Ahval. Կան մի շարք պատճառներ կարծելու, որ Բայդենը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Մի շարք պատճառներ կան կարծելու, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, գրում է Իլհան Թանիրը Ahval պորտալում իր հոդվածում:

«ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ազդեցիկ նախագահ Բոբ Մենենդեսը երկկուսակցական նամակի տակ ստորագրահավաք է սկսել, որով նախագահ Ջո Բայդենին կոչ է անում ամբողջությամբ եւ պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,-այս շաբաթ հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Մի շարք պատճառներ կան կարծելու, որ 2021 թվականը կլինի տարի, երբ Միացյալ Նահանգների նախագահը պաշտոնապես կճանաչի ցեղասպանությունը, որը տեղի ունեցավ հայերի հետ 1915 թվականին:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ Կոնգրեսի կամ նախորդ նախագահների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը համարել է որպես բոլոր ժամանակների ամենակարեւոր դիվանագիտական մարտը եւ տասնամյակների ընթացքում զգալի ռեսուրսներ է ծախսել նման քայլերին հակազդելու համար:

Հայոց ցեղասպանության հետագա ճանաչման ձգտումը, ինչպես նաեւ ցանկացած այլ հակաթուրքական քայլ արեւմտյան կառավարությունների կողմից վերջին տարիներին ձեռք է բերել ժողովրդականություն եւ աջակցություն՝ կապված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ նրա կառավարության արտաքին քաղաքականության հետ:

Թուրքիայի կառավարությունն անցած տարի ականատես եղավ պատմական պարտության, երբ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները ճնշող մեծամասնությամբ բանաձեւեր ընդունեցին Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ չնայած նրան, որ Ներկայացուցիչների պալատը վերահսկվում էր դեմոկրատների, իսկ Սենատը ՝ հանրապետականների կողմից: Սակայն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությունը հրաժարվեց փոխել այդ հարցով իր դիրքորոշումը:

Անկախ այն բանից, թե ինչ խնդիրներ ունեցավ Թուրքիայի կառավարությունը, մինչ Թրամփը գտնվում էր Սպիտակ տանը, ոչինչ չկարողացավ լուրջ վնաս հասցնել Էրդողանի շահերին Վաշինգտոնում: Թրամփը հետաձգեց պատժամիջոցների փաթեթները, կանաչ լույս տվեց Էրդողանի ռազմական միջամտությանը:

Երբ Թրամփը պարտվեց ընտրություններում, բոլոր խնդիրները կրկին հայտնվեցին: Իր նախընտրական արշավի ընթացքում Բայդենը հստակ խոստացավ «սատարել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին»: Որպես մարդ, ով ութ տարի աշխատել է որպես փոխնախագահ, նա շատ լավ գիտի, որ եթե խախտի իր խոստումը, ապա կբախվի Կոնգրեսի, հատկապես սենատոր Մենենդեսի կողմից ճնշման:

Բայդենը Մենենդեսի աջակցության կարիքը ունի, եւ հայտնի չէ, թե արդյոք նա կխիզախի որոշակի քաղաքական կապիտալ ծախսել՝ Էրդողանին երջանկացնելու համար: Դեռ չկան նշաններ, որ Բայդենին անհանգստացնում են Էրդողանի մտավախությունները:

Իր երդմնակալության օրվանից ավելի քան 55 օրվա ընթացքում եւ նախագահ հռչակվելուց չորս ամիս անց Բայդենը չի խոսել Էրդողանի հետ եւ ոչ մի հաղորդագրություն չի ուղարկել: Ո՛չ Բայդենը, ո՛չ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը չեն պատասխանել իրենց թուրք գործընկերների շնորհավորանքներին: Էրդողանի համար սա անսովոր է:

Էրդողանն այլեւս Վաշինգտոնում ընկերներ չունի իր կառավարության շահերը պաշտպանելու համար: Նախորդ վարչակազմի օրոք, երբ 2016-ին անհաջող պետական հեղաշրջման փորձ տեղի ունեցավ, Էրդողանը զայրացած էր ԱՄՆ կառավարության վրա մի շարք պատճառներով եւ ամեն ինչ արեց, որ վիրավորի ԱՄՆ հաստատությունների մեծ մասին, եթե ոչ՝ բոլորին: Նա նաեւ ավելի ու ավելի շատ լոբբիստների էր վարձում, որպեսզի բարելավվի հարաբերությունները: Այդ մարտավարությունն աշխատում էր Թրամփի հետ, բայց ոչ Բայդենի:

2017-ին Սիրիայի քրդերին զինելու Թրամփի վարչակազմի որոշումը նույնպես վրդովեցրել է Էրդողանին, քանի որ Անկարան նրանց դիտարկում է որպես ահաբեկիչներ: Այսօր էլ Թուրքիայի կառավարությունը շարունակում է հորդորել ԱՄՆ կառավարությանը  դադարեցնել իր համագործակցությունը Սիրիայի ժողովրդավարական ուժերի (SDF) հետ, որում ներառված են քրդական ինքնապաշտպանության ջոկատները (YPG), բայց՝ ապարդյուն:

Էրդողանը հաղթեց 2017-ին սահմանադրական հանրաքվեում, որը նրան թույլ տվեց նախագահ դառնալ 2018-ին: Այդ ժամանակ հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրությունը դեռ գործում էր: Թրամփի վարչակազմը հանդուրժում էր Սիրիայում Էրդողանի բոլոր ռազմական միջամտությունները, որոնք անցկացվում էին որպես «հակաիմպերիալիստական» եւ հակաամերիկյան:

Էրդողանի կառավարությունը նաեւ քննադատեց ԱՄՆ-ին իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելուց հրաժարվելու համար, որին Անկարան մեղադրում է հեղաշրջման փորձի մեջ:

Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ Էրդողանի կառավարությունը տասնյակ տուփ փաստաթղթեր է ուղարկել արտահանձնման մասին՝ առանց ապացույցներ տրամադրելու: Ավելին, Էրդողանը երկար տարիներ գնում է ավտորիտար ճանապարհով: Էրդողանի կառավարությունը նման մեղադրանքներով բանտարկել է մարդու իրավունքների հայտնի պաշտպանների, լրագրողների եւ մտավորականների՝ առանց որեւէ ապացույցի:

Վերջին 4 տարում Էրդողանը Թրամփին օգտագործել է որպես կամուրջ, որպեսզի գաղափարներ փոխանցի այն բանի շուրջ, թե ինչպիսին պետք է լինեն երկու երկրների միջեւ հարաբերությունները, լինի դա Սիրիայում թե Halkbank-ի գործով: Էրդողանին մեծամասամբ հաջողվել է ստիպել ԱՄՆ կառավարությանն ընդունել այդ պայմանները:

Թուրքիան վերջին 7 տարվա ընթացքում աղքատացել է՝ սանձազերծելով նոր պատերազմներ:

Էրդողանի օրոք Թուրքիան դարձել է Երկրի վրա ամենառեպրեսիվ վայրերից մեկը:

«Հուսով եմ՝ նախագահը կկատարի իր խոստումը եւ կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,-ասել է Մենենդեսը նախորդ շաբաթ պետքարտուղարի տեղակալի պաշտոնում Վենդի Շերմանի թեկնածության հաստատման գործընթացի ժամանակ:

Մինչդեռ Էրդողանի հարաբերություններն ԱՄՆ կառավարության հետ գտնվում են պատմական ցածր մակարդակի վրա, Հայոց ցեղասպանության ճանաչման պատճառով ԱՄՆ նախագահն այժմ պատճառ չունի իր թուրք դաշնակցի հետ կապերը չխզելու համար:

News.am