Ուղերձ համայն հայությանը: «Ողջ հայ ժողովուրդն այսօր արդեն հանդիսանում է քաղաքական սուբյեկտ»

Ուղերձ համայն հայությանը
«Ողջ հայ ժողովուրդն այսօր արդեն հանդիսանում է քաղաքական սուբյեկտ»
(Արցախյան 44-օրյա պատերազմի եւ բռնաճնշումներով սահմանազատում պարտադրելու խորքային պատճառները ու հետևանքները)

Ժողովրդից ապագան խլելու համար նրանից խլում են նախ իր անցյալը: (Դատապարտված ենք… ստեղծելու քաղաքական-իրավական, ազգային պետության ամուր հիմքեր:)

Հազարամյակներ շարունակ Առաջավոր Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում ձեւավորվել, զարգացել եւ ընդլայնվել է մարդկային քաղաքակրթության գոյությունը, ամբողջականությունն ու զարգացումն ապահովող ամենակարեւոր գործիքներից մեկը՝ հաղորդակցողը։ Ծագելով հնագույն մշակույթների տարածաշրջանում, որպես դրանց փոխազդեցության արդյունք, գործնականում կյանքի բոլոր բնագավառներում հաղորդակցողը կարողացել է այնպես անել, որ իր բոլոր ձեռքբերումները դառնան յուրաքանչյուրինը։

Հաղորդակցողի առանցքը Հայկական լեռնաշխարհում է եւ հարակից տարածքներում: Առանձնահատուկ արժեք էր ներկայացնում «Հաղորդակցողի պահապանների» միջավայրը, այսինքն՝ այն ժողովուրդները, որոնք բնակվում էին հաղորդակցողի տարածքում եւ ապահովում նրա գործառույթները հազարամյակների ընթացքում: Հայերի դերը «Հաղորդակցողի պահապանների» շարքում որոշիչ է եղել «հողագործական քաղաքակրթության» պահպանման եւ զարգացման հարցում։

Այսօր մեր տարածաշրջանում եւ հատկապես Հայաստանի շուրջ ընթացող գործընթացները, ինչպես նաեւ մեր պետությանը պարտադրվող ոչ հայանպաստ սահմանազատումն ու սահմանագծումն արձագանք են ստացել աշխարհասփյուռ հայության շրջանում։ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովը (խորհրդարան)՝ ի դեմս նախագահ Արմեն Տեր-Սարգսյանի, հանդես է եկել հայ ժողովրդին ուղղված նամակով, որով կոչ է արվում համախմբվել եւ տեր կանգնել Հայկական լեռնաշխարհում իր ունեցած կարեւորագույն առաքելությանը։

Նամակում մասնավորապես նշված է, որ «Առաջավոր Ասիայում եւ Մեծ Մերձավոր Արեւելքում ներկայումս ընթացող իրադարձություններն ունեն բազմաթիվ հարթություններ: Դրանցից ամենակարեւորը վերջին երեք հարյուր տարվա ձախողված փորձերն են հիմնական հաղորդակցողին Հայկական լեռնաշխարհից եւ հարակից տարածքներից տեղափոխել Ատլանտյան տարածաշրջան։ Այսօր անզիջում պայքար է ընթանում հիմնական հաղորդակցողի նկատմամբ վերահսկողություն ստանալու համար, որը կապում է հիմնական արտադրողին՝ Չինաստանին, վճարունակ սպառողներից մեկի՝ Եվրոպայի հետ»:

Այժմ արդեն ակնհայտ է, որ «մակաբույծ» եւ մասնավորապես «թալանչի-վաշխառուական» պարադիգմը փակուղային է: Սոցիալական կարգավորման բոլոր առկա ձեւերը մտացածին են եւ սպասարկում են խլելու ու վերաբաշխելու խնդիրներին: Ակնհայտ է նաեւ այն, որ «մակաբուծային» պարադիգմայի շրջանակներում չկան լուծումներ, որոնք հնարավորություն կտան պահպանել համամարդկային քաղաքակրթությունը:

Համամարդկային քաղաքակրթությունն սկսել է իր վերելքը հաղորդակցողի տարածքում՝ ձեւավորելով սոցիումի փոխգործակցության սկզբունքները՝ հիմնված բարոյականության եւ էթիկայի վրա: Հաղորդակցողը պետք է իրեն վերադարձնի այդ սկզբունքները՝ միաժամանակ հաշվի առնելով այն սխալները, որոնք հանգեցրին ներկայիս աղետալի հետեւանքներին: Սխալները հաշվի առնելու համատեքստում առաջին հերթին պետք է «մակաբույծ» պարադիգմը սահմանել որպես էքզիստենցիալ սպառնալիք եւ միջոցներ գտնել այդ սպառնալիքից պաշտպանվելու համար: Պաշտպանության ակնհայտ ձեւերից մեկը թշնամական քաղաքակրթական ձեւերի գործունեության կանխումն է «ստեղծագործ քաղաքակրթությունների» տարածքում: Առանձնահատուկ ուշադրություն է պետք դարձնել կործանարար ազդեցությունների սոցիովիրուսային ձեւերին եւ դրանց ազդեցության աղբյուրի մեկուսացմանը հասարակությունից: Սակայն դա բավարար չի կարող լինել, պետք է մշակվեն ստեղծարար լուծումներ, որոնք թույլ կտան չեզոքացնել սոցիովիրուսային ազդեցությունների կրողներին իրենց իսկ ռեսուրսների հաշվին:

Այս խնդրի շրջանակներում առաջ է քաշվել նախագիծ՝ հաղորդակցողի գործառույթները վերականգնելու համար, որին մասնակից պետք է դառնան ոչ միայն հաղորդակցողի պահապան ժողովուրդները, այլեւ բոլորը, ովքեր հարստացրել են մարդկության համընդհանուր քաղաքակրթությունն իրենց ազգային մշակույթով: Այս հարցում հատուկ դեր պետք է ստանձնի Հայկական քաղաքակրթությունը, որը որոշվում է ոչ թե պատմության մեջ ունեցած իր տեղով, այլ ներքին մոտիվացիայով՝ որպես «մակաբույծ» հարացույցի հակապատկեր, հակատիպ:

20-րդ դարում եւ 21-րդ դարի սկզբին տեղի են ունեցել ցեղասպանություններ, որոնք իրականացվել են այս կամ այն գաղափարախոսության, որոշակի երկրում կարգուկանոնի «ապահովման», սահմանադրականության եւ այլ «հիմնավորումներով»: Մինչդեռ բոլոր այդ ցեղասպանությունների իրական եւ վերջնական նպատակը ռեսուրսների վերաբաշխումն է՝ հօգուտ վաշխառուական կապիտալի, որի դրսեւորումը համաշխարհային ֆինանսական շուկան է:

Հայկական լեռնաշխարհի եւ նրա շրջակա քաղաքակրթական տարածքում արդեն 130 տարի շարունակվում է ցեղասպանությունն իր բնիկ ժողովրդի` հայերի նկատմամբ: Հայերի ոչնչացման ծրագրի իրականացումից հետո այդ հրեշավոր ծրագրի ճարտարապետները մտադրություն ունեն ստեղծելու իրենց վաշխառուական համայնքը ներկայացնող որեւէ մարմին (պետական, սոցիալ-քաղաքական), որը կստորագրի ցեղասպանության իրականացման, բռնազավթված տարածքներում նոր ագրեսոր պետության ստեղծման մասին համաձայնության եւ լեգիտիմացման համաձայնագիրը:

Լեգիտիմացման գործընթացի վերջին փուլը Արցախի դեմ 44-օրյա պատերազմն էր։ Հայոց ցեղասպանությունը եւ հայերի տեղահանումն իրականացվել են 1918-2020 թթ. Ադրբեջանի, Արցախի, Նախիջեւանի եւ հայկական այլ տարածքների վրա՝ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության (մուսաֆաթիստներ), Ադրբեջանի ԽՍՀ (բոլշեւիկներ) եւ վերջապես Ադրբեջանի Հանրապետության կառավարությունների կողմից։ Փաստացի բոլոր հիմքերը կան պնդելու, որ Հայոց ցեղասպանությունը շարունակվում է մինչ օրս եւ կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ այդ հանցագործությունը չդատապարտվի ու չիրականացվի վնասի փոխհատուցում, եւ ամենակարեւորը՝ մինչեւ հայերը չստեղծեն քաղաքական-իրավական եւ ազգային պետության ամուր ու անսասան հիմքեր, ինչը կապահովի մեր կյանքի, զարգացման ու առաջընթացի իրավունքի իրացումը:

Ժողովրդից ապագան խլելու համար նրանից խլում են նախ իր անցյալը: Դրա համար ոչնչացնում են նրա հոգեւոր եւ քաղաքակրթական արժեքները ինչպես բուն ոչնչացման, այնպես էլ յուրացման միջոցով: Այդ ամենին մենք ականատես եղանք Արցախում, որտեղ հայկական արժեքները վերագրվում են աղվանականին, ոչնչացվում են պատմամշակութային ժառանգության հուշարձանները, յուրացվում է Սբ Ամենափրկիչ Ղազանչեցոց հայկական եկեղեցին, իսկ Արցախի միջնաբերդ հայկական Շուշի քաղաքը վերածվում է թուրքերի եւ ադրբեջանցիների մշակութային մայրաքաղաքի: Նման ճակատագրի արժանացավ նաեւ հայ միջնադարյան ճարտարապետության գլուխգործոց Անին՝ «հազար ու մի եկեղեցիների քաղաքը». այն սկզբում ավերվեց եւ մոռացության մատնվեց, իսկ այնուհետեւ վերականգնման քողի տակ ոչնչացվեց հայկական հետքը։ Եվ սա Ադրբեջանի ու Թուրքիայի՝ պետական ցեղասպան քաղաքականության ամենափոքր մասն է։

Արեւմտյան Հայաստանի խորհրդարանը կոչ է անում բոլոր հայերին եւ նրա դաշնակիցներին թույլ չտալ մարդատյաց ծրագրերի իրականացումը, որի առանցքում մեզ համար Սյունիքի, ինչպես նաեւ Արցախի մնացած մասի կորուստն է: Մեծ Սյունիքի (Սյունիք եւ Արցախ) դերը հաղորդակցողի կյանքում անգնահատելի է, քանի որ այստեղ են քրիստոնեական եւ այլ հին ուսմունքների ամենամեծ կենտրոնները՝ Դադիվանք, Ամարաս, Գլաձոր, Տաթեւ, Գանձասար եւ այլն։ Բացի այդ, Անկարայի եւ Բաքվի կողմից այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» անմիջական սպառնալիք է ներկայացնում ոչ միայն Հայաստանի եւ հարեւան Իրանի, այլեւ ամբողջ քրիստոնեական աշխարհի, Եվրոպայի եւ Ռուսաստանի շահերին ու ազգային անվտանգությանը: Հայաստանի հաշվին միջանցքն անհրաժեշտ է թուրքերին իրենց վաղեմի ծրագիրը՝ «Մեծ Թուրանը» կյանքի կոչելու համար:

Ադրբեջանական կողմի անհիմն հայտարարությունները, թե Սյունիքով անցնող ճանապարհներն իրենցն են, ներխուժումը ՀՀ տարածք, որեւէ օրինական հիմնավորում չունեն, քանի որ եթե ճանապարհն անցներ Ադրբեջանի տարածքով, դա կպահանջեր միջպետական համաձայնություն երկու հանրապետությունների միջեւ։ Մինչդեռ որեւէ քարտեզով չեն հիմնավորվում ադրբեջանական նկրտումները։ Դեպի Իրան միջպետական ճանապարհն ամբողջությամբ անցնում էր Հայկական ԽՍՀ տարածքով: Հետեւաբար, «Մեծ Թուրան» նախագծին ուղղված ցանկացած քայլ սպառնալու է Հայաստանի Հանրապետության գոյությանն ու հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգությանը։ Այս էքզիստենցիալ վտանգը պետք է միավորի եւ մոբիլիզացնի համայն հայությանը, նրա բոլոր բնական դաշնակից ուժերին ու պետություններին։

Եվ ամենակարեւորը՝ Ադրբեջանի Հանրապետությանը վերաբերող եռակողմ հայտարարության բոլոր դրույթներն ամբողջությամբ կամ մասնակիորեն կատարվել են, սակայն ագրեսորի եւ նրա հովանավորների կողմից նորանոր պահանջներ են ներկայացվում Հայաստանի Հանրապետությանը՝ ներառյալ պետական սահմանի բռնի ու անարդար սահմանազատում եւ սահմանագծում, որոշ ռազմավարական տարածքների օտարում, ՀՀ ինքնիշխան տարածքով այսպես կոչված «տրանսպորտային միջանցքների» տրամադրում, ինչը նշանակում է Հայաստանի տարածքի մի մասի փաստացի խլում եւ ագրեսիայի շարունակություն: «Հայաստանի դեմ իրականացվող լայնածավալ ագրեսիան արդեն վկայում է հայկական խնդիրների ներուժի մասին, այլապես երեք կամ գուցե բոլոր վեց պետություններն այդքան ջանք չէին ուղղի դրանք հարթեցնելու համար: Այս ներուժը ըմբռնելու եւ զարգացնելու, անհրաժեշտ բեկում մտցնելու համար պետք են ազգային օրակարգեր։ Դրա համար կան բոլոր պայմանները՝ ներքին եւ արտաքին»,- ասվում է Արեւմտյան Հայաստանի խորհրդարանի տարածած հայտարարության մեջ: Դրա իրավական հիմքերը տալիս են միջազգային մի շարք կոնվենցիաներ եւ ստորագրված պայմանագրեր։

Ներկայիս էթնիկական կազմը չի կարող հիմք դառնալ սահմանագծման եւ սահմանազատման համար, քանի որ այն առաջացել է Ադրբեջանի եւ Թուրքիայի հանրապետությունների իշխանությունների կողմից իրականացված՝ հայերի բնաջնջման եւ տեղահանության հանցավոր քաղաքականության հետեւանքով: Իսկ հանցագործության հետեւանքները չեն կարող ծնել իրավունքներ («Ex injuria non oritur jus»):

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովը կոչ է անում հայությանն առաջին հերթին մոբիլիզացնել առկա ամբողջ ռեսուրսը, որն ավելին է, քան 10 մլն-ը։ Միաժամանակ պետք է փնտրել եւ համախմբել բոլոր այն մարդկանց, ժողովուրդներին եւ երկրներին, որոնք մերժել են մակաբուծության լուծը եւ պատրաստ են համատեղ պայքարի մարդկության ապագայի համար: «Այս իրավիճակում ամբողջ հայ ժողովուրդն արդեն իսկ քաղաքական սուբյեկտ է, որն իրավասու է լուծելու բոլոր հարցերը, որոնք վերաբերում են ողջ հայության նկատմամբ իրական սպառնալիքների եւ մարտահրավերների կանխմանը: Հայ ժողովուրդն ամբողջ աշխարհում, ներառյալ Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի Հանրապետությունը, օգտագործելով իր սոցիալ-քաղաքական ներուժն ու հնարավորությունները, իրավունք ունի եւ պետք է դիմի միջազգային հանրությանը, միջազգային կազմակերպություններին, ՄԱԿ-ին եւ այլն: Հայ ժողովրդի համար նման համակարգված գործողությունը կենսական ռազմավարություն է՝ գլոբալ ուժերի կողմից իրականացվող բոլոր ցեղասպանական գործողությունները ճնշելու եւ ցեղասպանությունները կանխելու համար համապատասխան ենթակառուցվածք ստեղծելու նպատակով: Լինելով նման քաղաքական սուբյեկտ՝ հայ ժողովուրդը կկարողանա վերջնականապես եւ արդարացի լուծել Հայկական հարցը եւ ապահովել կյանքի, զարգացման եւ ապագայի իր հիմնարար իրավունքի իրացումը»,- շեշտված է փաստաթղթում:

Նշենք, որ նման նամակով հանդես գալու համար խորհրդարանին են դիմել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներ՝ Տնտեսագիտության եւ խաղաղության ոլորտում Նոբելյան մրցանակի թեկնածու (2020 եւ 2021 թթ.), Միջազգային անկախ իրավաբանական եւ գիտական փորձագիտական կենտրոնի նախագահ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Մարտիկ Գասպարյանը, Համշենահայերի կանանց միջազգային ասոցիացիայի՝ «ՀԱՄՇԵՆԿԱ»-ի ղեկավար, լրագրող-ազգագրագետ Սայիդա Օհանյանը, Քաղաքակրթական խորհրդի համանախագահ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Լեւոն Բեկլարյանը, ինչպես նաեւ աշխարհի առաջատար հայ գիտնականներ, փորձագետներ եւ մտավորականներ։

Լուսինե Մխիթարյան

07.10.2021 թ.

hhpress.am