ՌԴ-ում Հայաստանի դեսպան. Միջազգային հանրությունը լռությամբ արձագանքեց Ղարաբաղում Ադրբեջանի գործողություններին

Միջազգային հանրությունը լռությամբ արձագանքեց վերջին պատերազմի ընթացքում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության հանդեպ Ադրբեջանի գործողություններին: Այս մասին «Ցեղասպանություն եւ Առաջին համաշխարհային պատերազմ։ Միջազգային պայմանագրեր։ Պատմական զուգահեռներ» համաժողովում հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը: Միջոցառումը կազմակերպել էր Ռուսաստանի հայերի միությունը՝ խորհրդային Ռուսաստանի եւ քեմալական Թուրքիայի միջեւ կնքված Մոսկովյան պայմանագրի 100-ամյակի կապակցությամբ, հայտնում է EADaily-ն:

«44-օրյա պատերազմի ընթացքում (ղարաբաղյան հակամարտության գոտում) մենք նկատեցինք լավագույն դեպքում չեզոքություն, իսկ վատագույն դեպքում` տարրական անփութություն, երբ ոչնչացվում էին քաղաքներն ու գյուղերը եւ օգտագործվում էր արգելված զինամթերք: Համաշխարհային հանրությունը լռություն էր պահպանում՝ ի պատասխան այս գործողությունների»,- ասել է դիվանագետը:

Միաժամանակ Վարդան Տողանյանը Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին «առաջադեմ» համաշխարհային հանրության արձագանքը համեմատել է արեւմտյան համայնքի վարքի հետ՝ Ալեքսեյ Նավալնու գործի կապակցությամբ, որի պատճառով ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն նոր պատժամիջոցներ մտցրեցին Ռուսաստանի դեմ:

«Մենք տեսնում ենք, թե ինչպես են պատժամիջոցներ կիրառում առանձին մարդու շահերի պատճառով: Բայց երբ միջազգային ահաբեկչական խմբավորումների մասնակցությամբ ոչնչացվում է մի ամբողջ ժողովուրդ, համաշխարհային հանրությունը լռում է եւ բացի մեղմ հայտարարություններից, ոչինչ չի անում»,- դժգոհություն է հայտնել դիվանագիտական առաքելության ղեկավարը:

Խոսելով 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ դեսպանը համոզմունք է հայտնել, որ այսօր Հայաստանը պետք է իր քաղաքականությունը կառուցի տարածաշրջանում՝ հաշվի առնելով անցյալի դասերը: Հայաստանի առջեւ ծառացած սպառնալիքներն ու մարտահրավերները գործնականում չեն փոխվել, քանի որ 100 տարի առաջ Հայոց ցեղասպանություն իրականացրած Թուրքիան այսօր չի հրաժարվել իր ռազմավարական շահերից, կարծում է Տողանյանը:

«Այսօր մեզ համար շատ կարեւոր է վերլուծել պատճառահետեւանքային կապերը եւ հասկանալ, թե ինչու հնարավոր դարձավ մի ամբողջ ժողովրդի գնդակոծումը: Ե՛ւ Հայոց ցեղասպանությունը, ե՛ւ Մոսկվայի, ե՛ւ Կարսի պայմանագրերը Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում եւ դրանից հետո տերությունների շահերի բախման արդյունք էին»,- ընդգծել է դիվանագետը:

News.am