«Ազատ ամբիոն» խորագիր. «Գալու՛ է հայի իրավունքի ժամանակը»

Առավոտից X թաղամասում (թաղամասի անունն էական չէ, երեւույթը մյուս թաղամասերում էլ կա) 1-ին հարկի հարեւաններց մեկը երաժշտությունն այնքան բարձր է միացրել, որ այդ երաժշտությունը լսվում է հարակից 3 թաղամասերում։ Երաժշտություն բառը հարաբերականորեն է ասված, քանզի դրա ուժգնությունը թույլ չէր տալիս հասկանալու՝ ինչ երգ է, ով է երգում եւն։ Բարկացած տնից դուրս եմ գալիս, որ այդ գռգռոցի պես ուժգին դաստիարակչական մի շխկոց իջեցնեմ աղմուկի տիրոջ ուղեղին, դուստրս կանգնեցնում է՝ «Ի՜նչ ես անում, գիշեր չի հիմա, կասի՝ արգելված չի, լսում եմ»։ Տղաս էլ թե՝ «Արցախի համար վիրավորվեցի՞ր»։

Արցախի՛, հայի՛ համար ու փոխարեն վիրավորվեցի։ Հայաստանի ու Արցախի փոխարեն, Արցախից պոկած ու հանձնած մասի փոխարեն, թշնամուն հանձնած Արցախի ու ՀՀ-ի սարերի փոխարեն, թշնամուն նվեր տված մեր ջրային ակունքների, ռազմավարական նշանակության բարձունքների, ճանապարհների փոխարեն, ամեն սանտիմետր հողի փոխարեն, որի վրա այսօր թշնամին է ոտք դրել։ Հա, կյանք է՝ ապրում են, ամուսնանում, հարսանիք անում, ծնունդ նշում, երաժշտություն լսում․․․ Յուրաքանչյուր ոք յուրովի է գծում իր ուղին․․․  Պապուս հայրը պատմել է, որ երբ Եղեռնի տարիներին թուրքերը մտնում, մի գյուղ սրի էին քաշում, կողքի գյուղն ասում էր՝ մեր գյուղ չեն գա։ Ու ապրում էր՝ մինչեւ սրի քաշվելու իր հերթը։ Փրկվում էին իրավիճակը հասկացողներն ու պայքարողները, կամ՝ չէին փրկվում, որովհետեւ ստիպված էին լինում պայքարել նաեւ չհասկացող անուղեղների համար։ Չհասկացողների բեռն էլ հասկացողների ուսերին էր, եւ թշնամու դեմ պայքարի ուժերն էին անհամաչափ․․․

Կարծում ենք՝ փոխվե՞լ է իրավիճակը։ Ո՛չ։ Հաստատ՝ ո՛չ։  Ամուսինս երեք պատերազմներով (Արցախյան առաջին ազատամարտ, Ապրիլյան քառօրյա, 44 -օրյա) անցել է, որովհետեւ այդ տժժացող, աղմուկը թաղամասերով մեկ միացրած հարեւանս միշտ ապրել է այդպես՝ իր տեսակի մեջ լիաթոք։ Երեք պատերազմներով անցած տղերքը հանգստի ժամանակ չեն ունեցել, որովհետե այդ տժժացողները չեն փոխարինել նրանց։ Տղերքը 44-օրյային արդեն այն նույն ջահելները չէին, ինչ Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ, ֆիզիկական սահմանափակումներ ու տարիքային հոգնածություն ունեին, բայց չէին մտածում այդ մասին․ իրե՛նց երկիրն է, հո անուղեղ տժժացողների պատճառով գործը չէ՞ին թողնելու, հայրենիքի հանդեպ պարտքը չէի՞ն մոռանալու։

Վաղն այս նույն տղերքի զավակները մեծանալու ու կռվելու են՝  իրենց պարտքը տալու համար ու․․․ այդ անուղեղների երեխաների փոխարեն։  Որովհետեւ իրե՛նց երկիրն է, իրենց համար սուրբ հող է, թքած անուղեղների վրա էլ։ Բայց ապրելու, տժժալու, վայելելու են անուղեղների երեխաները։ Իսկ տղերքի երեխաներն օրվա ապրուստն են հոգալու։

Հա, այս տղերքը հիմա թույլ են, որովհետեւ տարիների իրենց գործը ջուրն է ընկել, իրենց հաղթանակի արդյունքը վերցրել ու սկուտեղի վրա տվել են թշնամուն։ Թույլ են, որովհետեւ զինակիցների մեծ մասը չկան, զոհված զինակիցների գերեզմանները չկան, զինակիցների հետ միասին ազատագրած հողերն այժմ թշնամու վերահսկողության տակ են, եղած հողերի գլխին էլ ներքին ու ատաքին թշնամու ընդհանուր յաթաղանն է կախված։

Տղերքը թույլ են, բայց թուլացած չեն։ Գալու՛ է հայի իրավունքի ժամանակը։ Սա՝ ի գիտություն ներքին թշնամու, արտաքին թշնամու եւ տժժացող համբալների։ Բայց տղերքը շատ բան ունեն շտկելու։ Իրե՛նց ու երկրի՛ համար։ Տղերքը պիտի հասկանան, որ ամեն պատերազմից հետո սկսվում է մեկ այլ պատերազմ՝ անտեսանելի ու ավելի վտանգավոր։ Տղերքը պիտի սովորեն տեր կանգնել իրենց հաղթանակներին, որ այդ նույն հաղթանակներին կրկին մոտ չգան այն համբալները, որոնց համար անարժեք են այդ հաղթանակները։ Տղերքը պիտի զգոն լինեն, որ համբակներն այդ երկրի կառավարման ոչ մի ոլորտ չսողոսկեն։ Տղերքը պիտի դադարեն ներողամիտ ու միամիտ լինել։ Տղերքը պիտի իրավունքներ չտան թերահասներին ու թերավարժներին։  Տղերքը ամեն գնով պիտի տեր կանգնեն իրենց հաղթանակին, որ հետո նորից չգա պարտության շրջանը։ Տղերքը ոչ միայն պիտի զգան, որ իրենք են երկրի տերը, այլեւ՝ ցույց տան իրենց տիրությունը։ Այդ ժամանակ կունենանք այլ երկիր՝ տղերքի երկիր ու ազգային նպատակների իրագործմանը պատրաստների երկիր։

ՀՀ Թերթ