ՌԴ ՊՆ-ն դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի համար այդ առաջարկություններն ընդունելի են։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով, այսօր կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտնելով՝ Հայաստանի համար այդ առաջարկություններն ընդունելի են։

Գործադիրի ղեկավարը հանձնարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ ճշգրտել մանրամասները։ «Փորձենք իրագործել առաջարկները՝ Ռուսաստանի Դաշնության արած առաջարկների շրջանակներում և հիման վրա», — ասաց Փաշինյանը։

Երեկ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարեց՝ դեմարկացիային և դելիմիտացիայի գործընթացին խոչընդոտում է Ադրբեջանը։ «Ռուսաստանի Դաշնությունը երեք անգամ, ներառյալ «բացահայտված փաստաթուղթը», հանդես է եկել առաջարկով և ըստ էության բոլոր երեք անգամները մենք համաձայնություն ենք տվել այդ գործընթացով գնալ առաջ, շարժվել առաջ: Իմ տպավորությամբ՝ գործընթացը տեղից չի շարժվել Ադրբեջանի կողմից պրոցեսի ձգձգման կամ կոնկրետ պատասխան չտալու առիթով»:

Ռուսաստանը, Սյունիքում տեղի ունեցած մարտերից հետո, երեկ հորդորեց Հայաստանին ու Ադրբեջանին շուտափույթ սկսել սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա։ «Վերջին իրադարձությունները ապացուցում են այդ գործընթացի կարևորությունը, այդ թվում՝ համապատասխան հանձնաժողովի աշխատանքի անհրաժեշտությունը՝ ռուսական կողմի ներկայացրած առաջարկների հիման վրա», — հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

Aazatutyun.am