Փաշինյանը աշխատանքից ազատել է երկու գնդերի հրամանատարներին՝ զինծառայողների շրջանում իր օգտին քարոզչությունը մերժելու համար: Նրանց նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն:

Նիկոլ Փաշինյանը մեկ ժամ առաջ աշխատանքից ազատել է պատերազմի օրերին հերոսություններով աչքի ընկած Մեհրաբի եւ Մեղրիի երկու գնդերի հրամանատարներին։ Այս մասին հունիսի 8-ին Վայքի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց Սյունիքի մարզի նախկին մարզպետ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյանը:

Պատճառն, ըստ Հակոբյանի, այն է, որ վերջիններս հրաժարվել են նրա օգտին քարոզչություն իրականացնել զինծառայողների շրջանում: «Դա ոչինչ չի փոխի Նիկոլի համար, նա կշարունակի սուզվել: Մենք անպայման կվերականգնենք բանակը,պետք է պատրաստ լինենք պատերազմի, որպեսզի պատերազմ չլինի»,- նշել է նա:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունից ՀՀ ԶՈՒ N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Թադևոսյանի և N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Գևորգյանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն։

Գնդապետ Ա. Թադևոսյանի և գնդապետ Ա. Գևորգյանի ծառայողական պարտականությունների կատարումը կասեցվել է։

News.am