Ինչ որոշում կկայացնի Բրիտանիայի խորհրդարանը նոյեմբերի 9-ին

Բրիտանական խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը նոյեմբերի 9-ին առաջին ընթերցմամբ կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, որը ներկայացրել է պատգամավոր Թիմ Լոութենը։ Նախագիծը ներկայացվել է հուլիսին և պետք է քննարկվեր դեկտեմբերի 10-ին:

2021 թվականի ապրիլին բրիտանական խորհրդարանում Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Թիմ Լոութենը ասել էր, որ ճանաչումը հատկապես կարևոր է Ղարաբաղյան պատերազմից հետո։ «Ողբերգական խորհրդանիշ է, որ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղ ներխուժումը տեղի ունեցավ ճիշտ այն օրը, երբ թուրքերը 100 տարի առաջ ներխուժել են նորանկախ Հայաստան»,- ասել էր Լոութենը։

Նա հիշեցրել է, որ 1915 թվականի մայիսին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կառավարությունները տարածել են համատեղ հայտարարություն, որում ջարդերն անվանել են «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ», որն այս մակարդակի առաջին հայտարարությունն էր։

2010 թվականի փետրվարի 15-ին բրիտանական խորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը կողմ էր քվեարկել Օսմանյան Թուրքիայի տարածքում հայերի և ասորիների ցեղասպանության փաստի ճանաչմանը։ 2009 թվականին Միացյալ Թագավորության պատգամավորների մեծամասնությունը Շոտլանդիայից և Հյուսիսային Իռլանդիայից ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը։ Ուելսի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2007 թ.

Բայց Լորդերի պալատը 2010 թվականի մարտի 29-ին մերժել է ընդունել հայկական սփյուռքի առաջարկը Հայոց ցեղասպանության ճանաչման և ապրիլի 24-ը ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակելու վերաբերյալ։

Հայաստանի համար Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն պատմական արդարության վերականգնման խնդիր է, այլեւ երկրի ու հայ ժողովրդի անվտանգության, այսօր ասել է ՀՀ փոխարտգործնախարար Վահե Գևորգյանը։

Լոզանի պայմանագրի և Թուրքիայի հանրապետության 100-ամյակի նախաշեմին Մեծ Բրիտանիային անհրաժեշտ է հստակեցնել իր դիրքորոշումը։

Բրիտանական խորհրդարանում հարցի քննարկման օրվա տեղափոխումը դեկտեմբերի 10-ից նոյեմբերի 9-ը ուշագրավ հանգամանք է։ Անցյալ տարի այդ օրը Ադրբեջան-Թուրքիա տանդեմը ցեղասպան գործողություններով Հայաստանին պարտադրեց այսպես կոչված եռակողմ հայտարարությունը։

Նաիրա Հայրումյան, մեկնաբան

Lragir.am