Մենք պարտավոր ենք հստակ դիրքորոշում ունենալ Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ, առաջին հերթին` ելնելով մեր արժեքներից եւ շահերից, եւ չթաքնվել դիվանագիտության ձայնի հետեւում:
Այս մասին Ֆրանսիայի Սենատում նոյեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի ճանաչման բանաձեւի քննարկումների ժամանակ հայտարարել է «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռետայոն: «Էրդողանի Թուրքիան ակտիվորեն ներգրավված է ղարաբաղյան հակամարտության մեջ, իրականացնում է էքսպանսիոնիստական, իսլամիստական քաղաքականություն: Այս ռեժիմն է, որ զինում է Ադրբեջանը եւ նաեւ հակամարտություններ հրահրում Լիբիայից մինչեւ Կովկաս: Սա հակասում է մեր շահերին եւ սպառնում է Եվրոպային:
Հասկանալի է, որ Էրդողանը ճանաչում է միայն ուժը, պատժամիջոցները եւ կոշտ գործողությունները: Մեր շահերը ոտնահարվել են Ղարաբաղում, քանի որ այնտեղ օգտագործվել են արգելված զենքեր, այդ թվում՝ խաղաղ բնակչության դեմ: Մենք պահանջում ենք միջազգային հետաքննություն, մենք պահանջում ենք պաշտպանել մշակութային եւ պատմական ժառանգությունը այս հողի վրա: Ալիեւը բոլոր հայերին շներ է անվանում: Ինչպե՞ս պետք է արձագանքենք դրան: Դավաճանել Հայաստանին, նշանակում է դավաճանել ինքներս մեզ: