«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ապօրինի փակման հարցի վերաբերյալ. Նիդերլանդական Օրագիր. «Թերթ փակելու սովորությունը» + VIDEO

Տեղեկացանք, որ  շատ  շուտով փակվում է  «Հայաստանի Հանրապետություն»  օրաթերթը: Նույն բախտին է  արժանացել «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսալեզու պաշտոնաթերթը:

Տխուր իրողություն է: Առավել՝  քան անհավատալի, քանի որ ՀՀ-ն լույս է տեսնում ոչ թե նեղ միջավայրում ՝  ասենք օտար ափերում, այլ մայր հայրենիքում, ՀՀ-ն ոչ թե  մասնավոր, կամ կուսակցական թերթ է, այլ պաշտոնաթերթ է, ուրեմն սեփական պաշտոնաթերթը հրատարակելու համար հայրենի կառավարությունը միջոցնե՞ր չի գտնում սեփական տպագիր խոսափողը ֆինանսավորելու:

Պատկերացրեք մի այլ երկիր փակի իր տպագիր ամբիոնը,  լռեցնի սեփական լրատվական խոսափողը`  ֆինանս չլինելու պատճառաբանությամբ:

Եկեք չզարմանանք, քանզի խորն է այս երևույթի արմատները: Մամուլի նկատմամբ քամահրական վերաբերմունքը, ընդհուպ նույնիսկ հալածանքը («Անկախություն» թերթ) սկսվել է դեռ 90-ական թվականներից, երբ մեր երկիրը թևակոխում էր անկախության ուղին: Գրեթե բոլոր հանրապետական ու շրջանային թերթերը հայտնվեցին  ծանր պայմաններում:  Շատերը չդիմացան ժամանակի պարտադրանքին ու փակվեցին, մյուսները պատրաստ էին կոմկուս-շրջկոմի օրգաններից վերակազմավորվելու ու քայլելու նոր ժամանակներին համշունչ` շարունակելով թերթի  տարիների բարի ավանդույթները:

Խորհրդային  տարիներին շատ լրատվամիջոցներ ունեին իրենց շենքը, տպարանը և ցանկանում էին օգտվել անկախության ընձեռած սեփականաշնորհման իրավունքներից: Այդ թերթերի աշխատակիցները պատրաստ էին իրենց զբաղեցրած տարածքները գնել սեփականաշնորհման վաուչերներով, կամ կանխիկ  դրամական վճարումներ կատարել` ինչպես անում էին հիմնարկ ձեռնարկությունների շատ կոլեկտիվներ: Սակայն այդպես էլ այն ժամանակվա ՀՀՇ-ի ձևավորած Կառավարությունը տպագիր թերթերի զբաղեցրած տարածքներն անհատույց չմասնավորեցրեց  խմբագրություններին: Ավելին, նրանցից խլվեցին շենքերն ու հարակից տարածքները, տպարանները: Ինչպես արդարացիորեն «Հետք»  պարբերականն է գրում  «…Այսօր հարյուրամյակի շեմին մոտեցող  պարբերականների մեջ չունենք մեկը, որն իր հոբելյանական մեկ դարը կարողանա նշել վայել պայմաններում»` հայրենի երկրի իր հիմնադրման վայրում:

Իհարկե այդ ընթացքում հիմնվեցին նաև նոր թերթեր, որոնք դեռ պետք է ապրեին դժվարին մեր օրերը : Շատ թերթեր ու կայքեր դադարեցին լույս տեսնել: Այսօր արդեն տպագիր մամուլը  գերդժվար ժամանակներ է ապրում: Նրանց մեծ մասը դադարել են տպագրվելուց և գործում են առցանց եղանակով: Եղածներն էլ հրատարակվում  են չնչին տպաքանակով: Թերթերի կրպակներում կարող ես գտնել տպագրված տվյալ թերթի մեկ, կամ երկու օրինակ: Մեղքը բարդելով շուկայական  հարաբերություններին՝  սա էլ  մի կերպ կարելի է հասկանալ, թեև կառավարությունը կարող էր բարենպաստ դաշտ ստեղծել` մեղմել հարկերը, տրամադրեր նպաստներ և այլն:

Նույնը կատարվեց «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի պարագայում, երբ կար ու գործում  էր  իրավանախորդը` «Սովետական Հայաստան» պաշտոնաթերթը, որը հիմնադրվել էր 1920 թվականին: Այն ընդամենը անկախությունից հետո կարող էր փոխակերպվել անվանվելով «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի և շարունակական դարձներ հայ կյանքի 20-րդ դարի տարեգրությունը: 2020թ. կունենայինք գլխավոր թերթի հիմնադրման 100 ամյակը նշելու հիանալի հնարավորությունը: Թեև թերթն ունեցել է խորհրդային ժամանակաշրջանի անցյալ, բայց չես վիճարկի, որ թողել է բարի ու հարուստ ավանդույթներ: Այս թերթի տարեգրության հետ են կապված  բազմաթիվ հայ անվանի մարդիկ` գրականության, արվեստի, գիտության ու մշակույթի գործիչներ, որոնց  միայն թվարկումով չենք հասցնի ավարտել սույն հոդվածը: Այս կոլեկտիվում աշխատել են ոչ պակաս Հայաստանը սիրող ու անկախության արժեքները գնահատող ժուռնալիստներ, որոնք իրենց կամքից անկախ չկարողացան շարունակել իրենց պրոֆեսիոնալ գործունեությունը: Ո՛չ, հնի վրա նորն ավելացնելը մեր առաքելությունը չեղավ, մենք  սիրում ենք ամեն բան սկսել նորից,  առանց հետադարձ հայացքի: ՈՒ այդպես 1990 թ. սեպտեմբերի 6-­ի որոշմամբ ստեղծվեց լրիվ նոր` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը, հայերեն եւ ռուսերեն տարբերակներով` որպես ԳԽ պաշտոնաթերթ: Առաջին համարը լույս տեսավ 1990 թ. հոկտեմբերի 9­-ից: Իհարկե արժանին պետք է մատուցել շնորհալի գլխավոր խմբագիր Այդին  Մորիկյանին ու նրա հետ այդ բեռը տանող` կարող ժուռնալիստներին` մինչև այսօրվա խմբագիր Արթուր Ղարագյոզյանն ու իր կոլեկտիվը:

Այնուհանդերձ հետագան այնքան էլ հստակ չեղավ թերթի համար: 2001 թ. ՀՀ կառավարության փետրվարի 9­-ի որոշմամբ ստեղծվեց  «Հանրապետություն» ՓԲԸ-ն, որի հրատարակիչը դարձավ  «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը, իսկ 2017 թվականից էլ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը եւ «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսալեզու թերթը  գործեցին «Արմենպրես» պետական լրատվական գործակալություն» ՓԲԸ կազմում, որի բաժնետոմսերը տնօրինեց Հայաստանի Հանրապետությունը։

Կարելի էր մտածել, որ պաշտոնաթերթն ու «Արմենպրես» գործակալությունը  միասին  հավասարազոր մի փաթեթում իրականացնում են պետական քարոզչական քաղաքականությունը:  Միավորումը նաև  բնական էր աշխատանքների արդյունավետութունը  բարձրացնելու փոխշահավետ միտումով, «Արմենպրեսը»  որպես լուրերի մատակարար դառնում էր օրաթերթի սնուցող երակը:  Բոլոր դեպքում չէ, որ պարզ տրամաբանությունը աղերս ունի իրականության հետ: ՈՒնենք այն` ինչ ունենք, Հունիսին սովորական գրաֆիկով «Արմենպրեսը» կթողարկի լուրեր՝ առանց պաշտոնական տպագիր օրգանի:

Անցյալը թողնելով անցյալին`  այնուամենայնիվ անտրամաբանական է, որ արդեն Հայաստանի անկախությունից ի վեր 33 տարի գործող պաշտոնաթերթը Հունիս ամսից ընդմիշտ փակվի: Սրանով մենք վերջակե՞տ ենք դնում Հայաստանի Հանրապետության պաշտոնական տպագիր մամուլի գոյությանը:

Հայ Ազյան
«Նիդերլանդական օրագիր»

Friday, 19 May 2023

Լուսանկարներում`1. Խմբագրի աշխատասենյակը:

2. Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովի օրերին (2022թ)   «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի խմբագրատանը, ձախից-աջ գլխավոր խմբագիր` Արթուր Ղարագյոզյանը, Նիդերլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ` Մաթո Հախվերդյանը, Նիդ. օրագրի հիմնադիր-խմբագիր` Հայ Ազյանը, թերթի աշխատակից, բանաստեղծ` Հակոբ Սրապյանը:

—-

P,S. Կարդալով այս հոդվածը` հիասթափության ու խորը մտորումների մեջ ես ընկնում։ Չես ուզում հավատալ, որ այսչափ թշվառ վիճակում կարող էր լինել հայ պետական տպագիր խոսքը։ Որտեղի՞ց այսքան անտարբերություն ու ատելություն հայ մամուլի նկատմամբ։ Թերթ, որը հոգացություն պետք է ունենար, թերթ, որ ծնվել էր պետականության ակունքներից, բայց այդպես էլ չսնվեց դրանից, հակառակը` արվեց ամեն բան, որ սաղարթախիտ ծառը իսպառ չորանա` հայ պետական տպագիր խոսքը ջնջվի իրականությունից, երկրիս երեսից։

Ուզում ենք հավատալ ներոհիշյալ հոդվածի վերջին տողերին` թերթն այսօր կոմայի մեջ է, բայց ո՛չ մահացած։
Հայ մամուլը ամենից առաջ հենց պետական մտքի ու գաղափարի առաջնորդողը պետք է լինի, ժողովրդական լայն զանգվածների մունետիկը։
Հ.Ա

Nidoragir.com

***

VIDEO — Հովհաննես ԱՅՎԱԶՅԱՆ. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի փակման մասին կարծիք