Խաղաղ ապրելու լավագույն ձեւը՝ զինվել ու կրկին զինվե

44-օրյայից անմիջապես հետո, երբ գրեթե ամեն օր խոսում էինք երկրի ուժերը մոբիլիզացնելու, գլխավոր գանձարանի ծախսերի առաջնահերթությունը որոշելու, ռազմարդյունաբերական հզոր ոլորտ ունենալու, զարգացնելու եւ այն տնտեսության քարշակ ուժ դարձնելու, ըստ այդմ, մշտապես զինվելու-արդիականացվելու համար գումար ունենալու անհրաժեշտությունից, որոշ տհասներ հաճախ էին մեզ հարցնում՝ «պատերա՞զմ եք ուզում»։ 

«Տհաս» ասելով, հավատացեք, չենք կոպտում, գրավոր խոսքում միշտ նրբանկատ ենք, բայց իրերն ու երեւույթները ճիշտ ենք բնութագրում։ Կատարյալ տհասություն է չհասկանալը, որ երբ պատրաստվում ես պատերազմի, թշնամին քո դեմ չի պատերազմում՝ հասկանալով, որ դա արկածախնդրություն է, կամ՝ եթե պատերազմում է, ապա դու կարողանում ես նվազագույն կորուստներով դուրս գալ դրանից։ Նաեւ՝ պատերազմին միշտ պատրաստ լինելը լավագույն ձեւն է խաղաղ ապրելու։

44-օրյայից հետո անընդհատ կոկորդով մեկ բղավում ենք, թե խաղաղություն ենք ուզում, բայց քանի որ այդպես էլ պատերազմի չենք պատրաստվում, եւ՛ խաղաղություն չենք ստանում, եւ՛ պատերազմն իրապես չի ավարտվում։ Զուգահեռ ամեն օր նվաստացումների չափաբաժին է որ ստանում ենք։

Նոյեբերի 9-ի «ղազագրից» հետո (եռակողմ այս հայտարարությունն էլ մեզ համար ստորացուցիչ էր, երբ թուրքին նվիրվեցին տարածքներ, որտեղ թուրքի ոտք չէր մտել) հայկական կողմը շարունակեց կորցնել տարածքներ Արցախից, թուրքը նաեւ օկուպացրեց ՀՀ տարածքներ, առեւանգեց զինվորների, քաղաքացիական անձանց, լիովին շրջափակեց Արցախից մնացած հատվածը։ Այսօր Ադրբեջանը հումանիտար բեռի մուտքը Արցախ չի թույլատրում։ Ադրբեջանը առեւանգում է բուժման նպատակով Կարմիր խաչի միջոցով Հայաստան տեղափոխվող 68-ամյա արցախցուն։

Ահա այն ամենը ինչ պետք է իմանալ մեզ սպասվող իբր խաղաղության մասին։ Եվ սա՝ ամենալավագույն դեպքում։ Մյուս դեպքը լինելու է պատերազմից սխալ ձեւով խուսափելու, ուժերը չմոբիլիզացնելու, թշնամու բերնին չգալու հետեւանքը, այն է՝ հայրենիքի կորուստ, ցեղասպանություն, նվաստացում։

ՀՀ օրվա քաղաքականությունը վարող իշխանական կողմը, համենայն դեպս, ինչքան ցույց է տալիս իրականությունը եւ իբրեւ դրա ապացույց՝ շրջափակված Արցախն ու օկուպացված ՀՀ տարածքները, ոչ մի հայանպաստ քայլ չի ձեռնարկում եւ թշնամուն չի պատասխանում։ Միակ բանը, որ անում է, կոչեր հղելն է, բայց դրանք էլ ճիշտ ձեւակերումներով չեն ու ընդդեմ թուրքի ոչ մի մեսիջ չեն պարունակում։ Արցախին լիովին միայնակ են թողել՝ փոխարենն առաջարկելով բանակցել թյուրքական ցրթուկի՝ Ադրբեջանի հետ։

Բանակցել թշնամու հե՞տ․․․ կարելի՞ է, թե՞ ոչ, ճի՞շտ է, թե՞ սխալ։ Հնարավոր է այո-ի եւ ոչ-ի տարբեր պատճառաբանություններ ու հիմնավորումներ բերել, բայց պատասխանելուց առաջ պետք է մեկ բան հիշել ու մեկ հարցի պատասխանել։ Հիշել, որ սա այն թշնամին է, որի միակ նպատակը հայերին բնաջնջելն է եւ պատասխանել՝ իսկ ո՜վ է այն բանակցողը, որ իրավիճակ կարող է փոխել։

Խնդրո առարկայի շուրջ ուշագրավ է արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանի տեսակետը։ «Եթե «արեւմուտքում» որոշել են, որ Արցախի հարցը մեկնընդմիշտ փակվել է, եւ այս պահին հրատապ է արդեն ադրբեջանցի իբր 65 հազար փախստականներով Սյունիքը բնակեցնելով, ավարտին մոտեցնել Հայաստանի սուբյեկտայնությունը՝ ինքնիշխանությունը ոչնչացնելու առաքելությունը, ապա չարաչար սխալվում են: Եթե այդպես է, մենք էլ այս պահին առավել հրատապ ենք համարում Նախիջեւանը գոնե 365 հազար հայ փախստականներով վերաբնակեցնելու խնդիրը, հաջորդ կլինի պատմական Արցախի տարածքները եւ այլն:

Հայրենական բոլոր այն գործիչները եւ հաստիքային քարոզիչները, որոնք լուրջ դեմքով խորհուրդներ են տալիս Արցախի իշխանություններին՝ ուղիղ բանակցություններ սկսել բաքվի հետ, թող գոնե բացատրեն, թե ինչպես են պատկերացնում այդ, մեղմ ասած՝ արկածախնդրությունը, երբ բաքուն առավել, քան բացահայտ առաջնորդվում է միայն Արցախը հայաթափելու «քաղաքակիրթ» մեթոդներով՝ ա) արցախցիներին քրեական հետախուզում հայտարարելու մի հսկայական ցուցակ է կազմել, որոնց մեջ անխտիր մտնում են բանակցության բոլոր հնարավոր թեկնածուները, անգամ վարորդները եւ բ) աներկբա պահանջում է անհապաղ լուծարել բոլոր սահմանադրական մարմինները եւ պետական խորհրդանիշերը, որից հետո կմտածեն համաներման հնարավորության եւ սահմանների մասին, ուստի անհասկանալի է, թե ով է լիազորված լինելու ներկայացնել Արցախը եւ այլն»:

Իբրեւ հետգրություն Գեւորգ Դանիելյանն ամփոփում է․ «Պաշարված վիճակում բանակցությունը դասական իմաստով կապիտուլյացիայի օրինականացում է ….»։

Վերջ։ Ահա ամբողջ իրականությունը՝ առանց գույների խտացման։

ՀՀ tert