Ադրբեջանի առաջնորդի ագրեսիվ հռետորաբանությունը շարունակվում է. Ալիեւը «Զանգեզուրի միջանցքը» նշել է Հայաստանի հետ խաղաղության պայմանների թվում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նշել է Հայաստանի հետ «երկարաժամկետ խաղաղության» հասնելու պայմանները։

Ինչպես տեղեկացրել է «Թուրանը», «Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, պետք է բացվի Զանգեզուրի միջանցքը, եւ հայկական զորքերը դուրս պետք է բերվեն Ղարաբաղից»։

Ելույթ ունենալով պաշտպանությաննախարարության կոմանդոսների զորամասերից մեկին Մարտական դրոշով պարգեւատրելու արարողությանը՝ Ալիեւը հիշեցրել է, որ անցած տարվա հոկտեմբերին Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, «իսկ անցած ամիս անգամ նշել է այդ տարածքի պարամետրերը»։ Սակայն, ինչպես նշել է Ալիեւը, «այդ հայտարարությունները պետք է նաեւ թղթի վրա լինեն, եւ Հայաստանը պետք է ստորագրի դրանք»։ «Միայն այդ դեպքում Հարավային Կովկասում կարող է երկարաժամկետ խաղաղություն տիրել»,- ասել է Ալիեւը։

Նա ընդգծել է, որ այլ կարեւոր պայմաններ են «Զանգեզուրի միջանցքի բացումը եւ հայկական բանակի զինված կազմավորումների դուրսբերումը Ղարաբաղի շրջանից»։

Ալիեւը նաեւ նշել է, որ «ռազմավարական բարձունքներում գտնվելը» Ադրբեջանի համար ապահովում է «ռազմավարական գերազանցություն»։

Նրա խոսքով՝ վերջին երկուսուկես տարում Ադրբեջանը զգալիորեն ուժեղացրել է իր բանակը։ «Եթե Հայաստանը եւ նրա հետեւում կանգնած օտարերկրյա ազգականները չեն հասկանում այս բոլոր գործոնները, ապա մեղքն իրենցն է»,- նշել է Ադրբեջանի նախագահը։

Ալիեւը միաժամանակ նշել է, որ նշված ժամանակաշրջանում «մենք մի քանի անգամ ստիպված ենք եղել ցուցադրել մերուժը հայկական կողմին»։ «Մենք նրանց ազդանշան ենք ուղարկել, որ եթե նրանք իրենց լավ չպահեն, չհարգեն իրենց ստորագրությունը, ապա արդյունքը նրանց համար ցավալի կլինի»,- շարունակել է Ալիեւը։

Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ Ադրբեջանը նախընտրում է խնդրի լուծման խաղաղ ճանապարհը եւ չի շտապում դիմել ուժային մեթոդների։ «Ուստի մենք դեռեւս մեզ զուսպ ենք պահում։ Մենք երբեք շտապողականություն չենք ցուցաբերել, դրա անհրաժեշտությունը չկա։ Այսօր ուժն էլ է մեր կողմում, ժամանակն էլ ամրապնդում է մեր դիրքերը, եւ միջազգային իրավունքն է մեր կողմում։ Համաշխարհային հանրությունն արդեն միանշանակ ճանաչում է Ղարաբաղն Ադրբեջանի անքակտելի մաս։ Մենք կարող ենք սպասել։ Մի անգամ էլ եմ ասում, մենք չենք շտապում»,- ասել է պետության ղեկավարը։