«ՀՀ թերթ»-ի (hhtert.am) զրուցակիցն է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) վարչապետ Տիգրան Փաշաբեզյանը։
— Արեւմտյան Հայաստանի Հանրապետություն։ Պրն․ Փաշաբեզյան, կներկայացնեք, թե ինչու՞ է որոշում կայացվել հիմնադրել այն։
— Այս հարցում հաշվի ենք առել Հայաստանի Հանրապետության շուրջ ծավալված 100-ամյա պատմական փորձը եւ դրանում վերջին 30 տարիների իրողությունները։
Նշենք դրանք։Պարզվեց, որ Հայաստանի Հանրապետությունը դժվարանում է Արցախյան հակամարտության կարգավորման համար որպես ճանապարհ ընտրել Հայկական Հարցի կարգավորման ուղին։ Հայաստանի առաջին Հանրապետությունը եւ Հայաստանի երկրորդ Հանրապետությունն ագրեսիայի եւ ուժի սպառնալիքի պայմաններում (Ալեքսանդրապոլի պայմանագիր, 02.12.1920 թ. եւ Կարսի պայմանագիր 13.10.1921 թ.) հարկադրված են եղել դուրս գալ Հայկական միասնական պահանջների համեմատ 1919-1920 թթ. հայ ժողովրդին եւ Հայկական պետությանը (Հայաստան պետություն) տրված իրավունքների շրջանակից, հարկադրված լինելով մնալ միայն Հայաստանի Հանրապետության իրավասությունների շրջանակում։ Հայաստանի երրորդ Հանրապետությունն իր նախագահների պաշտոնական հայտարարությունների միջոցով կրկնել է, որ դուրս է մնում Հայկական միասնական պահանջների համաձայն հայ ժողովրդին եւ Հայկական պետությանը (Հայաստան պետություն) 1918-1920 թթ. տրված իրավունքների շրջանակից եւ հարկադրված է մնալ Հայաստանի Հանրապետության իրավասությունների շրջանակում, եւ այդ հարցի հետապնդման գործը փոխանցում է ապագա սերունդներին, հայ ժողովրդին, համահայկական լայն շրջանակներին։
2018 թ․ հետո, Հայաստանի Հանրապետության նոր՝ «թավշյա» իշխանությունները, ոչ միայն հրաժարվում են 1918-1920 թթ. հայ ժողովրդին տրված իրավունքներից, այլեւ համարում են, որ հայ ժողովրդը պարտավոր է համակերպվել առկա իրողությունների հետ, մնալով միայն ու միայն Հայաստանի Հանրապետության իրավասությունների շրջանակում, բացառելով նույնիսկ միջամտությունը Արցախի Հանրապետության անվտանգության եւ իրավունքների պաշտպանության հարցերին։ Ավելին, պատմության մեջ առաջին անգամ, չունենալով դրա իրավունքը, ՀՀ իշխանությունները պաշտոնապես ճանաչում են Արցախը որպես Ադրբեջանի Հանրապետության մաս, դրանով իսկ զրկում են Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի Հանրապետությունը սուբյեկտայնությունից, խախտում են Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, հայկական նոր տարածքներ են զիջում Ադրբեջանին։
Լինելով Արցախի հայության եւ Արցախի Հանրապետության անվտանգության հիմնական երաշխավորը, այնուհանդերձ, վերը նշված պատճառներով Հայաստանի Հանրապետությունը դժվարություններ ունի հանդես գալու Արցախյան հակամարտությունը, որպես Հայկական Հարցի մի շատ կարեւոր բաղադրիչ՝ Հայկական Հարցի լուծման միջոցով կարգավորելու դիրքերից։ Ընդ որում, մի շարք փաստեր եւ իրողություններ հուշում են, որ Հայաստանի Հանրապետության շուրջ ռազմաքաղաքական իրավիճակը սրվում է հետեւողականորեն, միտումնավոր կերպով, թույլ չտալու համար Հայաստանի Հանրապետությանը զբաղվելու Հայկական Հարցի վերջնական ու արդարացի կարգավորման խնդրով, այդ թվում եւ դրա միջոցով Արցախյան հակամարտության արդարացի ու վերջնական կարգավորման հարցով։ Դրա վկայությունն է 2020 թ․ սեպտեմբերի 27-ի ագրեսիան եւ դրան հաջորդած սադրիչ գործողություններն են Արցախի Հանրապետության դեմ լայն կոալիցիա կազմած ուժերի կողմից՝ Ադրբեջան – Թուրքիա – Պակիստան․․․, ահաբեկչական ծայրահեղական խմբավորումներ, վարձկաններ, իսրայելական ԱԹՍ-ներ ու զենքեր, նատոյական զենք – զինամթերք, այլեւայլ երկրների հետախուզական ծառայություններ ու միջոցներ․․․
Սակայն այս ամենը չի նշանակում, որ Հայոց ցեղասպանության հետեւանքով աշխարհով մեկ սփռված հայերը կարող են հաշտվել Հայաստանի Հանրապետությանն ու Արցախի Հանրապետությանը պարտադրված վերոնշյալ իրողություններով։ Ճիշտ հակառակը։ Աշխարհով մեկ սփռված հայերը, որոնք շատ ավելի մեծ թիվ են կազմում, քան Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության մեջ ապրող իրենց հայրենակիցները, ընտրել են եւ ընտրում են Միջազգային ընկերակցության կողմից 1918-1920 թթ. Հայկական Հարցի վերջնական եւ արդարացի կարգավորման նպատակով հայ ժողովրդին ու Հայաստան պետությանը տրված միասնական իրավունքներին տեր կանգնելու ուղին: Ահա սա է գլխավոր դրդապատճառը, ըստ որի՝ որոշում կայացվեց ձեւավորել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) պետական ողջ համակարգը եւ այդկերպ ընթանալ հայ ժողովրդին տրված իրավունքները պաշտպանելու ճանապարհով։
— Ի՞նչ կասեք «Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի իրավունքների պաշտպանության իրավական – քաղաքական միասնական փաթեթ» ժողովածուի մասին։
— Ժողովածու ստեղծելու առաջարկով հանդես է եկել «Նոյյան Տապան» լրատվական գործակալության ղեկավար Տիգրան Հարությունյանը՝ 2014 թ․ ամռանը։ Երբ սկսեցինք այդ ուղղությամբ աշխատել, մեր մտքով անգամ չէր անցնում, որ արդյունքում ստանալու ենք Հայկական Հարցի վերաբերյալ փաստական, վավերագրական, ծրագրային ու հայեցակարգային մի պատկառելի փաթեթ- ժողովածու։ Երբ մեկտեղվեցին բոլոր փաստերն ու վավերագրեը պարզ դարձավ, որ Հայկական Հարցի սկզբնավորումից (1878 թ.) եւ Հայերի ցեղասպանությունից (1894–1923 թթ.) հետո ընկած ժամանակահատվածում Հայկական Հարցի վերջնական կարգավորման նոր օրակարգ (համազգային ծրագիր) չի ձեւավորվել, բացառությամբ 1973–1985 թթ. Նորագույն զինյալ–ազատագրական պայքարի գործունեության ու ծրագրի: Պատճառներից մեկն այն էր, որ շատերի համար Արեւմտյան Հայաստանը համարվում է կորսված տարածք եւ քչերը գիտեն, որ Հայաստան պետությունը որպես Հայկական պետություն ճանաչվել է Փարիզի խաղաղության վեհաժողովի կողմից դեռեւս 1920 թ. հունվարի 19–ին: Շատերը չեն կարեւորում 1919-1920 թթ․ կայացված այն կարեւոր որոշումները, ըստ որի՝ Հայաստան պետության սահմանը Թուրքիայի հետ սահմանագծվել է դեռեւս 1920 թ․ նոյեմբերի 22-ին ԱՄՆ 28–րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից կայացված Իրավարար վճռով, Հայաստան պետության ու Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանի վերաբերյալ որոշումը կայացվել է, ըստ 1920 թ․ փետրվարի 24-ի Փարիզի խաղաղության վեհաժողովի Հայաստանի սահմանները որոշող հատուկ հանձնաժողովի «Զեկույց-առաջարկի», առաջարկելով այդ հարցում հաշվի առնել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ առկա ազգային տեղաբաշխման տվյալները, եւ որ այդ որոշումներն ամրագրված են Սեւրի խաղաղության պայմանագրի Հայաստանին վերաբերող հոդվածներում: Սակայն, առ այսօր, նույն միջազգային իրավա–քաղաքական դաշտում կայացված եւ գործող այդ որոշումները բավարար են, որպեսզի արդեն իսկ գոյություն ունենա Հայաստան պետությունը: Պարզվեց, որ Հայկական Հարցի վերջնական արդարացի ու վերջնական կարգավորման նոր օրակարգ (ազգային–պետական ծրագիր) ձեւավորվում է մեր գործունեության ընթացքում․ հիմնադրվում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը, ընդունվում է հռչակագիր Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ, հայտարարվում է Արեւմտյան Հայաստանի Կառավարության կազմավորման գործընթացի սկիզբը, ընտրությունների միջոցով ձեւավորվում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը (Խորհրդարանը), որն էլ ընտրում է Արեւմտյան Հայաստանի նախագահ:
Այսպես, ավելի ու ավելի, տեսանելի դարձավ, որ Հայկական Հարցի կարգավորման եւ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության նոր օրակարգի ձեւավորումը սերտորեն կապվում է երկու հիմնական հարցադրումների հետ.
ա) Արեւմտյան Հայաստանի նկատմամբ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ավելի ստույգ՝ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության, եւ
բ) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պետական համակարգի ձեւավորման:
Ներկայումս գոյություն ունեն ժողովածուի հայերեն, արեւմտահայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, թուրքերեն լեզուներով օրինակները: Բոլոր այլ լեզուներով հրատարակությունների դեպքում բնագիր է համարվում հայերենը: Հետագայում, մեր գործունեությանը զուգահեռ, ժողովածուն վերամշակվել է, լրացվել։ Սակայն, վերադառնալով մեր հետապնդած նպատակին՝ թե, ի վերջո, ինչի մասին է այս ժողովածուն, ասենք, որ ժողովածուն հայ ժողովրդի գոյություն ունենալու, ազատորեն զարգանալու, ապագա ունենալու իրավունքների եւ դրանք իրականացնելու ուղիների մասին է։ Չէ որ ժողովածուն փաստաթղթերի, հրամանագրերի, որոշումների, դիմումների․․․ պարզ թվարկում չէ։ Թեեւ դրանք եւս կարեւոր են հայ ժողովրդին տրված իրավունքների ծանրակշիռ փաթեթին ծանոթանալու տեսանկյունից։ Այդ իմաստով ժողովածուն եւ փաստաթղթերի ժողովածու է, եւ հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանն ուղղված բազմամյա գործողությունների վավերագիր, եւ հայ ժողովրդի ու Հայաստանի լինելիության ծրագիր, ուղեցույց, դասագիրք։
Եթե առաջնորդվում ենք «համապարփակ-համազգային պետական պաշտպանություն եւ իրավունքների պաշտպանություն» նշանաբանով ու ծրագրով, ապա ոչինչ անհնարին չկա, այդ թվում եւ այս ծանրագույն վիճակից դուրս գալու հարցում, որի մեջ հայտնվել է հայ ժողովուրդը։ Մենք հավատում ենք մեր ժողովրդի ներուժին ու պայքարելու կամքին։ Մենք հավատում ենք մեր գործի արդարացի ու վերջնական հաղթանակին, ինչպես հավատում ենք Հայկական Հարցի արդարացի ու վերջնական կարգավորմանը։ Եվ դա է միակ ճանապարհը՝ Մեծ Մերձավոր Արեւելքում հաստատելու բաղձալի խաղաղություն ու կայուն զարգացում բոլոր ազգերի եւ պետությունների համար։
Զրուցեց Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆԸ
Հարցազրույցի շարունակությունն՝ այստեղ