Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկեց Հանրապետության նախագահին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանված կարգով ՀՀ ԶՈւ ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում է Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել Փաշինյանը։

«Սիրելի հայրենակիցներ.

Ես սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի:

Մնացածը՝ ինչպես նախօրեին պայմանավորվեցինք Հանրապետության հրապարակում»,- գրել է նա։

Նշենք, որ այսօր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վերադարձրել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը։

Ըստ ՀՀ սահմանադրության՝ եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա Հանրապետության նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան։ Եթե Հանրապետության նախագահը չի կատարում Սահմանադրությամբ սահմանված պահանջները, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:

News.am