ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ
Հայերի ցեղասպանութեան ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերի շուրջ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան) ռազմավարութեան մասին
(լրամշակուած օրինակ)
Հայերի ցեղասպանութեան ճանաչման, դատապարտման եւ հատուցման խնդիրներում Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան ռազմավարութիւնը կառուցուած է հետեւեալ հարցադրումներին տրուած ճշգրիտ պատասխանների վրայ.Հայերի ցեղասպանութիւնը դատարապարտուել է 1896, 1909, 1915, 1919 թթ., որտե՞ղից ծագեց Հայերի ցեղասպանութեան ճանաչման խնդիրը եւ Հայերի ցեղասպանութիւնը մէկ անգամ եւս կրկին դատապարտելու խնդիրը:
Ե՞րբ է իրականացուել Հայերի ցեղասպանութիւնը, ո՞ր տարիներին, ո՞ւմ կողմից եւ ո՞րն է Հայերի ցեղասպանութեան ժամանակագրութիւնը, 1915-1923, թե՞ 1894-1923 թթ.:
Ո՞րն է Հայերի ցեղասպանութեան հետեւանքով հայութեանն ու Հայաստանին հասցուած վնասը եւ իրականացուել է, արդեօ՞ք այդ վնասի գնահատումը, հաշուարկը, այլ կերպ ասած, գոյութիւն ունի, արդեօ՞ք վնասի հատուցման հաշուարկի ամբողջական փաթեթը:
Հայերի ցեղասպանութեան դատապարտման ժամանակը:
Միջազգային ընկերակցութիւնը Լոզանի կոնֆերանսից յետոյ` 1923-1965 թթ., Հայերի ցեղասպանութեան խնդիրը վարպետօրէն շրջանցեց եւ մոռացութեան մատնեց:
Մոռացութեան պատը հնարաւոր եղաւ քանդել 1965 թ. Մեծ եղեռնի 50-ամեայ տարելիցի օրերին Խորհրդային Հայաստանում բռնկուած պահանջատիրութեան ցոյցերով, շարժումով եւ, մանաւանդ, 1973-1975 թթ. Հայկական սփիւռքում ձեւաւորուած ազգային ազատագրական պայքարի` Գուրգէն Եանիկեանի, Գեւորգ Աճեմեանի, Սիմոն Սիմոնեանի, Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակի, Հայերի Ցեղասպանութեան Արդարութեան Մարտիկների եւ այլ կազմակերպութիւնների ու անհատների մեծ ջանքերի ու զոհողութիւնների գնով:
1965-1985 թուականները Հայերի ցեղասպանութեան ճանաչման տարիներն են: Այդ ժամանակ էր, որ հայ ազատագրական պայքարի ծաւալմանը զուգընթաց` համաշխարհային լրատուամիջոցները բառացիօրէն ողողուեցին հայութեան եւ Հայաստանի, ինչպէս նաեւ Հայերի ցեղասպանութեան վերաբերեալ տեղեկութիւններով, հարցազրոյցներով, յօդուածներով, գրքերով, հաղորդաշարերով ու ֆիլմերով…
1985-ը Գորբաչովեան պերեստրոյկայի եւ 1987-ը` Եւրոպական պառլամենտի «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձեւի ընդունման տարեթուերն են, որոնց անմիջապէս յաջորդել են Սումգայիթում, Բաքւում, Գանձակում եւ այլ վայրերում բնակուող ազգութեամբ հայ քաղաքացիների հալածանքները, կոտորածը, բռնագաղթը եւ ԼՂՀ-ի ու ՀՀ-ի դէմ Ադրբեջանի Հանրապետութեան սանձազերծած ագրեսիան:
Նոր ժամանակների հայ ազգային ազատագրական պայքարի նոր փուլը Արցախեան ազատամարտն է` 1988-1994 թթ., որի յաղթական աւարտից յետոյ, իսկապէս, որ պէտք է գար Հայերի ցեղասպանութեան դատապարտման եւ հատուցման ժամանակը` մանաւանդ, որ ազգովին դիմակայել էինք հայերի նոր ցեղասպանութիւն կազմակերպելու դաւադրութեանը:
Ու թէեւ թանկարժէք ժամանակը կորսուած է, սակայն ամէն ինչ չէ, որ կորած է:
Պարզապէս, պէտք է ընդունել, որ Հայերի ցեղասպանութեան ճանաչման պարտադրուած գործընթացն աւարտուած է եւ պէտք է անցում կատարել Հայերի ցեղասպանութեան միջազգային դատապարտման եւ հատուցման գործընթացին:
Հայերի ցեղասպանութեան իրականացման ժամանակաշրջանը եւ ցեղասպանութեան դատապարտումները:
Հայերի ցեղասպանութիւնը իրականացուել է 1894-1923 թթ. ընթացքում Թուրքիայի իրար յաջորդող կառավարութիւնների կողմից` սուլթանական, երիտթուրքական քեմալական, յետագայում` հանրապետական: Իրականացուել է Օսմանեան կայսրութեան տարածքում, Արեւմտեան Հայաստանում, Կիլիկեան Հայաստանում, Արեւելեան Հայաստանում, Բաքւում, Շուշիում․․․
Եւ 1918-2016 թթ․ ընթացքում Ադրբեջանի երեք հանրապետութիւնների իրար յաջորդող կառավարութիւնների կողմից Ադրբեջանում, Արցախում, Նախիջեւանում եւ հայկական այլ տարածքներում:
Հայերի ցեղասպանութեան, հայատեացութեան, հալածանքների, հայկական մշակութային ու քաղաքակրթական արժէքների ոչնչացման, ինչպէս նաեւ հայ մշակոյթի կեղծարարութեան եւ մշակութային արժէքների իւրացման քաղաքականութիւնն է գործելակերպը Թուրքիայի եւ Ադրբեջանի կառավարութիւնների կողմից շարունակւում է մինչեւ այսօր:
Աւելին, պետական ահաբեկչութեան այդ նոյն քաղաքականութիւնն իրականացւում է նաեւ Մեծ Մերձաւոր Արեւելքի այլ հին ժողովուրդների նկատմամբ` յոյների, ասորիների, թալիշների եւ այլ:
Հայերի ցեղասպանութիւնը դատարապարտուել է 1896, 1909, 1915, 1919 թթ.:
1894-1896 թթ. Սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի կազմակերպած կոտորածներին զոհ են գնացել 300 հազար, բռնի կրօնափոխութեան ենթարկուել 200 հազար, տարագրուել 100 հազար հայ: Հայկական կոտորածներն իրականացրել են թուրքական կանոնաւոր զօրամասերը, «Համիդիէ» գնդերը, ոստիկանութիւնը եւ ազգայնամոլ ամբոխը:
Համիդեան կոտորածների ընթացքում տեղի է ունեցել հայերի բռնի կրօնափոխութիւնը, ինչը հիմք է հանդիսացել իսլամացման ու թուրքացման քաղաքականութեան սկզնաւորման եւ էլ աւելի բիրտ եղանակներով դրա շարունակութեան համար:
1894-1896 թթ. Համիդեան կոտորածները դատապարտել են ժամանակի առաջադէմ գործիչներ Ժան Ժորեսը, Վիկտոր Բերարը, Անատոլ Ֆրանսը, Յօհաննես Լեփսիուսը, Լինչը եւ ուրիշներ:
1909 թ. Ադանայի կոտորածների ձեռագիրը նոյնն է, այն կազմակերպել է թուրքական իշխանութիւնը, իրականացրել ազգայնամոլ ամբոխը, մասնակցել թուրքական բանակը: Ադանայի կոտորածներին զոհ է գնացել շուրջ 30 հազար հայ: Ցեղասպանութեան փաստի առընչութեամբ դատավարութիւն է կազմակերպուել, որը սակայն ձեւական բնոյթ է կրել: Կազմակերպուած հրդեհի միջոցով դատավարութեան նիւթերը փորձել են կրակի մատնել ու ոչնչացնել, թէեւ շատ նյութեր փրկուել են եւ պահպանւում են առ այսօր:
1915 թ․ ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսի հայ մտաւորականների ձերբակալութեամբ սկսուել է Հայերի ցեղասպանութեան ամենամեծ ալիքը, որը շարունակուել է մինչեւ 1923 թ․ եւ, ըստ էութեան, չի աւարտուել մինչեւ այսօր: Հայերի ցեղասպանութեան հետեւանքով զոհուել է աւելի քան մէկ ու կէս միլիոն հայ եւ կէս միլիոն հայ բռնագաղթուել է, դարձել փախստական ու տարագիր:
1915 թ. մայիսի 24-ին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը հանդէս են եկել երիտթուրքական կառավարութեան սանձազերծած հայերի կոտորածներն ու ցեղասպանութիւնը դատապարտող յատուկ յայտարարութեամբ, որտեղ 1915 թ. ապրիլեան կոտորածները որակել են, որպէս «Թուրքիայի նոր ոճիրը մարդկութեան եւ քաղաքակրթութեան դէմ»: Տեքստում մասնաւորապէս ասուած էր. «Մարդկության եւ քաղաքակրթության դեմ գործված Թուրքիո այս նոր ոճիրներու հանդեպ դաշնակից տերությունների կառավարությունները հանրորէն կը տեղեկացնեն Մեծ Դռանը, որ թուրք կառավարության բոլոր անդամները անհատապես պատասխանատու պիտի համարվին, ինչպես նաեւ բոլոր այն պաշտոնյաները, որոնք մասնակից դարձան այս ջարդերուն»։
Օսմանեան կայսրութիւնը ինքն է առաջիններից մէկը, որ ճանաչել ու դատապարտել է Հայերի ցեղասպանութիւնը: Կոստանդնուպոլսի Ռազմական յատուկ ատեանը 1919 – 1920 թթ. իրականացրել է երիտթուրք պարագլուխների դատավարութիւնը նրանց ներկայացնելով երկու մեղադրանք. Օսմանեան կայսրութիւնը պատերազմի մէջ ներքաշելու եւ կայսրութեան հպատակ հայ քաղաքացիների կոտորածները, ցեղասպանութիւնը ու բռնագաղթը իրականացնելու համար, ինչի հիման վրայ երիտթուրք պարագլուխներից Թալէաթը, Էնուէրը, Ջեմալը, Նազիմը, Քեմալ բէյը, Ջեմալ Ազմին, Նայիմը, Բեհաեդդին Շաքիրը հեռակայ կարգով դատապարտուել են մահուան, որն յետագայում ի կատար են ածել «Նեմեսիս գործողութիւն» հայ վրիժառուները:
Հայերի ցեղասպանութիւնը ճանաչել եւ դատապարտել են ՄԱԿ-ի անդամ 39 պետութիւններ, ՄԱԿ-ի մի քանի յանձնաժողովներ (1985), Եւրոպայի Խորհուրդը (1998, 2001), Եւրախորհրդարանը (1987, 2000, 2002, 2015), Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (1983), Ժողովուրդների մշտական դատական ատեանը (1984), ԱՄՆ 50 նահանգներից 49-ը եւ այլն:
1919 թ․ կատարուել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Հայաստանին հասցուած նիւթական վնասի գնահատումը:
1920 թ. ստորագրուել է Սեւրի պայմանագիրը, որի 88-93-րդ յօդուածները վերաբերում էին Հայաստանին եւ 1920 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրոյ Վիլսոնը վաւերացրել է Իրաւարար վճիռ Թուրքիայի եւ Հայաստանի սահմանի վերաբերեալ:
Վերոնշեալ փաստերը ցոյց են տալիս, որ հայ ժողովրդին ու Հայաստանին հասցուած վնասի հատուցումը, որն իրականացուելու էր Սեւրի դաշնագրի եւ Վիլսոնի Իրաւարար վճռի դրոյթների գործադրմամբ, ինչպէս նաեւ պատճառուած նիւթական վնասի հատուցմամբ` որոշուել է, ստորագրուել, վաւերացուել, սակայն չի իրականացուել:
Աւելին, 1923 թ. յետոյ այդ ամէնը միտումնաւոր կերպով մոռացութեան է մատնուել:
Հայերի ցեղասպանութեան ժամանակագրութեան հարցը` 1915-1923 թթ., թե՞ 1894-1923 թթ.:
Այս հարցում, իրաւական դիրքորոշման տեսակէտից, կարեւոր է, թէ ի՞նչ ժամանակահատուածում եւ ո՞ւմ կողմից է իրականացուել Հայերի ցեղասպանութիւնը: Այդ իմաստով մերժելի է 1915-1923 թթ. ձեւակերպումը: Ճիշտ է եւ պատմականօրէն փաստարկուած` 1894-1923 թթ. ձեւակերպումն ու ժամանակագրութիւնը, որովհետեւ երեք եւ աւելի իրար յաջորդող թուրքական կ’առավարութիւննէր` օսմանեան, երիտթուրքական, քեմալական, նոյնատիպ բնաջնջման գործողութիւններ են իրականացրել հայութեան նկատմամբ:
Անպայման պէտք է յիշատակել նաեւ 1894-96 թթ. Աբդուլ Համիդ 2-ի կազմակերպած Համիդեան կոտորածները, 1909 թ. Երիտթուրքերի կազմակերպած Ադանայի հայութեան կոտորածը, որոնք նոյնպէս Հայերի ցեղասպանութեան դրուագներից են: Մենք ոչ իրաւական, ոչ քաղաքական, եւ ոչ էլ բարոյական իրաւունք ունենք դրանք անտեսելու եւ մոռացութեան մատնելու, առաւել եւս, որ դրանք Հայերի պահանջատիրութեան ապագայ քայլերի իմաստով խիստ կարեւոր նշանակութիւն ունեն ընդհանուր շղթայի մէջ:
Հայ ժողովրդի, մարդկութեան եւ քաղաքակրթութեան դէմ` Թուրքիայի իրար յաջորդող կառավարութիւնների իրականացրած յանցագործութիւնները, առնուազն վերջին 100 տարիների ընթացքում:
Որպէսզի պատկերացում կազմենք Հայերի ցեղասպանութեան հետեւանքով հայերին հասցուած ամբողջական վնասի վերաբերեալ, հարկաւոր է պարզապէս յիշել թուրքական իրար յաջորդող կառավարութիւնների` սուլթանական, երիտթուրքական, քեմալական, կողմից իրականացուած բոլոր յանցագործութիւնները մարդկութեան եւ հայութեան նկատմամբ:
Պարզապէս թուարկենք դրանք:
Այլատեացութեան, հայատեացութեան, ազգային գերազանցութեան ու սնապարծութեան, ռասիզմի գաղափարախօսութեան` պանթուրքիզմի ձեւաւորում, տարածում եւ քարոզչութիւն:
Հայերի տեղահանութեան եւ ցեղասպանութեան ծրագրերի ու գաղափարների մշակում, տարածում, քարոզչութիւն:
1894-1896, 1909, 1915-1918, 1919-1923 թթ. ընթացքում հայ ժողովրդի բնօրրանում` Հայկական լեռնաշխարհում, եւ Օսմանեան կայսրութեան տարածքում Հայերի ցեղասպանութեան ու բռնագաղթի իրականացում, հայ ժողովրդի ունեցուածքի յափշտակում եւ իւրացում:
1915-ին եւ դրան յաջորդող տարիներին` յոյների, ասորիների, արաբների (յետագայում, 1920-ական թթ. կէսերից սկսած, նաեւ քրդերի) կոտորածների ու ցեղասպանութեան իրականացում, նրանց ունեցուածքի յափշտակում եւ իւրացում:
1918 թ., ագրեսիայի ձեռնարկում Արեւելեան Հայաստանի հայութեան նկատմամբ, Բաթումի ապօրինի պայմանագրի պարտադրում նորաստեղծ Հայաստանի Հանրապետութեանը («Հաշտութեան եւ բարեկամութեան պայմանագիր Օսմանեան կայսերական կառավարութեան եւ Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան միջեւ», 4 յունիս 1918 թ․, Բաթում):
1918 թ․, Բաքուի հայերի կոտորած, ցեղասպանութիւն, հայերի ունեցուածքի կողոպուտ:
1920 թ․, Շուշիի հայերի կոտորած, քաղաքի հրդեհում, հայերի ունեցուածքի կողոպուտ:
1920 թ., ագրեսիայի ձեռնարկում անկախ եւ ինքնիշխան պետութեան` Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ, այնուհետեւ Ալեքսանդրապոլի անօրինական եւ ապօրինի պայմանագրի պարտադրում ագրեսիայի ենթարկուած կողմին` Հայաստանի Հանրապետութեանը («Հաշտութեան պայմանագիր Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարութեան միջեւ», 2 դեկտեմբեր 1920 թ., Ալեքսանդրապոլ):
Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիւ Սոցիալիստական Հանրապետութեան մասնակցութեամբ անօրինական եւ ապօրինի պայմանագրի պարտադրում Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետութեանը («Բարեկամութեան պայմանագիր մի կողմից Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետութեան, Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Ԁանրապետութեան եւ Վրաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետութեան կառավարութիւնների եւ միւս կողմից` Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարութեան միջեւ, Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիւ Սոցիալիստական Հանրապետութեան մասնակցութեամբ», 13 հոկտեմբեր 1921 թ․, Կարս):
Հայ ժողովրդի իրաւունքների հաշուին, 3 մարտ 1918 թ․-ին, մի կողմից Ռուսաստանի Ֆեդերատիւ Սոցիալիստական Հանրապետութեան եւ միւս կողմից` Գերմանիայի, Աւստրո-հունգարիայի, Բուլղարիայի եւ Օսմանեան կայսերական կառավարութեան միջեւ ստորագրուեց Բրեստի լրացուցիչ պայմանագիրը: Այդ պայմանագրով Ռուսաստանը Թուրքիային յանձնեց Արեւմտեան Հայաստանը եւ Արեւելեան Հայաստանի մի զգալի մասը: Պայմանագրով ստանձնած յանձնառութեան համաձայն` Ռուսաստանը զօրացրեց Հայկական կամաւորական գնդերը եւ զօրքերը դուրս բերեց Հայաստանից: 16 մարտ 1921 թ․-ին ստորագրուած, այսպէս կոչուած, Մոսկուայի անօրինական պայմանագիրը` «Բարեկամութեան եւ եղբայրութեան պայմանագիր Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիւ Սովետական Հանրապետութեան կառավարութեան եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարութեան միջեւ», ըստ էութեան, Բրեստի լրացուցիչ պայմանագրի շարունակութիւն էր եւ դրա «վաւերացումը»: Վերոյիշեալ պայմանագրերը փաստօրէն կոպտօրէն խախտել են միջազգային իրաւունքի հիմնարար դրոյթները, քանի որ կնքուել են ագրեսիայի ու պարտադրանքի արդիւնքում
1937 թ., Դերսիմի հայերի ու ալեւիների կոտորածների ու ցեղասպանութեան իրականացում:
1955 թ․, սեպտեմբեր, Կոստանդնուպոլսի յոյների ու հայերի կոտորածնէր, ցեղասպանութիւն, յոյների ու հայերի ունեցուածքի թալան, յափշտակում: Ըստ պաշտօնական տուեալների` սեպտեմբերի 6-7-ին մահացել է 11 մարդ, մինչդեռ հայկական ու յունական համայնքների մօտ եղած տեղեկութիւններն այլ են. 37 սպանուած, 300-ից աւելի բռնաբարուած կին, աւերուած 71 եկեղեցի, 3 թերթի խմբագրութիւն, 4.500 արհեստանոց ու խանութ, 26 դպրոց, 2.100 տուն ու բնակարան:
1974 թ․, Կիպրոսի Հանրապետութեան հիւսիսային տարածքների բռնազաւթում, տեղի յոյն եւ հայ բնակչութեան կոտորածնէր, ցեղասպանութիւն, բռնագաղթ, ունեցուածքի յափշտակում:
1894-1923 թթ․, 1923 թ․-ից մինչեւ այսօր Հայոց քաղաքակրթական արժէքների, այդ թւում` պատմաճարտարապետական յուշարձանների եւ եկեղեցիների ու խաչքարերի ոչնչացում ու աւերում: Համաձայն 1914 թ. տուեալների հայկական եկեղեցիների ու եկեղեցական համալիրների ընդհանուր թիւն Արեւմտեան Հայաստանում եւ Օսմանեան կայսրութեան մէջ կազմել է 2549 (այդ թւում IV-V դդ. վաղ քրիստոնէական յուշարձանները): Դրանց մեծ մասը թալանուել, հրկիզուել եւ աւերուել է ցեղասպանութեան ժամանակ: ՅՈՒՆԵՍԿՕԻ-ի 1974 թ. տուեալների համաձայն` 1923 թ.-ից յետոյ պահպանուած 913 պատմա-ճարտարապետական յուշարձաններից 464-ը հիմնահատակ ոչնչացուել են, 252-ը աւերակ վիճակում է, 197-ը հիմնական վերանորոգման կարիք ունի: Այսօր արդէն գրեթէ ոչինչ չի մնացել վերականգնելու, Թուրքիայի Հանրապետութեան կառավարութիւնները դրանք բոլորը ծրագրաւորուած կերպով ոչնչացրել են:
Հայերի եւ տարածաշրջանի այլ ժողովուրդների պատմութեան, մշակոյթի եւ քաղաքակրթական այլ արժէքների կեղծարարութիւն, իւրացում:
Հայերի ցեղասպանութեան ժխտողականութիւն: Այս հարցով ժամանակ շահելու եւ հատուցումը յետաձգելու ակնկալիքներով` պատմաբանների յանձնաժողովի ստեղծման առաջարկներ:
ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրոյ Վիլսոնի 1920թ. նոյեմբերի 22-ի Իրաւարար վճռով Հայաստանին պատկանող տարածքի բռնազաւթում:
1993 թ․-ից Հայաստանի Հանրապետութեան շրջափակում:
Ադրբեջանի երեք հանրապետութիւնների կառավարութիւնների իրականացրած յանցագործութիւնները Հայաստանի, հայերի, տարածաշրջանի այլ ժողովուրդների եւ մարդկութեան նկատմամբ Թուրքիայի իշխանութիւնների ձեռագրի ու ծրագրի կրկնութիւնն են, որի ամբողջական պատկերը կը ներկայացնենք յաջորդ պարագրաֆում` ստորեւ:
Հայ ժողովրդի, մարդկութեան եւ քաղաքակրթութեան դէմ` Ադրբեջանի երեք հանրապետութիւնների իրար յաջորդող կառավարութիւնների յանցագործութիւնները, առնուազն վերջին 100 տարիների ընթացքում, որոնք Թուրքիայի իրար յաջորդող կառավարութիւնների ցեղասպանական ծրագրերի մասն են կազմում եւ այդ ծրագրերի ուղղակի պատճէնահանումն ու կրկնօրինակումներն են: Աւելի մեծ ժամանակային ծաւալ ընդգրկել չենք կարող, քանի որ Ադրբեջան անուանումով արհեստական պետութիւնը ստեղծուել է 1918 թ․-ին:
1905-1906 թթ., մասնակցութիւն Կովկասում հայերի դէմ հրահրուած խժդժութիւններին, հայերի հալածանքներ ու սպանութիւններ, նրանց ունեցուածքի յափշտակում:
1918 թ., մասնակցութիւն թուրքական զօրքերի կողմից իրականացուած Բաքուի հայերի կոտորածներին, նրանց ունեցուածքի յափշտակում:
1918-1921 թթ., զինուած յարձակումներ ու բռնութիւններ Ղարաբաղի, Նախիջեւանի, Զանգեզուրի հայ բնակչութեան նկատմամբ, ագրեսիայ` Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ, տարածքային անհիմն պահանջների ներկայացում, անկայունութեան հրահրում տարածաշրջանում:
1920 թ., Շուշի քաղաքի հայ բնակչութեան կոտորած, քաղաքի հրդեհում, քաղաքի հայերի ունեցուածքի յափշտակում:
Արցախը Ադրբեջանին բռնակցելու անօրինական որոշման ընդունում: 1921 թ.-ի յուլիսի 5-ին Ռուսաստանի Կոմունիստական Կուսակցութեան Կովկասեան Բիւրոյի նիստը, արհամարհելով Ազգերի լիգայի համապատասխան որոշումը եւ Արցախի ժողովրդի կարծիքը` որպէս Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Ադրբեջանի միջեւ սահմանների որոշման ժողովրդավարական գործիք, ի հակադրութիւն միացման բանաձեւի, արարողակարգային խախտումներով` անօրինական որոշում ընդունեց Խորհրդային Հայաստանից Արցախի բռնի անջատման մասին` Խորհրդային Ադրբեջանի կազմում լայն իրաւասութիւններով ազգային ինքնավարութիւն կազմաւորելու պայմանով: Այսպիսով, պատմական հայկական ու հայաբնակ տարածքների մեծ մասը յանձնուեց Խորհրդային Ադրբեջանին:
1921 թ., Մոսկուայի ապօրինի պայմանագրի ստորագրում, Նախիջեւանի երկրամասի բռնակցում Ադրբեջանին` խնամակալութեան անուան ներքոյ («Պայմանագիր Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիւ Սովետական Հանրապետութեան կառավարութեան եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի միջեւ», Մոսկուայ, 16 մարտի, 1921 թ.):: Նախջեւանի երկրամասի բռնազաւթում եւ շահագործում, յանցագործութիւններ եւ հալածանքներ Նախջեւանի բնիկ հայերի նկատմամբ, ի վերջոյ` Նախիջեւանի երկրամասի հայաթափում:
1921-1988 թթ., Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան բռնազաւթում եւ շահագործում, յանցագործութիւններ Արցախի բնիկ հայութեան նկատմամբ:
1930-ական թթ. մինչեւ մեր օրերը, Ադրբեջանում, Նախիջեւանում եւ Արցախում ապրող ժողովուրդների` հայերի, ուդիների, թալիշների, թաթերի, աւարների, լեզգիների բռնի ձուլում, նրանցից շատերի նկատմամբ ցեղասպանական գործողութիւնների իրականացում:
1960-ական թթ. մինչեւ մեր օրերը, տարածաշրջանի ժողովուրդների, այդ թւում, մասնաւորապէս, հայերի պատմութեան եւ մշակոյթի կեղծարարութիւն, քաղաքակրթական եւ պատմական, ճարտարապետական արժէքների ոչնչացում կամ իւրացում:
1988 թ., Արցախի հայութեան ազատ ապրելու եւ ազատօրէն զարգանալու կամքի եւ իրաւունքի արտայայտութեան ճնշում բռնամիջոցներով, իրականացուած հայերի զանգուածային սպանութիւններով, հալածանքներով, ահաբեկումներով, բանտարկութիւններով:
1988 թ., Սպիտակի երկրաշարժի վերականգնողական աշխատանքների համար նախատեսուած շինանիւթի, ինչպէս նաեւ աղէտի գօտու համար ժողովուած մարդասիրական օգնութեան ամօթալի կողոպուտ ու թալան:
1988-1990 թթ., Ադրբեջանի Հանրապետութեան քաղաքացի հայ բնակչութեան ցեղասպանութեան եւ բռնագաղթի իրականացում, ունեցուածքի յափշտակում:
1991-1994 թթ., լայնածաւալ ագրեսիայ ԼՂՀ-ի, ինչպէս նաեւ ՀՀ-ի սահմանամերձ շրջանների նկատմամբ:
Ադրբեջանի Հանրապետութիւնը, պետութիւն է, որի կառավարութիւնը աւերել է եւ շարունակում է ոչնչացնել բազմաթիւ հին հայկական յուշարձաններ, եկեղեցիներ, հայ ժողովրդի մշակութային ժառանգութիւնը: Այս ամէնի խօսուն վկայութիւն է Ադրբեջանի Հանրապետութեան, Արցախի եւ Նախիջեւանի հայկական տարածքներում գտնուող 89 միջնադարեան հայկական եկեղեցիների, 5480 խաչքարերի եւ 22,700 գերեզմանների ոչնչացումը, այդ թւում` Ագուլիսում 400 խաչքարերի եւ 2005 թ. Նախիջեւանում Ջուղայի հազարաւոր միջնադարեան բնօրինակ եւ հնագոյն խաչքարերի ոչնչացումը:
2016 թ․, ապրիլ, ապրիլեան քառօրեայ պատերազմի ու ագրեսիայի սանձազերծում Արցախի Հանրապետութեան եւ Արցախի հայութեան նկատմամբ, պատերազմական նոր յանցագործութիւնների իրականացում:
1988-2019 թթ., ԼՂՀ-ի, ՀՀ-ի շրջափակում, ազատ զարգանալու հնարաւորութեան իրաւունքի խոչընդոտում, արգելափակում:
1988-2019 թթ., միջազգային ընտանիքի կողմից թոյլ իրականացուող վերահսկողութեան պայմաններում, Ադրբեջանի Հանրապետութեան կողմից սպառազինութիւնների թոյլատրելիութեան բոլոր նորմերի ու սահմանումների խախտում, տարածաշրջանային անկայունութեան հրահրում:
Ադրբեջանի Հանրապետութեան իշխանութիւնների կողմից, յատկապէս նոր սերնդի մօտ, հայատեացութեան, այլատեացութեան, ռասիզմի սերմանում, ազգամիջեան կոյր ատելութեան բորբոքում ու հրահրում, նոր պատերազմների ու ցեղասպանութեան քարոզչութիւն եւ նախապատրաստութիւն:
Ամփոփիչ խօսք:
Սա է ոչ ամբողջական ցանկը մարդկութեան եւ հայութեան դէմ` Թուրքիայի եւ Ադրբեջանի իրար յաջորդող կառավարութիւնների իրականացրած յանցագործութիւնների, վերջին 100 տարիների ընթացքում:
Այս ամէնին յաւելենք, ոչ մինչեւ այսօր չի կատարուել հայ ժողովրդին հասցուած ողջ վնասի գնահատումն ու հաշուարկը, ինչպէս նաեւ 1923-ից յետոյ ընկած ժամանակահատուածում այլ յանցագործութիւնների միջոցով հայութեանն ու Հայաստանին հասցուած ողջ վնասի չափի գնահատումն ու հաշուարկը:
Սակայն այստեղ թուարկուած յանցագործութիւններն ուղիղ մատնանշում են այն վնասները, որոնք կարելի է եւ պէտք է հաշուարկել ու այդպէս պատրաստել Հայերի ցեղասպանութեան հետեւանքով հայութեանն ու Հայաստանին հասուած ամբողջ վնասի իրական չափը, վնասների հատուցման ամբողջական փաթեթը:
Մէկ կարեւոր նկատառում եւս, որպէս եզրափակիչ խօսք:
Հայերի նկատմամբ 1894 – 1923 թթ․ ընթացքում իրականացուած կոտորածն ու բռնագաղթը հանդիսանում է ցեղասպանութիւն, համաձայն` ՄԱԿ-ի «Ցեղասպանութեան յանցագործութեան կանխարգելման եւ դրա պատժի մասին» Կոնուենցիայի, 9 դեկտեմբեր 1948 թ․: Հայերի ցեղասպանութիւնը ենթակայ է դատապարտման, համաձայն` ՄԱԿ-ի «Պատերազմի յանցագործութիւնների եւ մարդկութեան դէմ յանցագործութիւնների նկատմամբ վաղեմութեան ժամկէտ չկիրառելու մասին» Կոնուենցիայի, 26 նոյեմբեր 1968 թ․:
Կարող ենք փաստել, որ Հայերի ցեղասպանութիւնը մինչեւ այսօր շարունակւում է եւ շարունակուելու է, քանի դեռ չի իրականացուել յանցագործութեան դատապարտումը եւ պատճառուած վնասի ամբողջական հատուցումը: Եւ քանի դեռ հայութիւնը չի վերագտել` ապրելու, զարգանալու եւ առաջընթացի իրաւական – քաղաքական, ազգային – պետական ամուր եւ անսասան հիմքերը:
Սոյն յայտարարութիւնն ընդունուած է 19.10.2014 թ. Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 2-րդ նստաշրջանում։ Լրացումները կատարուել են 04.09.2019 թ. Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման Խորհրդարանի Նախագահութեան եւ Կառավարութեան համատեղ նիստում:
Արմէն Տէր-Սարգսեան
Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ
04.09.2019 թ.