Գեներալ Օնիկ Գասպարյան. «Պետք է ընտրեինք շատ վատի եւ ողբերգության միջեւ»

ՀՀ Զինված ուժերի Գլխավոր Շտաբի պետ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն այսօր հայտնել է, որ դեռեւս հունիսին Անվտանգության խորհրդի նիստում ասել է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի «ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել եւ անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժը ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն»:
«Որոշ գործիչների կողմից մեղադրանքներ են հնչում, որ զինված ուժերի ղեկավարությունը պետության ղեկավարին ոչ իրատեսական վերլուծություն է ներկայացրել հակառակորդի գործողությունների հավանական բնույթի եւ նրա զինված ուժերի կարողությունների վերաբերյալ։ Դա իրականությանը չի´ համապատասխանում», — ասված է Օնիկ Գասպարյանի հայտարարության մեջ:

«Ես Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակվել եմ ս.թ. հունիսի 8-ին, եւ արդեն հունիսի 12-ին ՀՀ վարչապետին, իսկ մի քանի օր անց նաեւ՝ Անվտանգության խորհրդին ներկայացրել եմ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը եւ մեր զինուժի կարողությունները:

Ներկայացրել եմ առաջարկություններ պետության ռազմական անվտանգության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ:

Մասնավորապես նշել եմ, որ.

1. Այլեւս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաեւ Թուրքիան: Հետեւաբար՝ այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել եւ անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժը ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն:

2. Տրված առաջարկը անվտանգության խորհրդի եւ վարչապետի կողմից ընդունվեց, սակայն հարցադրում արվեց` «Իսկ եթե չհաջողվի պատերազմից խուսափել, ի՞նչ պետք է անենք»: Ես պատասխանեցի, որ մեզ պարտադրված պատերազմում պետք է փորձենք հնարավորինս սեղմ ժամկետներում հասցնենք հակառակորդին մեծ կորուստներ եւ ստիպենք հրաժարվել հետագա գործողություններից: Նշել եմ, որ երկարատեւ պատերազմից պետք է խուսափենք` հաշվի առնելով մեր պաշարների առկայությունը: Քննարկվել եւ հավանության են արժանացել բազմաթիվ առաջարկներ, որոնց իրագործումը պետք է զգալիորեն բարձրացներ մեր մարտական ներուժը. դա վերաբերում էր եւ´ սպառազինության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերումներին, եւ´ մարտական գործողությունների համակողմանի ապահովմանը:

3. Այդ ժամանակ բարձրացվեց նաեւ 100 հազար կազմ ունեցող աշխարհազորային միավորումների կազմավորման հարցը», — նշել է Գլխավոր շտաբի պետը:

«Ինչեւէ, պատերազմից մենք չկարողացանք խուսափել եւ սեպտեմբերի 27-ին թշնամին բազմակի անգամ գերազանցող ուժերով անցավ լայնածավալ հարձակման` Արցախի ողջ ճակատով: Պաշտպանության բանակը հաջողությամբ հետ էր մղում նրա բոլոր գրոհները` հասցնելով մեծ կորուստներ, ոչնչացնելով մեծաքանակ կենդանի ուժ եւ զինտեխնիկա: Ցավոք, նաեւ մեր զորքերն էին կրում ծանր կորուստներ:

Պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները եւ ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն եւ յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ:

Նմանատիպ գնահատականներ ես բազմաթիվ անգամ ներկայացրել եմ նաեւ վարչապետի հետ շուրջօրյա աշխատանքի ընթացքում, ինչպես նաեւ Անվտանգության խորհրդի նիստերում:

Պատերազմը որոշակի փուլում կանգնեցնելու բոլոր փորձերը եւ առաջարկությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից մերժվել են եւ մենք պարտադրված շարունակել ենք մարտական գործողությունները` փորձելով թշնամուն հասցնել մեծ կորուստներ ու ստիպել նստել բանակցային սեղանի շուրջ:

Բոլորիս համար, շատ ծանր պայմաններով համաձայնագիրը, ընդունվել է իրոք իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքում: Մենք պետք է ընտրություն կատարեինք շատ վատի եւ ողբերգության միջեւ: Նախընտրել ենք շատ վատը:

Այդ օրը իմ կյանքի վատագույն օրն էր, ինձ համար անձնական ողբերգություն…

Բայց գիտակցումը, որ այդ որոշման արդյունքում հաջողվեց պահպանել Արցախի մեծ մասը եւ պաշտպանության բանակի հիմնական ռազմական ներուժը, ասում է, որ մենք ընկճվելու իրավունք չունենք. պե´տք է համախմբվել, արագ վերականգնվել եւ պատրաստվել պայքարը շարունակելուն», — նշել է գեներալ Գասպարյանը:

Mediamax