VIDEO — Սլավիկ Գալստյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշի և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի եվրոպական գոտու օլիմպիական վարկանիշային մրցաշարի առաջին մրցումային օրը Հայաստանի 4 ներկայացուցիչներից միայն մեկը դուրս եկավ կիսաեզրափակիչ: 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը տարավ 3 հաղթանակ և երեկոյան մրցահերթում կպայքարի օլիմպիական ուղեգրի համար:

2019թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը (67 կգ) որակավորման փուլում 9:6 հաշվով հաղթեց բելառուս Ալեքսանդր Լիավոնչուկին, իսկ 1/8 եզրափակիչում ժամանակից շուտ ուժեղ գտնվեց ֆրանսիացի Մամադասա Սիլայից՝ 10:1: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը ժամանակից շուտ 14:6 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի Իսլամբեկ Դադովին: Կիսաեզրափակիչում Գալստյանի մրցակիցը կլինի վրացի Ռամաս Սոիձեն:

2020թ. Եվրոպայի չեմպիոն Գևորգ Ղարիբյանը (60 կգ) պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ 7:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ լեհ Դավիդ Էրսետիչի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում Ղարիբյանը մրցեց ադրբեջանցի Մուրադ Մամադովի հետ և պարտեց 1:5 հաշվով: Առաջին մրցափուլից հետո ադրբեջանցի ըմբիշը հաղթում էր 5:0 հաշվով: Երկրորդ մրցափուլում Մամադովը 2 անգամ հայտնվեց պարտերում, սակայն 2 դեպքում էլ Գևորգ Ղարիբյանը չկարողացավ միավոր վաստակել:

Արթուր Շահինյանը (87 կգ) մեկնարկային գոտեմարտում խորվաթ Իվան Հուկլեկիի նկատմամբ 6:2 հաշվով հաղթանակից հետո քառորդ եզրափակիչում պարտվեց վրացի Լաշա Գոբաձեին՝ 4:6:

Դավիթ Օվասապյանը (130 կգ) նույնպես պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից և 5:1 հաշվով պարտության մատնեց ֆինն Յոհանես Մաենպաեաեին: Կիսաեզրափակիչի ուղեգիրը Օվասապյանը վիճարկեց հունգարացի Ադամ Վարգայի հետ, որին պարտվեց 1:3 հաշվով:

Բուդապեշտի մրցաշարում Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգրեր են նվաճում միայն եզրափակիչ դուրս եկած ըմբիշները:

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մրցավայր էր մեկնել 4 ըմբիշով և նվաճեց 2 ոսկե մեդալ: 2020թ. աշխարհի գավաթի հաղթող Վազգեն Թևանյանը (65 կգ) և Եվրոպայի 2019թ. չեմպիոն Արսեն Հարությունյանը (57 կգ) դարձել էին ոսկե մեդալակիր և նվաճել Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) հաջողության չէին հասել:

News.am