ԴԻՄՈՒՄ — Եվրոպական խորհրդարանի ընդունած «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» Բանաձեւում տեղ գտած սխալների, վրիպումների եւ անընդունելի ձեւակերպումների, եւ այն խմբագրելու եւ վերաշարադրելու վերաբերյալ

 

 

 

 

 

Եվրոպական խորհրդարանի նախագահ պարոն Դեյվիդ Սասոլիին,

Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին,

Եվրոպական միության խորհրդարաններին

ուղղված

 

ԴԻՄՈՒՄ

 Եվրոպական խորհրդարանի 18 Հունիս 1987 թ ընդունած «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» Բանաձեւում տեղ գտած սխալների, վրիպումների եւ անընդունելի ձեւակերպումների, եւ այն խմբագրելու եւ վերաշարադրելու վերաբերյալ

(Կրճատված տարբերակ մամուլի համար)

 Սույն դիմումով Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան պետություն) Եվրոպական խորհրդարանին առաջարկում է.

 

հաշվի առնելով այն իրողությունը, որ՝

— Եվրոպական խորհրդարանի 18 Հունիս 1987 թ․ ընդունած «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» Բանաձեւի վերնագիրը չի համապատասխանում փաստաթղթի բովանդակությանը, քանի որ այնտեղ ոչ մի բառ եւ ոչ մի նախադասություն չկա, որ ուղիղ կերպով առնչվի Հայկական հարցի հետ,

— փաստաթուղթը շրջանցում եւ անտեսում է՝ 1918 թ․, 1919-1920 թթ․ ընթացքում Հայկական հարցի լուծման վերաբերյալ ընդունված որոշումները․ Ռուսաստանի Կառավարության Դեկրետը «Թուրքահայաստանի մասին» (Արեւմտյան Հայաստանի մասին, 11 հունվար 1918 թ․), Դաշնակից Պետությունների Գերագույն Խորհրդի կողմից Հայաստան պետության (Հայկական պետության) դե ֆակտո (19 հունվար 1920 թ․), եւ դե յուրե (11 մայիս 1920 թ․) ճանաչումները, Հայաստան պետության եւ Ադրբեջանի ու Վրաստանի հանրապետությունների միջեւ սահմանների վերաբերյալ Փարիզի խաղաղության վեհաժողովի Հատուկ հանձնաժողովի ներկայացրած զեկույց-առաջարկը (24 փետրվար 1920 թ․), Փարիզի խաղաղության վեհաժողովի Հատուկ հանձնաժողովի կազմում գործող Հատուկ հանձնախմբի ներկայացրած զեկույց — հաշվարկը (14 ապրիլ 1919 թ․) Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի կրած նյութական կորուստների մասին, Սեւրի խաղաղության պայմանագրի Հայաստանին վերաբերող հոդվածները (88-93-րդ հոդվածներ, 10 օգոստոս 1920 թ․), ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճիռը, որի ամբողջական անվանումն է՝ «Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ» (22 նոյեմբեր 1920 թ․),

— փաստաթուղթը վերաբերում է Թուրքիայում, Իրանում եւ Սովետական Միությունում հայերի իրավունքներին, ընդ որում, ամեն անգամ հայ ժողովուրդը նշված է որպես «փոքրամասնություն»։ Այսինքն, անտեսված է Հայաստանի Հանրապետությունում եւ Հայկական սփյուռքում բնակվող հայ բնակչության, որպես միասնական հայ հավաքականություն կեցության մասին փաստը եւ, բնականաբար, այդ դիրքերից մեկնած 1918 , 1919-1920 թթ․ ընթացքում հայ ժողովրդին տրված իրավունքները։ Պատահական չէ, որ փաստաթղթի եզրափակիչ մասում լրացուցիչ նշված են այն պետությունները ում ուղարկվելու է այն՝ Թուրքիան, Իրանը եւ Սովետական Միությունը,

եւ հաշվի առնելով վերը մեջբերված փաստերը՝ առաջարկում է

 խմբագրել եւ ամբողջովին վերաշարադրել փաստաթուղթը, որպես Եվրոպական խորհրդարանի «Հայկական հարցի իրավական — քաղաքական լուծման մասին» Բանաձեւ։ 

Մաս 1-ին

Եվրոպական խորհրդարանի 18 Հունիս 1987 թ․ ընդունած «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» Բանաձեւում, այդ տարիների եւ այդ սերնդի պատգամավորների կողմից, թույլ են տրվել իրավական, քաղաքական եւ այլ կարգի կոպիտ սխալներ, վրիպումներ, անընդունելի ու աններելի ձեւակերպումներ, որոնք չեն համապատասխանում Հայկական հարցի լուծմանն առնչվող եւ անցյալում, եւ ներկայիս առկա իրողությանը եւ գոյություն ունեցող փաստերին։

Մենք տեսնում ենք, որ սխալների, վրիպումների եւ անընդունելի ձեւակերպումների հիմնական պատճառներից մեկն այն մոտեցումն է եղել, որ Հայկական հարցը եւ Թուրքիայում ազգային — կրոնական փոքրամասնությունների հարցը Բանաձեւում դիտարկվել է միասին եւ որպես համարժեք իրողություններ։ Մինչդեռ Հայկական հարցը եւ նրա լուծումը բոլորովին այլ իրավական — քաղաքական հարթության մեջ է գտնվել եւ գտնվում, իսկ Թուրքիայում․․․ բնակվող հայ ազգային — կրոնական փոքրամասնության հարցը՝ միանգամայն այլ իրավական — քաղաքական հարթության մեջ։

Ճիշտ այդ պատճառով, որ փաստաթուղթը պատրաստողները հաշվի չեն առել Հայկական հարցի լուծման վերաբերյալ կայացված որոշումները, Ռուսաստանի Կառավարության Դեկրետը, Փարիզի խաղաղության վեհաժողովում ընդունված որոշումները, ինչպես նաեւ Սեւրի խաղաղության պայմանագիրը, ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճիռը, դրանով իսկ Եվրոպական միության մաս կազմող պետություններին ուղղորդել են Հայկական հարցի լուծման կեղծ ու սխալ ճանապարհով։

Մեջբերենք Բանաձեւի բոլոր ձեւակերպումները, կետերն ու հոդվածները բաժին առ բաժին եւ նշենք Բանաձեւում տեղ գտած սխալները, վրիպումներն ու անընդունելի ձեւակերպումները եւ տանք դրանց ճիշտ պատասխաններն ու հիմնավորումները՝ գոյություն ունեցող իրողությունների ու փաստերի միջոցով։

  1. Բանաձեւում գրված է

«Եվրոպական խորհրդարանը նկատի ունենալով`

— սոցիալիստների խմբի անունից պր. Սաբիի եւ մյուսների ներկայացրած առաջարկությունը Հայկական հարցի քաղաքական լուծման մասին (փաստաթուղթ 2-737/84թ.)»,

— պր. Կոլոկոտրոնիսի ներկայացրած առաջարկությունը Հայկական հարցի եւ ապրիլի 24-ը Հայկական ցեղասպանության հիշատակի օր հայտարարելու մասին (փաստաթուղթ 2-360/ 85թ.),

— Եվրոպական խորհրդարանի քաղաքական հանձնաժողովի զեկուցագիրը (փաստաթուղթ 2-33/ 87թ.)»,

«A. հաշվի առնելով

— պր. Ժակեի եւ նրա համախոհների ներկայացրած առաջարկությունը հայ ժողովրդի կացության մասին (փաստաթուղթ 1-782/ 81թ.),

— սոցիալիստների խմբի անունից տիկ. Դյուպորի եւ պրն. Գլինի ներկայացրած առաջարկությունը Հայկական հարցի քաղաքական լուծման մասին (փաստաթուղթ 1-735/ 83թ.),

— տիկ. Դյուպորի գրավոր հարցումը Հայկական հարցի մասին»:

Մեր բացատրությունն ու փաստարկները։

Նշված բոլոր փաստաթղթերի այս մանրամասն շարադրանքի առկայության դեպքում անհասկանալի է մնում այն մոտեցումը, որ «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» Բանաձեւում Հայկական հարցը, այնուհանդերձ, համառորեն, նույնացվել է Թուրքիայում հայ ազգային — կրոնական փոքրամասնության իրավունքների հարցի հետ։ Դա նշանակում է, որ ինչպես «պր․ Սաբիի եւ մյուսների ներկայացրած Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» առաջարկությունը․․․ այնպես էլ վերոնշյալ մյուս փաստաթղթերը՝ Հայկական հարցի լուծման վերաբերյալ կամ լուրջ առաջարկներ չեն պարունակել, կամ Եվրոպական խորհրդարանը դրանք նկատի չի առել, շրջանցել է, մնալով՝ «Թուրքիայում հայ ազգային — կրոնական փոքրամասնության իրավունքների հարցի» եւ «Հայերի ցեղասպանությունը» ճանաչելու փաստերի շրջանակներում։

Մենք հակված ենք ենթադրելու, որ վերոնշյալ փաստաթղթերը, այնուհանդերձ, պարունակել են լուրջ առաջարկներ Հայկական հարցի լուծման վերաբերյալ, սակայն քաղաքական նկատառումներով Եվրոպական խորհրդարանի պատգամավորները դրանք հաշվի չեն առել։

Մինչդեռ, Հայկական հարցի ոչ միայն քաղաքական, այլեւ իրավական, տարածքային եւ նյութական հատուցումների վերաբերյալ որոշումները, ինչպես արդեն նշեցինք, կայացվել են դեռեւս 1918, 1919-1920 թթ․ ընթացքում։

Այդ որոշումները կայացվել են, սակայն մինչեւ այսօր չեն իրականացվել։ Ահա սա է խնդիրը։

  1. Բանաձեւում գրված է

«A. հաշվի առնելով

— պր. Ժակեի եւ նրա համախոհների ներկայացրած առաջարկությունը հայ ժողովրդի կացության մասին (փաստաթուղթ 1-782/ 81թ.)»:

Մեր բացատրությունն ու փաստարկները։

Սխալ ձեւակերպում է, քանի որ «հայ ժողովրդի կացության մասին» տվյալ փաստաթուղթը, ինչպես ի հայտ է գալիս Բանաձեւի հետագա շարադրանքից ու տրամաբանությունից, որպես «հայ ժողովրդի կացություն» նկատի է ունեցել Թուրքիայում հայ «փոքրամասնության» եւ Խորհրդային Միության մեջ ապրող հայ քաղաքացիների, նրանց անհատական ազատությունների հարցը։

Մինչդեռ, իրականում, հայ ժողովուրդը Հայերի ցեղասպանությունից ու բռնագաղթից հետո շարունակել է ապրել տարագիր, ոտնահարված իրավունքներով, աշխարհով մեկ սփռված եւ հույս տածելով, որ Միջազգային ընկերակցությունը, այդ թվում եւ Եվրոպական խորհրդարանը, մի օր կվերադառնա հայ ժողովրդի իրավունքների հարցին, Հայկական հարցի վերջնական ու արդարացի լուծմանը եւ վերջապես կը ձեռնարկի դրա լուծումը՝ հայ ժողովրդին տրված իրավունքների ոգուն ու տառին համաձայն։

III.       Բանաձեւում գրված է

«Եվրոպական խորհրդի մշակութային գործերի մինիստրների խորհրդակցության 1986թ. նոյեմբերի 13-ին ընդունված որոշումը, որը վերաբերվում է եվրոպական ճարտարապետական ժառանգության պահպանությանը` ներառյալ Եվրոպական Տնտեսական Համագործակցության երկրների տարածքից դուրս գտնվող հուշարձանները»:

«8. Համարում է, որ հուշարձանների պահպանությունը, ինչպես նաեւ թուրքահայերի կրոնական ճարտարապետական ժառանգության պահպանումն ու կոնսերվացումը պետք է դիտել որպես ժամանակակից Թուրքիայի տարածքում դարերի ընթացքում զարգացում ապրած բոլոր քաղաքակրթությունների` մասնավորապես Օսմանյան կայսրությանը մաս կազմած քրիստոնյա փոքրամասնությունների մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված լայն քաղաքականության բաղկացուցիչ մաս»:

«9. Կոչ է անում, այսպիսով, Եվրոպական Տնտեսական Համագործակցությանը` տարածել Թուրքիայի հետ համագործակցության համաձայնությունը նաեւ մշակութային ասպարեզի` այդ երկրում քրիստոնեական կամ այլ ինչպես, օրինակ, դասական անտիկ շրջանի, խեթական, օսմանյան եւ այլն քաղաքակրթությունների ժառանգությունը պահպանելու նպատակով»:

Մեր բացատրությունն ու փաստարկները։

Շատ ուշացած որոշում է, որը սակայն հետագայում եւս այդպես էլ գործնական կիրառություն չի ունեցել։

Ուշացած է, որովհետեւ սկսած 1894-1896, 1909, 1915-1918, 1919-1923 թթ․ եւ 1924-ից մինչեւ այսօր Թուրքիայի իրար հաջորդող կառավարությունները ծրագրված կերպով ոչնչացրել են հայկական հոգեւոր, մշակութային, պատմական ու ճարտարապետական հուշարձաննները, եկեղեցիներն ու եկեղեցական համալիրները, այդպիսով փորձելով ջնջել հայկական հետքը բուն հայկական տարածքներում եւ Օսմանյան կայսրության մեջ, իսկ այնուհետեւ Թուրքիայի Հանրապետության ողջ տարածքում՝ իրականացնելով Հայկական մշակույթի ցեղասպանություն։

Համաձայն 1914 թ. տվյալների հայկական եկեղեցիների ու եկեղեցական համալիրների ընդհանուր թիվն Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան կայսրության մեջ կազմել է 2549, այդ թվում IV-V դդ. վաղ քրիստոնեական հուշարձանները: Դրանց մեծ մասը թալանվել, հրկիզվել, ավերվել եւ ոչնչացվել է ցեղասպանության ժամանակ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1974 թ. տվյալների համաձայն՝ 1923 թ.-ից հետո պահպանված 913 պատմաճարտարապետական հուշարձաններից 464-ը հիմնահատակ ոչնչացվել է, 252-ը ավերակ վիճակում է, 197-ը հիմնական վերանորոգման կարիք ունի: Այսօր արդեն գրեթե ոչինչ չի մնացել վերականգնելու, Թուրքիայի Հանրապետության իրար հաջորդող կառավարությունները դրանք բոլորը ծրագրված կերպով ոչնչացրել են:

Այստեղ պետք է նշել նաեւ Ադրբեջանի երեք հանրապետությունների իրար հաջորդող կառավարությունների իրականացրած հանցագործությունները Արցախի, Նախիջեւանի եւ այլ հայապատկան ու հայաբնակ վայրերի տարածքներում։ Դա հայկական հոգեւոր, մշակութային, պատմական, ճարտարապետական հուշարձանների, եկեղեցիների, խաչքարերի ավերումն ու ոչնչացումը, որը սկսվել դեռեւս 1918 թ․-ից, Ադրբեջանի առաջին Հանրապետության ձեւավորման օրերից եւ որը շարունակվում է մինչեւ այսօր։ Ադրբեջանի Հանրապետությունը, պետություն է, որի կառավարությունը ավերել է եւ շարունակում է ոչնչացնել բազմաթիվ հին հուշարձաններ, եկեղեցիներ, հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը: Այս ամենի վերաբերյալ խոսուն օրինակ է հայկական միջնադարյան 89 եկեղեցիների, 5480 խաչքարերի եւ 22.700 գերեզմանների ոչնչացումը, այդ թվում՝ Ագուլիսում 400 խաչքարերի եւ 2005 թ. Նախիջեւանում Ջուղայի հազարավոր միջնադարյան բնօրինակ եւ հնագույն խաչքարերի ոչնչացումը:

ԱՄՆ Սենատոր Բիլ Բարտոնը 2016 մարտի 2-ին հայտարարեց․ «Ադրբեջանը կանխամտածված կերպով ավելի շատ հայկական հուշարձաններ է ոչնչացրել, քան ահաբեկիչները Մերձավոր Արեւելքում»։ “Azerbaijan Destroys More Armenian Monuments Than the Terrorists Do in the Middle East” — US Ex-Senator. (https://allinnet.info/news/azerbaijan-destroys-more-armenian-monuments/)

Հակառակ այս ակնհայտ փաստերի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ինչ որ անհասկանալի չափանիշների վրա հիմնվելով, որոշում է կայացնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 43-րդ նստաշրջանը 2019 թ․ անցկացնել Բաքվում՝ Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաքում, որը Ադրբեջանի ներկայի իշխանությունների կողմից, հավանաբար, ընկալվել է՝ որպես քաջալերանք նույն ոգով անպատիժ կերպով շարունակել ոչնչացնելու հայկական հուշարձաններն ու հայկական հետքը տարածաշրջանում։

Իրենց կարգին, Մերձավոր Արեւելքում գործող ահաբեկիչները, ոչ առանց Թուրքիայի Հանրապետության իշխանությունների թողտվության, հասան Սիրիայի հյուսիսում գտնվող Դեր Զորի հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցական հուշարձանին, որտեղ պահվում էին Հայերի ցեղասպանության նահատակների մասունքները, անապատում ժողովված ոսկորները։ 2014 թ․ սեպտեմբերի 21-ին ահաբեկիչները պայթեցրին հուշարձանը։

Այս բոլոր փաստերի առնչությամբ, ոչ Եվրոպական պետությունները, ոչ Միջազգային ընտանիքի այլ անդամներ եւ ոչ էլ Եվրոպական խորհրդարանը կամ Եվրոպական միությունը չի արձագանքել, չի կանխել ու չի դատապարտել՝ 20-րդ դարի ընթացքում եւ դրանից հետո մինչեւ այսօր շարունակվող Թուրքիայի ու Ադրբեջանի կառավարությունների իրականացրած այս հրեշավոր պետական ահաբեկչությունն ու ցեղասպանությունը Հայկական քաղաքակրթության եւ հայ մշակույթի նկատմամբ։

  1. Բանաձեւում գրված է

«C. նկատի ունենալով, որ հայերը ՄԱԿ-ի 1948 թ. Կոնվենցիայի համաձայն այդ իրադարձությունները որակում են որպես կազմակերպված ցեղասպանություն»:

Մեր բացատրությունն ու փաստարկները։

Ոչ միայն հայերն են դա որակում «որպես կազմակերպված ցեղասպանություն», այլեւ ուրիշներ, պետություններ, կազմակերպություններ, գիտնականներ ու մտավորականներ։

Մեջբերենք երկու օրինակ։

Ժողովուրդների մշտական դատական ատյանի կայացրած վճիռը Հայոց ցեղասպանության հարցով, 16 ապրիլ 1984 թ.

«Ատյանը գտնում է, որ.

  1. Երիտթուրքերի կառավարությունը մեղավոր է այդ ցեղասպանության համար, նկատի ունենալով 1915-ից 1917 թթ. ընթացքում կատարվածը:
  2. Հայերի ցեղասպանությունը նաեւ «միջազգային հանցագործություն է», որի համար պետք է պատասխանատվություն կրի թուրքական պետությունը, առանց պատրվակելու այն հանգամանքը, թե նախկին ու ներկա պետությունների միջեւ հաջորդականություն չկա` պատասխանատվությունից խուսափելու համար:
  3. Այդ պատասխանատվությունը, առաջին հերթին, պահանջում է պաշտոնապես ճանաչել ցեղասպանության իրողությունը եւ հայ ժողովրդի կրած համապատասխան կորուստները:
  4. Միավորված Ազգերի Կազմակերպությունը եւ նրա յուրաքանչյուր անդամն իրավունք ունի պահանջելու այս ճանաչումը եւ դրանում աջակցելու հայ ժողովրդին»:

(http://lib.ysu.am/disciplines_bk/959b9f66cb2d4c870bf09c4cfc38fa6e.pdf , էջ 90-91)

«Հայաստանում հայերեն թարգմանությամբ լույս է ընծայվել թուրք պատմաբան, ցեղասպանագետ Թաներ Աքչամի «Սպանության հրամաններ. Թալեաթ փաշայի հեռագրերը եւ Հայոց ցեղասպանությունը» գիրքը, որում ներկայացված են բացառիկ հեռագրեր, որոնք հերքում են թուրքական ժխտողականության գլխավոր թեզը: Այդ հեռագրերը ապացուցում են, որ իրոք եղել են սպանության հրամաններ, եւ դրանք տվել է հենց Թալեաթը: Հեղինակի հավաստիացմամբ` փաստաթղթերի ուսումնասիրությունն ու հրատարակումն ամենածանր հարվածն է թուրքական ժխտողականությանը»։ Աղբյուրը՝ Թաներ Աքչամի նոր գիրքը թուրքական ժխտողական պատմագիտությունը դարձնում է «ֆեյք նյուզ», 22 ապրիլի, 2019 թ․, «Արմենպրես»: (https://armenpress.am/arm/news/972237.html)

Այստեղ արժե մեջբերել նաեւ իսրայելցի գիտնականների վերջին հետազոտությունը, ըստ որի Թուրքիայի իրար հաջորդող կառավարությունները՝ 1894-1924 թթ․ ընթացքում, ոչնչացրել են Օսմանյան կայսրության հայ, հույն, ասորի շուրջ 4 միլիոն քաղաքացիների, այդ թվում՝ մեկ եւ կես միլիոնից ավելի հայերի։ (Israeli Researchers: Turkey’s Greek, Armenian, and Assyrian Christians Destroyed by ‘30-year Genocide’, by Jack Montgomery, 19 May 2019: (https://www.breitbart.com/europe/2019/05/19/israeli-researchers-turkeys-christians-victims-30-year-genocide/?fbclid=IwAR2qSpIb3gW5-ye9n-MyVZsJmsM83Ca7DTyR7O9dQ9mPwoHE2X8N8SEZyzU)

  1. Բանաձեւում գրված է

«F. նկատի ունենալով, որ պատմականորեն ապացուցված Հայերի ցեղասպանությունը մինչեւ այժմ ոչ ենթարկվել է քաղաքական դատապարտման եւ ոչ էլ ստացել է համապատասխան հատուցում»:

Մեր բացատրությունն ու փաստարկները։

Այո՛, ճիշտ է, «Պատմականորեն ապացուցված Հայերի ցեղասպանություն»։ Սակայն, սխալ է ձեւակերպված գնահատականը։ Որովհետեւ «պատմականորեն ապացուցված Հայերի ցեղասպանությունը» ենթարկվել է եւ՛ քաղաքական, եւ՛ իրավական դատապարտման, եւ՛ կայացվել է տարածքային հատուցման մասին Իրավարար վճիռ։

Բայց այդ ամենի մասին հերթականությամբ։

Հայերի ցեղասպանությունը ենթարկվել է քաղաքական եւ իրավական դատապարտման 1896, 1909, 1915, 1919 թթ.:

1894-96 թթ. Համիդյան կոտորածները դատապարտել են ժամանակի առաջադեմ գործիչներ Ժան Ժորեսը, Վիկտոր Բերարը, Անատոլ Ֆրանսը, Յոհաննես Լեփսիուսը, Լինչը եւ ուրիշներ:

1915 թ. մայիսի 24-ին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը հանդես են եկել երիտթուրքական կառավարության սանձազերծած հայերի կոտորածներն ու ցեղասպանությունը դատապարտող հատուկ հայտարարությամբ, որտեղ 1915 թ. ապրիլյան կոտորածները որակել են որպես «Թուրքիայի նոր ոճիրը մարդկության եւ քաղաքակրթության դեմ»։ Տեքստում մասնավորապես ասված է. «Հաշվի առնելով մարդկության եւ քաղաքակրթության դեմ Թուրքիայի նոր հանցագործությունները՝ Դաշնակից պետությունների կառավարությունները հրապարակայնորեն հայտարարում են Բարձր դռանը այս հանցագործությունների համար Օսմանյան կառավարության բոլոր անդամների անձնական պատասխանատվության մասին, ինչպես նաեւ տեղական այն պաշտոնյաների, որոնք մասնակից կդառնան այդ կոտորածներին»:

Օսմանյան կայսրությունը ինքն է եղել առաջիններից մեկը, որ ճանաչել ու դատապարտել է Հայերի ցեղասպանությունը։ Կոստանդնուպոլսի Ռազմական հատուկ ատյանը 1919-1920 թթ. իրականացրել է երիտթուրք պարագլուխների դատավարությունը նրանց ներկայացնելով երկու մեղադրանք. Օսմանյան կայսրությունը պատերազմի մեջ ներքաշելու եւ կայսրության հպատակ հայերի կոտորածները, ցեղասպանությունն ու բռնագաղթը իրականացնելու համար, ինչի հիման վրա երիտթուրք պարագլուխներից Թալեաթը, Էնվերը, Ջեմալը, Նազիմը, Քեմալ բեյը, Ջեմալ Ազմին, Նայիմը, Բեհաեդդին Շաքիրը հեռակա կարգով դատապարտվել են մահվան, որը հետագայում ի կատար են ածել «Նեմեսիս գործողության» հայ վրիժառուները:

Նշենք որ, մինչ 1987 թ․ Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունած սույն Բանաձեւը Հայերի ցեղասպանությունն արդեն ճանաչել ու դատապարտել էին Ուրուգվայը՝ 1965 թ, եւ Կիպրոսը՝ 1982 թ։

Ներկա պահին Հայերի ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել են 39 պետություններ, ինչպես նաեւ ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ (1985), Եվրոպայի Խորհուրդը (1998, 2001), Եվրախորհրդարանը (1987, 2000, 2002, 2015), Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (1983), Ժողովուրդների մշտական ատյանը (1984) եւ այլն։

Ավելացնենք նաեւ, որ Փարիզի խաղաղության վեհաժողովում փոխհատուցումների հարցով Հատուկ հանձնաժողովը 1919 թ․ մարտի 7-ին ձեւավորել է առանձին մարմին՝ Հատուկ հանձնախումբ, որը մեկ ամիս անց 1919 թ․ ապրիլի 14-ին ներկայացրել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Հայաստանի կրած նյութական կորուստների մասին զեկույց — հաշվարկ, որտեղ ներկայացվել է Արեւմտյան Հայաստանին եւ Արեւելյան Հայաստանին հասցված նյութական կորուստների չափը միասնական թվով՝ 19.130.982.000 ֆրանսիական ֆրանկ։

Վերոնշյալ փաստերը ցույց են տալիս, որ հայ ժողովրդին ու Հայաստանին հասցված վնասի հատուցումը, որն իրականացվելու էր Սեւրի դաշնագրի եւ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի դրույթների գործադրմամբ, ինչպես նաեւ պատճառված նյութական վնասի հատուցմամբ՝ որոշվել է, ստորագրվել, վավերացվել, սակայն չի իրականացվել:

Ավելին, 1923 թ. կայացած Լոզանի կոնֆերանսից հետո այդ ամենը միտումնավոր կերպով մոռացության է մատնվել:

Հայկական հարցի հաշվին արված ահա այս աններելի, անհասկանալի եւ բացարձակապես անտեղի զիջումների պատճառով է , որ Թուրքիայի Հանրապետության ներկայի ղեկավարությունը միջազգային հարաբերություններում ընտրել է ամենաթողության ուղին, որովհետեւ մշտապես անպատիժ է մնացել գործած հանցագործությունների դիմաց։

Հաճախ միջազգային ընկերության թողտվության, հաճախ լուռ համաձայնությամբ, Թուրքիան ագրեսիվ քաղաքականություն է վարում Մեծ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի ժողովուրդների ու պետությունների նկատմամբ։

Թուրքիայի զինված ուժերը 1974 թ․ ներխուժել են Կիպրոսի Հանրապետության հյուսիսային շրջաններ, կրկնել կոտորածների, ավերի ու բռնագաղթի պատմությունը հույների, հայերի նկատմամբ, եւ մինչեւ այսօր Թուրքիան բռնազավթված է պահում այդ տարածքները։

Թուրքիայի տարածքում զինվորական պատրաստություն են ստանում, զինվում համախմբվում ու այնուհետեւ ներխուժում Սիրիա՝ Մերձավոր Արեւելքի տարածքում գործող ահաբեկչական խմբավորումները։

Թուրքիայի զինված ուժերը, իբրեւ թե խաղաղություն հաստատելու կեղծ լոզունգներով, ներխուժում են Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսային շրջաններ եւ հայտնի չէ, թե այս նոր բռնազավթումը դեռեւս որքան է երկարելու։

Այժմ Թուրքիան ինչ-ինչ պատրվակներ մեջբերելով եւ ինչ-որ համաձայնություններ նշելով պատրաստվում է ներխուժել Լիբիա։

Թուրքիայի Հանրապետության կառավարությունը չպատժվեց 1974 թ. Կիպրոսի Հանրապետության հյուսիսային մասի բռնազավթման համար, ուստի շարունակում է կոպտորեն խախտել միջազգային իրավունքի բոլոր նորմերը, այդ թվում՝ ՄԱԿ-ի թիվ 541 и 550 որոշումները, ուղղված աշխարհի պետություններին՝ 1974 թվին Թուրքիայի Հանրապետության կողմից բռնազավթված Կիպրոսի Հանրապետության հյուսիսային մասը որպես Հյուսիսային Կիպրոս պետական ձեւավորում չճանաչելուն:

Մենք բոլորս ականատես ենք այն վայրագություններին, որ Թուրքիայի Հանրապետությունն այսօր իրականացնում է Մեծ Մերձավոր Արեւելքում եւ Միջերկրածովայքում, անուղղելի վնաս հասցնելով Սիրիայի, Իրաքի, Կիպրոսի պետականությանն ու ինքիշխանությանը եւ, որ ամենակարեւորն է, այդ տարածաշրջանում ապրող ժողովրդների կյանքին ու բարեկեցությանը:

2020 սեպտեմբերի 27-ին ադրբեջանա-թուրքական ագրեսիան ու պատերազմական հանցագործությունը՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղ), Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ, միջազգային ահաբեկչական խմբերի եւ իսրայելա-թուրքական ԱԹՍ-ների կիրառմամբ, եւս մեկ անգամ փաստեց, որ սա բարբարոսության հերթական պատերազմն է քաղաքակրթության դեմ, եւ որ Հայկական լեռնաշխարհի՝ քաղաքակրթությունների բնօրրանի ու խաչմերուկի ազատագրումը պատմական ու կենսական անհրաժեշտություն է մարդկության ու քաղաքակրթության հետագա զարգացման գոյատեւման տեսանկյունից։

Թուրքական այդ անօրինություններին պետք է վերջ դնել:

  1. Բանաձեւում գրված է

«G. նկատի ունենալով, որ Թուրքիայի կողմից Հայերի ցեղասպանության ճանաչումը այսուհետեւ կդիտվի որպես հայերի նկատմամբ բարոյական իրավունքի վերականգման խորապես մարդկային ակտ, որը միայն պատիվ կարող է բերել թուրքական կառավարությանը»:

Մեր բացատրությունն ու փաստարկները։

Այստեղ նշենք, որ այս ձեւակերպումը «Թուրքիայի կողմից Հայերի ցեղասպանության ճանաչումը այսուհետեւ կդիտվի որպես հայերի նկատմամբ բարոյական իրավունքի վերականգման խորապես մարդկային ակտ»՝ հասկանալի է, բայց ոչ ավարտուն ու ամբողջական: Որովհետեւ «հայերի նկատմամբ» իրավական, քաղաքական, տարածքային եւ նյութական «իրավունքների վերականգնման» խնդիրներ գոյություն ունեն, որոնց մասին բավական մանրամասն խոսել ենք սույն դիմումնագրի այլ բաժիններում։

  • Բանաձեւում գրված է

«H. խորապես ափսոսանք հայտնելով եւ դատապարտելով 1973-ից 1986 թթ. ընթացքում հայկական խմբավորումների անիմաստ ահաբեկչությունը, ինչպես նաեւ բազմաթիվ մահափորձեր, որոնց հետեւանքով զոհվեցին կամ վիրավորվեցին բազմաթիվ անմեղ մարդիկ, ինչը դատապարտվեց հայ ժողովրդի ճնշող մեծամասնության կողմից,

  1. նկատի ունենալով, որ իրարահաջորդ թուրքական կառավարությունների անհաշտ դիրքորոշումը Հայկական հարցի նկատմամբ ոչ մի կերպ չի նպաստել լարվածության թուլացմանը`
    1. Այն կարծիքն է հայտնվում, որ Հայկական հարցը, ինչպես նաեւ ազգային փոքրամասնությունների հարցը պետք է քննարկվեն Թուրքիայի եւ Եվրոպական Տնտեսական Համագործակցության միջեւ գոյություն ունեցող հարաբերությունների շրջանակներում. ընդգծում է, որ ժողովրդավարությունը կարող է արմատապես հաստատվել երկրում (Թուրքիայում) այն պայմանով միայն, եթե այդ երկիրը ճանաչի եւ հարստացնի իր պատմությունն իր էթնիկական եւ մշակութային այլազանությամբ»:

«12. Վճռականորեն դատապարտում է առանձին կազմակերպությունների կողմից ի գործ դրվող բոլոր բռնի գործողություններն ու ահաբեկչական ձեւերը, որոնք հատկանշական չեն հայ ժողովրդի համար, եւ հաշտության կոչ է անում հայերին ու թուրքերին»:

Մեր բացատրությունն ու փաստարկները։

Նախ եւ առաջ հստակեցնենք, որ հայ ժողովրդի նկատմամբ երեք եւ ավելի իրար հաջորդող թուրքական կառավարություններ 1894-ից մինչեւ 1923 թվականները, եւ դրանից հետո էլ, մինչեւ այսօր, իրականացրել եւ իրականացնում են պետական ահաբեկչության, հայատյացության, ցեղասպանության, բռնագաղթի, մշակութային ցեղասպանության ծրագրված գործողություններ։

Ինչպես նաեւ հստակեցնենք, որ 1920 թվականից հետո ցեղասպանված, բռնագաղթի ենթարկված, իրավազրկված հայ ժողովուրդը երկար ու ձիգ տարիներ հույսով սպասեց, որ մի օր կհիշեն ու կը ձեռնարկեն իր ոտնահարված իրավունքների վերականգմանը։ Իզուր սպասեց։ Եվ այն ինչ կատարվեց 1973-1986 թթ․ եւ ինչպես նշված է Բանաձեւում որպես «բռնի գործողություններ ու ահաբեկչական ձեւեր, որոնք հատկանշական չեն հայ ժողովրդի համար», իրականում թուրքական պետական ահաբեկչական մեքենայի, դրան պատկանող հաստատությունների եւ պաշտոնյաների դեմ ուղղված գործողություններ են, ազատագրական պայքար ձեռնարկելու, հայ ժողովրդի ոտնահարված ու անտեսված իրավունքները պաշտպանելու ու վերականգնելու փորձ։ Դա հայրենիքի ազատագրությանը նվիրված զինվորների հերոսական մարտն էր ահաբեկչական պետության դեմ։

Եւ ինչպես նշում է 1984 թ․ հունվարին Փարիզի երդվյալների ատյանում ընթացող «Չորսի դատավարության» պաշտպաններից Լեկլերկը․ «Ինձ կարող են հակաճառել, որ այս տղաները զինվորներ չեն, Հայաստանը եւ Թուրքիան չեն պատերազմում, իբր զինվորները միայն զենք կրելու, ամեն պահի սպանելու իրավունք ունեն: Նրանք կարող են փլատակների վերածել Դրեզդեն քաղաքը, Հիրոսիմայի վրա ռումբ նետելով, միլիոնավոր մարդկանց, այդ թվում եւ կանանց, երեխաների, սպանել: Իսկ Հայաստանը քանի որ այլեւս գոյություն չունի, «կանոնավոր» բանակ չի կարող ստեղծել:

Հիրավի` տարօրինակ տրամաբանություն է: Բայց չէ՞ որ Թուրքիան առանց պատերազմ հայտարարելու գնդակահարեց հայ տղամարդկանց, կոտորեց ծերունիներին, կանանց ու երեխաներին, հատուկենտ վերապրող որբերին նավերը լցրեց, օտար երկրներ արտաքսեց: Դուք` թուրքերդ, կարծում եք, որ այդքանը բավական է, պատերազմն ավարտված է: Բայց արդյո՞ք այն ավարտված է հայերի համար, որոնցից խլել են բնօրրանը, ովքեր ուզում են հարատեւել:

Ո´չ, այս տղաները ահաբեկիչներ չե´ն, հայ ժողովրդի զինվորնե´րն են, այն ժողովրդի, որը դիվանագիտական ներկայացուցիչներ, ըստ այդմ՝ պետությունների վրա ճնշում գործադրելու միջոցներ չունի, բայց ապրում է, գոյատեւում է մշակույթի, լեզվի, զավակների, ինչպես նաեւ հերոսների ու նահատակների շնորհիվ: Հատկապես` զինվորների´, որոնց այսօր դուք դատում եք: Եթե անգամ դատապարտեք, հիշեցե´ք, որ զինվորների´ եք դատապարտում»:

(https://hayrenater.livejournal.com/13115.html)

Այնպես որ, Բանաձեւում այդ տարիներին հայ երիտասարդների իրականացրած գործողությունները «անիմաստ ահաբեկչություն», «բռնի գործողություններ ու ահաբեկչական ձեւեր» որակելը այլ բան չի նշանակում, քան Թուրքիայի սանձազերծած պետական ահաբեկչության անթաքույց հովանավորչություն։

  • Բանաձեւում գրված է

«2. Գտնում է, որ ողբերգական իրադարձությունները, որ տեղի ունեցան 1915-1917թթ. Օսմանյան կայսրության տարածքում հայերի նկատմամբ, հանդիսանում են ցեղասպանություն, համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 1948թ. դեկտեմբերի 9-ին ընդունված «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին» Կոնվենցիայի:

Նշում է միաժամանակ, որ ժամանակակից Թուրքիան պատասխանատու չի կարող համարվել Օսմանյան կայսրության հայ բնակչության ողբերգության համար եւ ամենայն հաստատակամությամբ ընդգծում է, որ պատմական այդ իրադարձությունների ճանաչումը որպես ցեղասպանություն առիթ չի կարող հանդիսանալ քաղաքական, իրավական կամ նյութական որեւէ պահանջի այսօրվա Թուրքիայի նկատմամբ»:

Մեր բացատրությունն ու փաստարկները։

Սխալ ձեւակերպում։ Թուրքիայի Հանրապետությունը որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ պետություն կրում է իրավական եւ քաղաքական, տարածքային եւ նյութական հատուցման պարտավորություններ հայ ժողովրդի եւ Հայաստանի հանդեպ։

Նշենք դրանք։

Թուրքիայի Հանրապետությունը պարտավոր է ճանաչել ու դատապարտել Հայերի ցեղասպանությունը, ինչը Պոլսի ռազմական հատուկ ատյանը որպես մեղադրանքի երկրորդ կետ առաջադրել է երիտթուրք պարագլուխների 1919-1920 թթ․ դատավարության ժամանակ։

Թուրքիան պարտավոր էր ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի կայացման օրվանից, այսինքն՝ 1920 թ․ նոյեմբերի 22-ից հետո, ապառազմականացնելու այդ վճռով սահմանված տարածքը եւ այն հանձնելու Հայաստանին։ Այդ մասին նշված է եւ Սեւրի խաղաղության պայմանագրում, եւ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռում։

Թուրքիայի Հանրապետությունը պարտավոր էր եւ պարտավոր է հայ ժողովրդին հատուցել 19.130.982.000 ֆրանսիական ֆրանկ, ինչպես դա հաշվարկված ու ներկայացված էր Փարիզի խաղաղության վեյաժողովի փոխհատուցումների հարցով Հատուկ հանձնաժողովի կազմում ստեղծված Հատուկ հանձնախմբի 1919 թ․ ապրիլի 14-ի զեկույցում, որպես Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Հայաստանի կրած նյութական կորուստների հատուցում։

Ճիշտ է, այդ զեկույց — հաշվարկը ոչ մի դեպքում չի վերաբերում Հայերի ցեղասպանության ընթացքում հայ ժողովրդի կրած կորուստներին, այդ թվում՝ ոչ միայն նյութական, այսինքն՝ 1894-1923 թթ․ Հայերի ցեղասպանության՝ իրականացված Թուրքիայի իրարհաջորդ կառավարությունների կողմից եւ 1918-2016 թթ․ Հայերի ցեղասպանության՝ իրականացված Ադրբեջանի իրարհաջորդ կառավարությունների կողմից։

Թուրքիայի ու Ադրբեջանի իրար հաջորդող կառավարությունների հանցագործությունների եւ դրանց հետեւանքով հայ ժողովրդի ու Հայաստանի կրած կորուստների, եւ ոչ միայն նյութական, գնահատումն ու հաշվարկը դեռեւս ամբողջությամբ չի կատարվել եւ դրա վերաբերյալ դիմումնագրեր դեռ չեն պատրաստվել ու ներկայացվել միջազգային համապատասխան մարմիններին։

Բանաձեւում հիշատակված է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 1948թ. դեկտեմբերի 9-ին ընդունված «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին» Կոնվենցիան, սակայն չի հիշատակված ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 1968 թ․ նոյեմբերի 26-ին «Պատերազմի հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» Կոնվենցիան, որը, կարծում ենք, շատ լուրջ բացթողում է։

Ամփոփենք։ Ըստ էության, Եվրոպական խորհրդարանը շրջանցել ու անտեսել է այստեղ ներկայացված բոլոր այս փաստերն ու փաստաթղթերը եւ Հայկական հարցի լուծումը հանգեցրել է «Թուրքիայում հայ ազգային — կրոնական փոքրամասնության իրավունքների մասին» եւ Հայերի ցեղասպանության նկատմամբ «Թուրքիայի կողմից․․․ որպես հայերի նկատմամբ բարոյական իրավունքի վերականգման խորապես մարդկային ակտ»-ին հավասարազոր հարցերի։

  1. Բանաձեւում գրված է

«3. Պահանջում է (Եվրոպական) խորհրդից ճնշում գործադրել ներկայիս կառավարության վրա, որպեսզի վերջինս ճանաչի 1915-1917 թթ. հայերի հանդեպ կազմակերպված ցեղասպանությունը եւ այդպիսով նպաստի քաղաքական երկխոսության հաստատմանը Թուրքիայի եւ հայերի լիազոր պատվիրակների միջեւ»:

Մեր բացատրությունն ու փաստարկները։

Անհասկանալի ձեւակերպում է։ Եթե Հայկական հարցի լուծման ուղղությամբ 1918, 1919-1920 թթ․ հատուկ որոշումներ կայացվել են, ապա դրանք, վաղ թե ուշ, պետք է կյանքի կոչվեն եւ իրականացվեն։ Այդ դեպքում ո՞րն է իմաստը «քաղաքական երկխոսության հաստատման Թուրքիայի եւ հայերի լիազոր պատվիրակների միջեւ», եթե կայացված որոշումների իրականացումը բոլոր կողմերի համար ստեղծում է հաշտության բնականոն մի հատուկ վիճակ, քանի որ օրակարգից դուրս է բերվում կողմերից մեկի պատժից եւ հատուցումներից ամեն գնով խուսափելու ջանքն ու ցանկությունը։

Բանաձեւում գրված է

«10. Իր մտահոգությունն է հայտնում այն դժվարությունների առթիվ, որոնց առնչվում է Իրանի հայ համայնքը մայրենի լեզվի գործածության եւ կրոնական կանոններին համապատասխան կրթության գործը կազմակերպելու հարցում»:

Մեր բացատրությունն ու փաստարկները։

Կեղծ տվյալների վրա կառուցված ու սխալ ձեւակերպված միտք է։ Ի տարբերություն Թուրքիայի ու Ադրբեջանի հանրապետությունների, Իրանի Իսլամական Հանրապետությունը այն երկրներից է, որտեղ հայ համայնքը ապրում է կրթական, հոգեւոր, մշակութային, ազգային ու համայնքային լիարժեք կյանքով։ Հայկական մշակութային հուշարձաններն այդ երկրում գտնվում են պետական հոգացության ու պաշտպանության ներքո եւ շատ հաճախ վերանորոգվում ու վերականգնվում են պետական միջոցներից հատկացված գումարների հաշվին։

  1. Բանաձեւում գրված է

«11. Հանդես է գալիս ընդդեմ Խորհրդային Միությունում հայ ազգաբնակչության անհատական ազատությունների խախտումների»:

Մեր բացատրությունն ու փաստարկները։

Նախորդ կետի պես կեղծ տվյալների վրա կառուցված եւ սխալ ձեւակերպված միտք է։ Սովետական Միության մեջ, այդ թվում եւ Սովետական Հայաստանում, հայ քաղաքացիների անհատական ազատությունները սահմանափակվել են այնպես, ինչպես Միության անդամ բոլոր հանրապետությունների քաղաքացիներինը, այդ թվում՝ ռուսների։

Եթե հայերի նկատմամբ այդ ազատությունների սահմանափակումները երբեմն կրել են նաեւ այլ ծայրահեղ դրսեւորումներ, ապա դրանք կապված են հայերի ազգային — հայրենասիրական ձգտումներին միտումնավոր կերպով «ազգայնական» որակում տալուն, ինչպես դա թելադրված եւ ամրագրված է Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության կառավարության եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի միջեւ Մոսկվա, 16 մարտի, 1921 թ. կնքված պայմանագրի 8-րդ հոդվածում, որտեղ նշված է․

«Պայմանավորվող երկու կողմերը պարտավորվում են իրենց տարածքներում արգելել այնպիսի կազմակերպությունների եւ խմբերի առաջացումն ու գոյությունը, որոնք ունեն մյուս երկրի, կամ նրա տարածքի մի մասի կառավարության դերն ստանձնելու հավակնություն, ինչպես նաեւ պարտավորվում են իրենց տարածքներում արգելել այնպիսի խմբերի գոյությունը, որոնց նպատակն է պայքարը մյուս երկրի դեմ:

Ռուսաստանն ու Թուրքիան փոխադարձության պայմանով ստանձնում են նույնպիսի պարտավորություն նաեւ Կովկասի Սովետական Հանրապետությունների վերաբերմամբ»: (http://profil.am/?p=9302)

  • Բանաձեւում գրված է

«14․ Վավերացնում է իր պարտավորությունը` իրապես նպաստելու հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ բանակցությունների իրականացման նպատակը հետապնդող նախաձեռնություններին»:

Մեր բացատրությունն ու փաստարկները։

Այս հոդվածի միջոցով հասկանալի է դառնում Եվրոպական Միության շահագրգռությունը Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ Շվեյցարիայում նախաստորագրված Արձանագրությունների թեմայի եւ բովանդակության նկատմամբ։ Միայն թե նկատելի հակասություն կա Բանաձեւի որոշ հոդվածների եւ վերոնշյալ Արձանագրությունների մեջ տեղ գտած հոդվածներում։

Օրինակ, եթե Բանաձեւում նշվում է «պատմականորեն հաստատված Հայոց ցեղասպանությունը», ապա ինչպե՞ս եւ ինչո՞ւ է Հայերի ցեղասպանության հարցով «պատմաբանների հատուկ հանձնաժողով ստեղծելու առաջարկը» մտել Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ նախաստորագրված Արձանագրություններ։

  • Բանաձեւում գրված է

«15. Հանձնարարում է իր նախագահին` սույն բանաձեւը փոխանցելու (Եվրոպական պառլամենտի քաղաքական) հանձնաժողովին, Եվրոպական Խորհրդին, Եվրոպական Տնտեսական Համագործակցության անդամ երկրների արտաքին գործերի մինիստրների խորհրդակցությանը, «Եվրոպական Տնտեսական Համագործակցություն — Թուրքիա» ընկերակցության խորհրդին, ինչպես նաեւ Թուրքիայի, Իրանի եւ Սովետական Միության կառավարություններին եւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին»:

Սույն հայտարարության հասցեատերերը։

Եվրոպական խորհրդարանի 18 Հունիս 1987 թ․ ընդունած «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» Բանաձեւում տեղ գտած սխալ ու անընդունելի ձեւակերպումների եւ դրանք փոփոխելու ու վերախմբագրելու անհրաժեշտության մասին» Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) սույն դիմումը հասցեագրում եւ ուղարկում ենք՝

-Եվրոպական խորհրդարանի նախագահին, Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին, Եվրոպական Խորհրդին,

-ինչպես նաեւ Եվրոպական Միությանը մաս կազմող պետությունների խորհրդարաններին եւ կառավարություններին,

-նաեւ՝ ինչպես դա նշված Եվրոպական խորհրդարանի 18 Հունիս 1987 թ․ ընդունած «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» Բանաձեւի եզրափակիչ մասում՝ «Եվրոպական պառլամենտի քաղաքական հանձնաժողովին, Եվրոպական Տնտեսական Համագործակցության անդամ երկրների արտաքին գործերի մինիստրների խորհրդակցությանը, «Եվրոպական Տնտեսական Համագործակցություն — Թուրքիա» ընկերակցության խորհրդին, ինչպես նաեւ Թուրքիայի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարություններին եւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին։ 

Մաս 2-րդ 

Սույն Դիմումին որպես շարունակություն ներկայացվել են․

  1. Դիմումը պատրաստելու եւ Եվրոպական խորհրդարանին ներկայացնելու Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) իրավական — քաղաքական հիմքերը,
  2. Հայկական հարցի նախապատմությունը, 1918, 1919-1920 թթ․,
  3. Հայերին տրված իրավունքները (տրված 1918-1920 թթ․-ին) կյանքի կոչելու եւ իրականացնելու վերաբերյալ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) կողմից ՄԱԿ-ին եւ ՄԱԿ-ի Անտանգության խորհրդի մշտական անդամ պետություններին ուղղված չորս դիմումների մասին տեղեկատվությունը․
  • Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) դիմումը՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ, 25 մայիս 2018 թ.:
  • Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) դիմումը՝ կյանքի կոչելու եւ իրականացնելու Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) հաստատումը ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով սահմանազատված տարածքի վրա, 29 մայիս 2018 թ.:
  • Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) դիմումը՝ Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի տարածքների ապառազմականացման, այնտեղից Թուրքիայի Հանրապետության բռնազավթիչ ուժերը դուրս բերելու վերաբերյալ, 20 նոյեմբեր 2018 թ.։
  • Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) դիմումը՝ Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատումն իրականացնելու վերաբերյալ, 7 օգոստոս 2019 թ․։

 

Սույն դիմումի մասին որոշումը՝

«Եվրոպական խորհրդարանի 18 Հունիս 1987 թ․ ընդունած «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» Բանաձեւում տեղ գտած սխալների, վրիպումների եւ անընդունելի ձեւակերպումների, եւ այն խմբագրելու եւ վերաշարադրելու մասին»,

ընդունվել է Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման 2-րդ նստաշրջանում՝ 28 դեկտեմբեր 2019 թ․:

Ռադիկ Խամոյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Նախագահ

 

Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Վարչապետ

 

Արմեն Տեր-Սարգսյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

 5 դեկտեմբեր 2020 թ.