Եկել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, հայ ժողովրդի կրած վնասները հատուցելու, քաղաքակրթական հաղորդակցությունը Հայկական լեռնաշխարհում վերականգնելու ժամանակը

ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենը իրավական, քաղաքական, քաղաքակրթական շատ նշանակալի ու կարեւոր քայլ է կատարել։ ԱՄՆ Նախագահի ապրիլի 24-ի ուղերձը հայ ժողովրդին, որտեղ նա ճանաչում է Հայերի ցեղասպանությունը, ամենատարբեր հասցեատերեր ունի։ Դրանից մեկը տարածաշրջանի բնիկ ժողովուրդներն են, որոնք 100-ամյակներ ի վեր ենթարկվել են թուրքական պետական մեքենայի ահաբեկչական գործողություններին, ենթարկվել ցեղասպանության, ոչնչացման, բռնագաղթի, հայրենազրկման։ Տարածաշրջանում քաղաքակրթական հաղորդակցությունը կանգ է առել, գործողությունը ընթացել է մեկ ուղղությամբ․ պետական ահաբեկչության ու հանցագործության ուղղությամբ։ Հանցագործությունը սակայն չի ծնում իրավունք։ Մարդկության դեմ իրականացված ցեղասպանության ու պատերազմի հանցագործությունների նկատմամբ վաղեմության ոչ մի տեսակի ժամկետ չի կիրառվում։ Ավելին, ցեղասպանության ժխտողականությունը համարվում է ցեղասպանության շարունակությունը։

ԱՄՆ Նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը փարոսի լույս է քաղաքակիրթ աշխարհին, Առաջավոր Ասիայում եւ Մերձավոր Արեւելքում 1000-ամյակներով ձեւավորված, կատարելագործված եւ ընդարձակված մարդկային քաղաքակրթության գոյության, միասնականության ու զարգացման համար։ Բնիկ ժողովուրդները պետք է ստանձնեն իրենց քաղաքակրթական առաքելությունը։ Այստեղ առանձնահատուկ դեր ու նշանակություն ունի հայ ժողովուրդը։

Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած պետություններն ու Ազգերի լիգան որոշեցին, որ թուրքերը այսուհետ իրավունք չունեն ղեկավարելու հայ ժողովրդին։ Նրանք ճանաչեցին հայ ժողովրդի պետականություն ունենալու իրավունքը, որոշումներ կայացրին Հայաստան պետության անկախության, սահմանների, պատերազմում կրած նյութական վնասի հատուցման եւ այլ հարակից հարցերով։ Սակայն, ինչպես նշում է «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժի մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիայի հեղինակ Ռաֆայել Լեմկինը հայ ժողովրդի դեմ Թուրքիայի իրականացրած հանցագործությունները անպատիժ մնացին, որովհետեւ դաշնակից պետություններն ու Ազգերի լիգան մինչեւ վերջ հետեւողական չեղան իրենց իսկ կայացրած որոշումները կյանքի կոչելու հարցերում։

Հայ ժողովրդի համար այս ծանր օրերին, երբ հայ ժողովուդն իր գենոֆոնդը զոհաբերեց մեն-մենակ կռվելով թուրքական — ադրբեջանական․․․ միջազգային ահաբեկչական կոալիցիայի իրականացրած ագրեսիայի դեմ, երբ շատերը եղան «անտարբեր», շատերը մնացին «չեզոք», կարեւոր է տեսնել, որ մենք մենակ չենք։

Ամպերը չեն կարող երկար ժամանակով ծածկել արեւի շողերը։

Եկել է Հայոց ցեղասպանության ճանաչման ու հատուցման, տարածաշրջանի հաղորդակցությունը մյուս բնիկ ժողովուրդների հետ միասնաբար վերականգնելու ժամանակը։

Շնորհակալություն ԱՄՆ Նախագահին, ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատների օրենսդիրներին, հասարակական ու քաղաքական գործիչներին, ամերիկայի ժողովրդին։ ԱՄՆ Նախագահը այս ճանաչումով առաջին հերթին օրհնեց ԱՄՆ-ն ու նրա ժողովրդին։

24.04.2021թ.

Ակադեմիկոս Մարտիկ ԳԱՍՊԱՐՅԱՆ՝

Տնտեսագիտության և Խաղաղության Նոբելյան մրցանակի   թեկնածու,

Ռեպարացիաների և ռեստուտիցիաների գնահատման և փորձագիտության միջազգային անկախ իրավական  կենտրոնի ղեկավար,

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր, Խորհրդարանի Հայերի ցեղասպանության հետեւանքով հասցված վնասի վերականգնման ու փոխհատուցման հարցերի հատուկ հանձնաժողովի նախագահ,

Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի (ԱԺՀՄՄԱ) փոխնախագահ, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի գիտական ​​խորհրդի անդամ, Ռուսաստանի բնական  գիտությունների ակադեմիայի, Ռուսաստանի արվեստների ակադեմիայի, ԱԺՀՄՄԱ-ի և «EWAN» եվրոպական ակադեմիայի ակադեմիկոս, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, 1993 թվականից՝ Հռոմի ակումբի վերլուծական կենտրոնի անդամ, Գիտության և բարձր տեխնոլոգիաների գծով Եվրասիական գիտական ​​փորձագիտական ​​խորհրդի անդամ: