Հայաստան — Արցախ — Սփյուռք եռամիասնության պակասող չորրորդ բաղադիրչը

Հայաստան — Արցախ — Սփյուռք 25-ամյա համագործակցությունը բավական լուրջ հաջողություններ է արձանագրել ՀՀ պետականության ամրապնդման, Արցախի հայության ազատ ապրելու եւ ինքնորոշման իրավունքի պաշտպանության, Արցախի ու ՀՀ-ի անվտանգության ու պաշտպանության բաղադրիչի բարձրացման, Հայաստանի ու Արցախի տնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի ոլորտներում կատարված կարեւոր ներդրումների եւ աջակցության, Հայաստանի ու Արցախի ենթակառուցվածնքների վերականգնման ու զարգացման, ներքին սոցիալական ճնշման թուլացման եւ այլ ոլորտներում, որոնք նույնիսկ դժվար է ամբողջությամբ թվարկել:

Սակայն ընդհանուր տեսլականի անորոշությունը, ընդհանուր համահայկական օրակարգի բացակայությունը խիստ դանդաղեցնում, իսկ երբեմն էլ գրեթե լիովին արժեզրկում են արձանագրված առաջընթացը։

Միայն համահայկական օրակարգի կամ ազգային զարգացման ծրագրի առկայությունը կարող է կանոնակարգել եւ ներդաշնակության բերել հայության տարբեր հատվածների գործունեությունը՝ հնարավորություն տալով հայությանը ոչ թե լոկ գոյատեւել, այլեւ հաղթանակներ գրանցել։

Նշենք, որ Հայկական Հարցի սկզբնավորումից (1878 թ.) եւ Հայերի ցեղասպությունից (1894–1923 թթ.) հետո ընկած ժամանակահատվածում Հայկական Հարցի վերջնական կարգավորման նոր օրակարգ (համազգային ծրագիր) չի ձեւավորվել, բացառությամբ 1973-1985 թթ. նորագույն զինյալ-ազատագրական պայքարի գործունեության ու ծրագրի: Փոխարենը՝ արտերկրի հայության օրակարգում տեղական համայնքների կազմավորման, հայապահպանության, Հայերի ցեղասպանության ճանաչման եւ Խորհրդային Հայաստանի Հանրապետության ապագայի հետ կապված խնդիրներն էին: Խորհրդային Հայաստանի Հանրապետության օրակարգում Խորհրդային Հայաստանի Հանրապետության վերածննդի ու զարգացման, հայրենադարձության խնդիրներն էին: Հայաստանի Հանրապետության օրակարգում Արցախի հայության, Արցախի եւ Հայաստանի Հանրապետության անվտանգության, ագրեսիայի ու շրջափակման հաղթահարման, ինքնորոշման իրավունքի, ազատության եւ անկախության հաստատման ու պահպանման խնդիրներն են:

Եվ ինչպես 1980-ի վերջերին եւ 1990-ի սկզբներին հայ հասարակական-քաղաքական միտքը, մեծ հաշվով, պատրաստ չէր Հայաստանի Հանրապետության անկախության վերահաս իրողությանը, այնպես էլ այսօր այն պատրաստ չէ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (այդ թվում` Կիլիկիայի) անկախության անկասելի վերահաս իրողությանը:

Մինչդեռ հենց այս վերջին հարցն է, որ անկյունաքարային նշանակություն ունի հայության մյուս հատվածների թերի օրակարգերի ոչ լիովին կատարման համար։

Նախ եւ առաջ պետք է ընդունել, որ մենք գործ ունենք ոչ թե եռամիասնության, այլ քառամիասնության անհրաժեշտության հետ։ Բանն այն է, որ Մերձավոր Արեւելքում եւ հարակից տարածքներում առկա ժամանակակից մարտահրավերների պայմաններում Մերձավոր Արեւելքի հայ համայնքների կենսագործունեությունն այժմ էապես տարբերվում է ավանդական սփյուռք հասկացության կյանքի ու գործունեության բնականոն ընթացքից եւ ստանում է բոլորովին նոր սպառնալից իրողություն եւ հնչեղություն:

Մեզ՝ հայերիս համար իրավիճակը նոր չէ այն իմաստով, որ մերձավորարեւելյան մարտահրավերները մեզ համար սկսվել են դեռեւս 1975 թ. Լիբանանյան քաղաքացիական պատերազմի սկզբնավորումից ի վեր, ինչի արդյունքում Լիբանանի երբեմնի բարգավաճ 300 հազարանոց հայ համայնքն այսօր նվազել է մինչեւ 60 հազարի, դրա բացասական բոլոր հետեւանքներով հանդերձ: Վերջին տասնամյակներին Իրաքի 20 հազարանոց հայ համայնքը նվազել է մինչեւ չնչին ցուցանիշների, եթե այդպիսի ցուցանիշ դեռ կա: Սիրիայի 300 հազարանոց բարգավաճ համայնքը նվազել է մինչեւ մի քանի տասնյակ հազարի: Իրադարձությունների նման զարգացման եւ մարտահրավերների այսպիսի բարձր մակարդակի պահպանման պայմաններում հայտնի չէ, թե ինչ ճակատագրի են արժանանալու ոչ միայն Մերձավոր Արեւելքի մյուս հայ համայնքները, այլեւ Արեւմտյան Հայաստանում ապրող հայերը նույնպես:

Ուստի՝

  • նկատի առնելով վերջին տասնամյակներին Մերձավոր Արեւելքում եւ հարակից տարածքներում առկա նոր իրողություններն ու մարտահրավերները,
  • նկատի առնելով այն հանգամանքը, որ Մերձավոր Արեւելքում ապրող հայությունն իրականում 1894-1923 թթ. հայության նկատմամբ իրականացված ցեղասպանության ու բռնագաղթի հետեւանքով այնտեղ հաստատված հավաքականություն է,
  • նկատի առնելով, որ Մերձավոր Արեւելքում ապրող հայությունը Բնօրրան Հայրենիք վերադառնալու իրավունք ունի այն պայմաններով, ինչպես դրանք նշված են 1918-1920 թթ. կայացված մի շարք որոշումներում, այդ թվում՝ Ռուսաստանի Կառավարության Դեկրետում «Տաճկահայաստանի մասին», Սեւրի խաղաղության պայմանագրում, ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռում՝ Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի վերաբերյալ եւ այլ որոշումներում ու փաստաթղթերում,
  • նկատի առնելով, որ Մերձավոր Արեւելքում եւ Արեւմտյան Հայաստանում (ԱՀ) ապրող հայությունը ապրելու, զարգանալու եւ ապագա ունենալու իրավունք ունի, ինչպես դա սահմանված է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներով ու նորմերով,

պետք է Մերձավոր Արեւելքում եւ Արեւմտյան Հայաստանում ապրող հայությանը դիտել որպես Հայաստան — Արցախ — Սփյուռք եռամիասնության չորրորդ բաղադրիչ: Ընդ որում, համահայկական օրակարգը պետք է ձեւավորվի այնպես, որ նրանից դուրս չմնան հայության այս կամ այն հատվածների կենսական շահերին առնչվող խնդիրները։ Մինչդեռ մինչ այժմ հենց այդպես էլ արվել է, եւ գուցե հենց դա է այդ օրակարգերում ընդգրկված խնդիրների չլուծման պատճառը․․․

Օրինակները բազմաթիվ են, բայց մեր խոսքը հասկանալի դարձնելու համար մի քանի օրինակ բերենք․

  • Անկախության գաղափար՝ առանց մշակելու, թե անկախության հասնելուց հետո զարգացման ինչ ճանապարհ պետք է ընտրել
  • Հայապահպանության խնդիրներ՝ առանց ներգաղթի կամ գոնե հայության համահավաք ու ամբողջական ապրելու ծրագրի
  • Արցախի ազատագրում՝ առանց դիվանագիտական եւ իրավական ճանապարհով կատարվածի ամրապնդման մշակումների, կամ բանակցությունների Արցախի հակամարտության կարգավորման շուրջ, առանց ադրբեջանահայության տարրական իրավունքների պաշտպանությունն հաշվի առնելու․․․
  • եւ վերջապես Արեւմտյան Հայաստանի խնդիրը համահայկական օրակարգից դուրս թողնելու հարյուրամյա գործելակերպի․․․

Եթե վերը նշված մասերից երեքի օրակարգերի ձեւավորման դեպքում (ՀՀ, ԱՀ, Սփյուռք) մենք գործ ունենք գործողությունների անհամաձայնեցվածության, ոչ շատ հստակ ձեւակերպված նպատակադրումների, գաղափարական անորոշությունների, անհեռատես լուծումների կամ պարզապես սխալների հետ, ապա Արեւմտյան Հայաստանի խնդիրը պարզապես գրեթե բացակայում է օրակարգից։

Շատերի համար Արեւմտյան Հայաստանը համարվում է կորսված տարածք, եւ քչերը գիտեն, որ Հայաստան պետությունը որպես Հայկական պետություն ճանաչվել է Փարիզի վեհաժողովի կողմից դեռեւս 1920 թ.-ի հունվարի 19-ին: Շատերը չեն կարեւորում 1920-ին կայացված այն կարեւոր որոշումները, ըստ որի` Հայաստան պետության սահմանը Թուրքիայի հետ սահմանագծվել է ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից կայացված Իրավարար վճռով եւ որ այդ որոշումները առկա են Սեւրի պայմանագրի Հայաստանին վերաբերող հոդվածներում:

Ըստ էության, առ այսօր նույն միջազգային իրավա-քաղաքական դաշտում կայացված եւ գործող այդ որոշումները բավարար են, որպեսզի արդեն իսկ գոյություն ունենա Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան պետությունը):

Գոյություն ունեցող հակափաստարկն այն է, որ եթե ցեղասպանության հետեւանքով հայերն այդ տարածքներում չեն ապրում, ուրեմն Հայաստան պետության վերաբերյալ կայացված որոշումները կորցրել են իրենց այժմեականությունը: Սակայն այնտեղ ապրում են ազգային ինքնությունից հեռացած հայեր (Արեւմտյան Հայաստանի հայությունը տարբեր ուսումնասիրությունների համաձայն 1 միլիոնից մինչեւ 3 մլն, 5-ից մինչեւ 7-10 մլն է կազմում Արեւմտյան Հայաստանում ու Կիլիկիայում եւ նրանց հարակից տարածքներում), որոնք վերադառնում եմ իրենց ինքնությանը եւ, բացի դրանից, այնտեղ ապրում են այլ ժողովուրդներ եւս, որոնց իրավունքները նույնպես ոտնահարվում են առ այսօր: Հետեւաբար, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության հաստատումը Վիլսոնյան իրավարար վճռով որոշված սահմաններում նորից դառնում է այժմեական եւ կարող է տարածաշրջանում համընդհանուր խաղաղության եւ խաղաղ համագործակցության հաստատման բանալի ծառայել։

Այս տեսակետն են պաշտպանում 2004 եւ ապա 2013 թթ․ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ձեւավորած պետական կառույցները, այդ թվում` հաշվի առնելով Արեւմտյան Հայաստանի պետական կառույցներում առկա ներուժը (նախագահի ինստիտուտ, կառավարություն, խորհրդարան), ինչպես նաեւ Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժերի ձեւավորման գործընթացը: Հիշեցնենք, որ 2013-ին ամբողջ աշխարհում համացանցի միջոցով անցկացված խորհրդարանական ընտրություններին մասնակցեցին շուրջ 18 հազար քաղաքացիներ, աշխարհի 41 երկրներից, որոնք ընտրեցին 64 պատգամավոր:

Մեր կարծիքով, սա հենց այն պահանջված ձեւաչափն է, որը մինչ այժմ որեւէ կերպ չի գործածվել, եւ դատելով մի շարք կարեւոր պետությունների կողմից այս կառույցի նկատմամբ դրսեւորվող անթաքույց հետաքրքրությունից, պարզ է, որ հենց այս ձեւաչափն է միակ իրականն ու գործունը Հայկական Հարցի վերջնական եւ ամբողջական կարգավորման համար:

Եթե համեմատենք հայության տարբեր հատվածների կողմից առաջարկվող առաջնահերթ խնդիրները, ապա կտեսնենք, որ ընդհանուր հարցերի առկայության պարագայում դրանք իրարից խիստ տարբերվում են․․․

Հայաստանի Հանրապետություն.

  • Ներքաղաքական արդար եւ համաժողովրդական հավանության արժանացած համակարգի ստեղծում,
  • Պաշտպանողանակության բարձրացում,
  • Պետության ձեւի, սոցիալական կարգի տեսլականի ստեղծում եւ իրագործում,
  • Խառը սեփականության տնտեսության ստեղծում,
  • Ընտրական համակարգի արմատական բարելավում,
  • Արդարադատության համակարգի արմատական բարելավում:

Արցախի Հանապետություն.

  • Միջազգային ճանաչում,
  • Պաշտպանական ուժերի հզորացում,
  • Ինքնիշխանության պահպանում,

Արեւմտյան Հայաստանի Հանրապետություն.

  • Ճանաչման վերականգնում,
  • Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժերի ձեւավորման գործընթաց,
  • Ինքնության վերադարձ եւ հայապահպանում:

Սփյուռք.

  • Ինքնակառավարման համակարգի ստեղծում,
  • Կրթության եւ հայապահպանության հարցերի լուծում,
  • Հայկական ինքնության վերադարձ եւ հայապահպանում:

Հայությունը պետք է կարողանա իր մեջ ներուժ գտնել եւ այս խնդիրները միասնական օրակարգ դարձնել եւ համագործակցության մեխանիզմներ ստեղծելով միասնաբար լուծել, այլ ոչ թե ամեն մեկ հատվածին միայնակ թողնել իր խնդիրների հետ դեմ հանդիման։

Տիգրան Հարությունյան

Փիլիսոփայական գիտությունների թեկնածու

 14.04.2018 թ.