Ադրբեջանցի ռազմական հանցագործ Ալիեւի հերթական սադրանքներն ու սպառնալիքները. “Հայաստանը Ղարաբաղը եւ ութ անկլավ ճանաչել է Ադրբեջանի մաս”

Կարծում եմ, որ (Հայաստանի հետ) համաձայնությունը ձեռք կբերվի առաջիկայում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չինական China Media Group մեդիա-կորպորացիայի հարցազրույցում։

«Ինչո՞ւ եմ այդպես կարծում։ Որովհետեւ Հայաստանն արդեն ստիպված է եղել շատ կարեւոր հայտարարություն անել այն մասին, որ իրենք ոչ միայն ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որն իրենք պաշտոնապես հաստատել են անցած տարվա հոկտեմբերին եւ քանիցս հաստատել են նախկինում, այլեւ այս տարվա մայիսին նրանք ճշտել են (որովհետեւ մենք նրանցից պահանջել ենք ճշտել), որ Ղարաբաղը ճանաչում են Ադրբեջանի մաս։ Նրանք ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86 600 քառակուսի կիլոմետրի վրա, ինչը ներառում է Ղարաբաղը եւ ութ ադրբեջանական անկլավները Հայաստանի տարածքում։

Դա իսկապես կարեւոր հայտարարություն է, որից հետո մնում է միայն այն դնել թղթին եւ ստորագրել։ Եվ մեր դիրքորոշումը խաղաղության պայմանագրի հարցում Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո այն էր, որ այն պետք է հենվի միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների վրա։ Մենք մշակել ենք հինգ հիմնական միջազգային սկզբունքներ, որոնք պետք է ընկնեն խաղաղության համաձայնագրի հիմքում։ Մենք մի քանի անգամ բանակցություններ ենք վարել եւ կշարունակենք դրանք հուլիսի վերջին։ Այդ համաձայնագրի միակ հիմնական տարաձայնությունը հենց այն էր, որպեսզի իմ ավելի վաղ ասած խոսքերը Ղարաբաղի վերաբերյալ, այն, որ այն Ադրբեջանի մասն է, պետք է պաշտոնապես ճանաչվեն Հայաստանի կողմից։

Եվ այսպես, ինչպես ես արդեն ասել եմ, նրանք ասել են՝ «Ա»՝ որ Ղարաբաղը Ադրբեջան է։ Հիմա նրանք պետք է ասեն «Բ»-ն՝ ստորագրեն այդ համաձայնագիրը։ Եվ դրանից հետո համաձայնությունը կարող է ձեռք բերվել։ Կարծում եմ, որ եթե այն, ինչ նրանք ասում են, այն, ինչն իրենք իսկապես նկատի ունեն, եթե դա հերթական քաղաքական մանեւրը չլինի, եթե դա չլինի հին պատմության կրկնությունը՝ գործընթացը ձգձգելու հույսով, այդ ժամանակ մենք կկարողանանք հասնել խաղաղության համաձայնագրի եւ ստորագրել այն մինչեւ տարեվերջ։ Դա իսկապես կարեւոր աշխարհաքաղաքական գործոն կլինի, որը վերջ կդնի երկարատեւ առճակատմանը, կստեղծի իսկական խաղաղություն Կովկասում, կհանգեցնի բոլոր հաղորդակցությունների բացմանը»,- հայտարարել է Ալիեւը։

Խոսելով Արցախի հայ ազգաբնակչության ճակատագրի մասին՝ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ «նրանց իրավունքները եւ անվտանգությունը կապահովվեն մեր կողմից եւ Ադրբեջանի սահմանադրության հիման վրա. «Բայց Ադրբեջանը երկիր է, որտեղ ապրում են տասնյակ տարբեր էթնիկ խմբեր, ներառյալ հայերը, եւ մենք երբեք որեւէ խնդիր չենք ունեցել կրոնական կամ էթնիկ հողի վրա։ Ուստի հայերը, որոնք ապրում են Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում, կունենան նույն իրավունքներն ու անվտանգության երաշխիքները, ինչ եւ Ադրբեջանի մյուս քաղաքացիները։ Ես կարծում եմ, որ դա լիովին համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին։ Եվ ես կարծում եմ, որ միջազգային հանրությունն աջակցում է Ադրբեջանի այս դիրքորոշմանը»։