակներով (հոդված 5)։

ՌԽՖՍՀ-ն երաշխավորում էր հայկական զորքերի ազատ անցումը Հայաստան, որոնք հայտնվել էին խորհրդային զորքերի զբաղեցրած գծից այն կողմ (հոդված 6)։

Համածայնագրից դժգոհ մնացին ինչպես Հայաստանի, այնպես էլ ՌԽՖՍՀ-ի դաշնակիցները։

Շուտով Երևան են ժամանում Անդրկովկասում Անգլիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները և Հայաստանի կառավարությունից պահանջում բացատրություն, թե արդյոք համաձայնագրի ստորագրումը չի նշանակում, որ նա փոխել է իր քաղաքականությունը Արևմուտքի նկատմամբ։

Հայաստանի կառավարությունը հավաստիացնում է նրանց, որ նախկինի նման մնում է հակաբոլշևիկյան դիրքերում։ Իսկ խորհրդային Ռուսաստանի դաշնակիցները՝ քեմալական Թուրքիան և Ադրբեջանը, դժգոհելով, առավել ուժեղացրին հակահայկական իրենց գործունեությունը։

Մոսկվայում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Բեքիր Սամին համառորեն պնդում է և ի վերջո ստանում խորհրդային կառավարության համաձայնությունը Շահթախթին ու Սարիղամիշը գրավելու համար՝ կարմիր բանակի հետ անմիջական կապ ստեղծելու պատրվակով։ 1920 թվականի սեպտեմբերին թուրքական զորքերը ներխուժում են Հայաստան։

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից