Արցախն օրենքով ամրագրում է իր քաղաքացիների ինքնապաշտպանության իրավունքը: «Զենքի մասին» նոր օրենքը արցախցիների անվտանգային համակարգի ընդամենը մի բաղադրիչն է

Այսօր Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի շփման գծի երկայնքով տեղակայված են ՌԴ խաղաղապահ զորախմբի 27 ուղեկալներ, ռազմական ոստիկանության մոբիլ ուժեր եւ ԱՀ պաշտպանության բանակի զինծառայողները:  Սակայն մարտակերտցի Արամ Տեփնանցի սպանությունը փաստում է, որ դրանք քիչ են Արցախի բնակչության անվտանգությունն ապահովելու համար:

Խնդիրն այն է, որ ադրբեջանական դիրքերը տեղակայվել են Արցախի բնակավայրերի հարեւանությամբ եւ շատ դեպքերում անթույլատրելիի աստիճանի մոտ են գյուղերին: Նման պայմաններում միշտ էլ անբավարար է լինելու սահմանին տեղակայված զինված ուժերի քանակը: Ադրբեջանական կողմի անբարյացակամ պահվածքի պայմաններում առաջնային խնդիր է դառնում բնակչության ինքնապաշտպանության մակարդակի բարձրացումը:

Այս առանցքային խնդիրը լուծելու համար հոկտեմբերի 11-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ի թիվս այլ նախագծերի, ստորագրել է նաեւ «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Օրինագծի հիմնավորման մեջ ասվում է, որ 2020 թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի եւ դրանից հետո կնքված եռակողմ հայտարարության հետեւանքով Արցախի Հանրապետության բազմաթիվ համայնքներ դարձել են սահմանամերձ բնակավայրեր:

Ըստ օրինագծի հեղինակ գերատեսչության՝ գտնվելով դեռեւս չկարգավորված հակամարտության մեջ եւ պատերազմի ամենօրյա վտանգի ներքո՝ խիստ անհրաժեշտ է, որ Արցախի Հանրապետությունում քաղաքացիներն ունենան ինքնապաշտպանության անհրաժեշտ մակարդակ ապահովելու հնարավորություն:

«Զենքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի ընդունումը հնարավորություն է տալիս ընդլայնելու քաղաքացիների ինքնապաշտպանության միջոցների շրջանակները, հասարակության առավել լայն շրջանակներին հասանելի դարձնել զենք կրելու թույլտվությունը եւ դյուրացնել դրա ընթացակարգերը:

Օրենքի նախկին կարգավորմամբ որոշակի սահմանափակումներ կային հասարակության ստվար զանգվածի համար որսորդական ակոսափող զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու գործընթացում: Այսպես՝ զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար սահմանվում էր հինգ տարուց ոչ պակաս ժամկետով սեփականության իրավունքով ողորկ-երկարափող որսորդական հրազեն ունենալու պահանջը: Ներկա իրավիճակում 5 տարվա ժամկետի պահպանումը ոչ միայն իրատեսական չէ, այլեւ հակասում է Արցախի բնակիչների անվտանգային պահանջներին: ԱՀ նախագահի ստորագրած օրենքի նախագծով այդ սահմանափակող դրույթը հանվել է:

Օրենքով նաեւ վերացվում է զենքում տասը փամփուշտից ոչ ավելի տարողունակությամբ պահունակ (թմբուկ) կիրառելու պահանջը՝ հաշվի առնելով, որ այն գործնականում չի կիրառվում: Իրավական նորմով այսուհետ ԱՀ քաղաքացիներին կթույլատրվի ձեռք բերել առավելագույնը հինգ միավոր որսորդական ակոսափող զենք, այն դեպքում, երբ նախորդ կարգավորումներով այդ իրավունքը սահմանափակված էր մինչեւ 3 միավորը:

Օրենքի նոր կարգավորմամբ առաջարկվում է սպորտային ակոսափող, ողորկափող հրազեն եւ որսորդական զենք առաջին անգամ ձեռք բերող քաղաքացիների համար զենքի հետ վարվելու կանոնների իմացության շուրջ ստուգում անցնել ոչ միայն Արցախի Հանրապետության ոստիկանությունում, այլեւ ԱՀ կառավարության լիազորած կազմակերպություններում՝ ԱՀ ոստիկանության հետ համաձայնեցված ծրագրով: Այս դրույթը հիմնավորվում է այն բանով, որ քաղաքացիները զենքերը հիմնականում ձեռք են բերում մասնավոր կազմակերպություններից, եւ նպատակահարմար է, որ այդ կազմակերպությունները եւս արտոնագրվեն տվյալ զենքի հետ վարվելու կանոնների իմացության վերաբերյալ ստուգում իրականացնելու համար

Օրենքի հիմնավորման մեջ ասվում է, որ դրա ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել Արցախի քաղաքացիների անվտանգության եւ ինքնապաշտպանության մակարդակը, կատարելագործել զենքի հետ վարվելու կանոնների իմացությունը: Օրենքով սահմանվում է նաեւ ԱՀ կառավարության կողմից հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատակիցների կողմից օգտագործվող քաղաքացիական եւ ծառայողական զենք կրելու իրավունք ունեցող անձանց շրջանակի վերաբյալ տեղեկատվությունը:

«Զենքի մասին» օրենքում անհրաժեշտ փոփոխություններ կատարելը Արցախի Հանրապետության բնակիչների անվտանգությանը նպաստող կարեւոր քայլերից է, որը հեռու է բավարար լինելուց: Արցախի ժողովրդի անվտանգությունը եւ իրավունքները պետք է արդյունավետորեն պաշտպանվեն նաեւ քաղաքական բանակցությունների հարթակում եւ պետական պաշտպանական ու անվտանգային համակարգերի հզորացմամբ: Այն թելադրված է ինչպես մերօրյա՝ ստեղծված իրավիճակով, այնպես էլ պատմական դառը փորձով:

Արմեն Վարդանյան

HH Press.am