Դավիթ Բաբայանը. “Փաշինյանն աղավաղում էր փաստերն ու գաղափարները, անում կոնտեքստից կտրված մեջբերումներ”

Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսում չկար որեւէ զարմանալի բան, տարիներ շարունակ նա Արցախի մասին միշտ ասել է այն, ինչն իր սրտում ու մտքում է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին ասաց Արցախի նախկին ԱԳ նախարար, այժմ՝ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

«Շատ ծանր ու վատ տպավորություն թողեց Նիկոլ Փաշինյանի ասուլիսը։ Եթե այդպես ատամներով պաշտպանում է կնոջը, այնպես էլ թող հայրենիքը պաշտպանի։ Ի՞նչ է նշանակում մատաղ։ Առանց Արցախ չի լինելու Հայաստան։ Հիմա է Արցախը դառնում մատաղ՝ մաս-մաս, պետք չէ արցախատյաց գաղափարները տարածել։ Ճշտմարտությունը քանակով չէ որոշվում։ Բոլորի աչքն է կոխում՝ վերընտրվել է, այո, ունի դրա իրավունքը։ Այդ էմոցիոնալ խոսքերը մեկնաբանելու կարիք չկա էլ։ Հիմա ժողովուրդը պետք է որոշի՝ համաձայն է նրա մտքերին, եթե այո, կնշանակի Արցախը որբ է։ Կան չէ՞ մայրեր, որ իրենց երեխաներին սպանում են, լքում են, նույնն էլ այս դեպքում»,- նշեց նա։

Բաբայանի խոսքով՝ Փաշինյանն աղավաղում էր փաստերն ու գաղափարները, անում կոնտեքստից կտրված մեջբերումներ՝ շրջանցելով, որ իրականում իր եւ Ալիեւի անձնական քաղաքականության պատճառով է այս իրավիճակը ստեղծվել, որովհետեւ երբեւէ ոչ մեկն Արցախն Ադրբեջանի կազմում չի ճանաչել։

 

«Ինքն ասաց՝ հայ ժողովուրդն առավել քան երբեք միասնական է։ Ի՞նչ է ուզում ասել, որ միասնական է արցախասպանության շուրջ։ Ես չհասկացա՝ ինքն ինչ է ակնկալում Արցախի իշխանությունից։ Շատ հեշտ է ասելը՝ մենք մեր գործն արեցինք, հիմա ինչ ուզում եք արեք։ Պետք է հասկանանք՝ սա իրո՞ք հայ ժողովրդի հավաքական կարծիքն է, եթե այո, ուրեմն հայ ժողովուրդը մուտացիայի է ենթրակվել»,- նշեց Բաբայանը։

Ի պատասխան Փաշինյանի հայտարարությանը, թե Արցախի իշխանությունը Լաչինի միջանցքի երթուղին առանց Հայաստանի փոխում էր, Բաբայանն արձագանքեց․ «Ինչի՞ մասին է խոսքը, իսկ ինքը պայմանավորվե՞լ է մեզ հետ, որ ճանաչում է Ադրբեջանի կազմում, իրավունք ունի՞։ Կամ ասում է Երեւանում կազմակերպող ցույցերն ադրբեջանական են․ ամենալավ ադրբեջանական գործառույթը, որի մասին անգամ հայր Ալիեւը երազել չէր կարող, Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելն է։ Ավելի լավ նվեր ոչ մեկը չի արել Ադրբեջանին»։

News.am