Լուկաշենկոն պատմել է, որ Ալիեւը գումար է առաջարկել Ղարաբաղի համար, սակայն ՀՀ նախկին իշխանությունը մերժել է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը գումար է առաջարկել Ղարաբաղի համար, եթե պաշտոնական Երեւանը համաձայնի խաղաղ ճանապարհով կարգավորել հակամարտությունը: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Լուկաշենկոն ապրիլի 13-14-ին այցով գտնվում էր Բաքվում, որտեղ բանակցություններ է վարել Ալիեւի հետ: Հանդիպման արդյունքներով երկու նախագահները պատասխանել են լրագրողների հարցերին: Նախօրեին մի հատված ցուցադրել է պետական «Բելառուս 1» հեռուստաալիքը:

«Ես, իհարկե, երբ նախագահ չլինեմ, շատ լավ բաներ կպատմեմ այն մասին, թե ինչպես է Իլհամ Հեյդարովիչը հայ ժողովրդին եւ Հայաստանի ղեկավարությանն առաջարկել կարգավորել այդ հակամարտությունը: Երեկ նա ինձ ասաց. «Լսիր, փոխանցիր հայերին, դու նրանց հետ լավ հարաբերություններ ունես, ես պատրաստ եմ վերականգնել ոչ միայն Ղարաբաղը, այլ նաեւ Հայաստանը: Ես չեմ նշի գումարի չափը, որը պատրաստ եմ միանգամից վճարել: Փոխանցիր նրանց, որպեսզի խաղաղ կարգավորեն այդ հարցը»,-պատմել է Լուկաշենկոն Ալիեւի հետ իր զրույցի մասին:

Լուկաշենկոն հստակեցրել է, որ զրույցի պահին նավթի գինը գերազանցել է բարելի դիմաց 100 դոլարը:

«Ես այսօր առաջին անգամ եմ այդ մասին խոսում: Նման բան եղել է: Սակայն Հայաստանի նախկին ղեկավարությունը՝ մինչ Փաշինյանը, մերժել է առաջարկը»,-հավելել է Բելառուսի նախագահը:

News.am